Կրոնը որպես մնացորդային օրգա՞ն – Գրադարան – Mashtoz.org

Կրոնը որպես մնացորդային օրգա՞ն

Դոկինսի երրորդ մեծ սխալը (գիտական ու փիլիսոփայական ոլորտները շփոթելուց և դարվինիզմը որպես բնության ու մարդկության վերաբերյալ բոլոր հարցերի լիակատար լուծում ներկայացնելուց հետո) այն է, որ հավատքը ներկայացնում է որպես մի «վարակ», մի հիվանդություն, մտքի մի «մակաբույծ», ինչպիսիք են մրսածությունն ու ծաղկախտը: Նա անշուշտ մոռանում է բացատրել, թե էվոլյուցիոնիստական տեսանկյունից դիտված ինչպե՞ս կարող է բնական սելեկցիային հազարամյակներ շարունակ դիմադրած լինի – և ինչպիսի՜ ուժով ու հզորությամբ – մի այնպիսի հետամնաց ու անօգուտ, անտրամաբանական ու վնասակար մի գաղափար, ինչպիսին, Դոկինսի կարծիքով, Աստծո և արարչագործության գաղափարն է: Գրում է. «Կրոնը մսխող է, ուժերը ցրող, մինչդեռ դարվինյան սելեկցիան գտնում է վատնումը և այն վերացնում է»: Բայց ուրեմն, կյանքի համար մղվող պայքարում, միջավայրին հարմարվելու գործում, անսահմանափակ զարգացման ընթացքում, որին, Դոկինսի համաձայն, մարդկությունն ընդառաջ է գնում նաև բարոյական տեսակետից դիտված, ի՞նչ դեր է խաղում կրոնը: Ինչո՞ւ է շարունակում կենսունակ մնալ: Ինչո՞ւ չի մեռնում: Ինչո՞ւ է տևում հազարամյակներ ի վեր: Ինչպիսի՞ սելեկցիայի հետևանքում է այն ձևավորվել: Ինչի՞ է այն ծառայել անցյալում, եթե ճիշտ է, որ այլևս ոչնչի չի ծառայում:
Դոկինսը փորձում է բացատրել, միշտ սակայն մնալով գիտական ու փորձարարական ոլորտից դուրս: «Աստծո պատրանքը» գրքի 165րդ էջում գրում է. «Կրոնի տարածումը հավանաբար նշանակում է, որ այն օգտակար է եղել ինչ-որ մի բանի, որը ո՛չ մենք ենք, ո՛չ էլ մեր ծնողները: Կրոնը թերևս օգտակար է միայն կրոնական գաղափարներին և դրանք վարվում են գեներին նման եղանակով, այսինքն՝ որպես ռեպլիկատորներ»: Իսկ 168րդ էջում. «Կրոնի անմիջական պատճառը կարող է լինել ուղեղի ինչ-որ մի հանգույցի գերակտիվությունը»: 177րդ էջում առաջ է քաշում մի ա՛յլ վարկած. կրոնը, օգտակար գիտելիքների հետ միասին, անցնում է հորից որդուն. «Բնական սելեկցիայի արդյունքում, երեխաների ուղեղը հակված է հավատալու որևիցէ մի բանի, որ ասում են ծնողները և ցեղի տարեցները: Այդ վստահասիրտ հնազանդությունը շատ կարևոր է գոյապահպանման համար: [...] Դարվինյան գոյապահպանմանը կապված գերազանց պատճառների բերումով, մանկական ուղեղը կարիքն ունի վստահելու իր ծնողներին և այն անձանց, որոնց մասին ծնողներն ասում են, թե նրանց կարող ենք վստահել»: Իսկ 185րդ էջում. «Վարակն ընդունելով, մանուկն աճում է և հաջորդ սերունդներին վարակում է միևնույն անմտություններով, ինչպիսիք էլ որ դրանք լինեն»:
Նախևառաջ ուշադրության արժանի է Դոկինսի կողմից այնպիսի բառերի գործածումը, ինչպիսիք են «հավանաբար», «թերևս», «կարող է լինել», և այլն: Հարկավոր չէ հանճար լինել նկատելու համար, որ Դոկինսի մտքերը լիովին զուրկ են գիտական վստահությունից:
Բայց մի հարց տանք, ուրեմն: Ինչո՞ւ Խորհրդային Միությունում, յոթանասուն տարի շարունակ տիրող աթեիզմի մթնոլորտում, ուր կրոնական գաղափարը ո՛չ միայն չէր ավանդվում հորից որդուն, այլ նաև պետական մակարդակով ամեն միջոց գործադրվում էր կրոնը ամբողջովին արմատախիլ անելու համար, ինչպե՞ս պատահեց, որ կրոնը ո՛չ միայն չվերացավ, այլ ընդհակառակն՝ միշտ կենդանի մնաց, աթեիստ վարչակարգը վերացավ, իսկ կրոնը նոր վերելք է ապրում: Կամ ինչպե՞ս է հնարավոր դառնում աթեիստ ծնողների կողմից դաստիարակված անձանց դարձը հավատքին, իրենց կյանքի հասուն շրջանում, ինչպես վկայում են բազմահազար պատմություններ ողջ աշխարհում: Եթե իրոք անօգուտ է ու անտրամաբանական, ինչպե՞ս է կրոնի բնածին զգացումը շարունակում գոյություն ունենալ բնական սելեկցիայի և գիտական զարգացման հազարամյակներից հետո անգամ: Դոկինսն, անշուշտ, այս հարցերին չի անդրադառնում և պատասխան չի տալիս: Դե հասկանալի է, պատասխան պետք է ունենա, որ տա:
Կրոնն, ըստ նրա, մնացորդային օրգան է, որը մի ժամանակ ունեցել է իր նպատակը – ''հանճարեղ'' Դոկինսն անշուշտ չի ասում, թե ո՛րն է եղել այդ նպատակը – , բայց որն այլևս անօգուտ է, ոչնչի չի ծառայում – թեև առաջնորդում է միլիարդավոր մարդկանց ամենօրյա կյանքը: Ո՛չ միայն ոչնչի չի ծառայում, այլ ուղղակի վնասակար է, անխտիր որևէ տեսանկյունից դիտված: Եվ սակայն, եթե իր մտահամակարգում հետևողական լիներ, Դոկինսը պետք է որ համաձայնվեր Գիլբերտ Չեստերտոնի մտքին. փաստը, որ կրոնը գոյատևում է չնայած պատմության ընթացքում ի հայտ եկած բոլոր աթեիզմներին ու ''էվոլյուցիաներին'', «կատարյալ (թերևս միակ կոնկրետ) ապացույցն է այն բանի, որին [հենց իրենք՝ մատերիալիս էվոլյուցիոնիստներն] անվանում են ամենաուժեղի գոյատևումը»: Եթե բնական սելեկցիան գոյություն ունի, այն պահպանում է կրոնը, մինչ մեկը մյուսի ետևից մահվան գիրկն է ուղարկում բոլոր աթեիզմները:
Այս մտորումների նման, Դոկինսի գրքում առկա սխալները, խարդախությունները, կեղծիքները, առասպելաբանությունները, անխոհեմ թափառումները գիտական այնպիսի ոլորտներում, որոնց վերաբերյալ հստակ երևում է, որ Դոկինսը դրանց լիովին անտեղյակ է, անթիվ ու անհամար են: Արշավում է փիլիսոփայությունից մինչև պատմագիտություն, լեզվաբանություն, աստվածաշնչյան մեկնողական գիտությունների ասպարեզ, ամենուր ''փաստեր'' գտնելով ի նպաստ իր վարկածի: Հավանաբար նկատում և քաջ գիտակցում է, որ գիտական պսեուդո-փաստարկները, որոնք պետք է որ իր հաղթող խաղաքարտը լինեին, վճռորոշ, ապացուցված, անվիճելի գաղափարները բացարձակ կերպով անբավարար են և չեն կարող գոհացնել ոչ ոքի: Ուստի որոշում է դիմել ա՛յլ հնարքների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։