Գլուխ Գ. - ԻԴԵՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - ԻԴԵՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ

Գիտական և փիլիսոփայական հարթությունները, փորձարարական գիտությունը և բնության փիլիսոփայությունը շա՜տ հաճախ շփոթելուց և միմյանց խառնելուց հետո, Դոկինսի և ուրիշ բազմաթիվ մատերիալիստ էվոլյուցիոնիստների մեթոդոլոգիական երկրորդ, ամենատոկուն կերպով պնդված սխալը կայանում է նրանում, որ փորձում են դարվինիզմը ներկայացնել որպես տիեզերքի գոյության, բնության մեջ տիրող կարգուկանոնի, ներդաշնակության ու գեղեցկության վերաբերյալ ո՛րևէ հարցի սպառիչ պատասխան: Այդպես վարվելով, ցույց են տալիս իրենց իրական ինքնությունը. ներկայանում են որպես էվոլյուցիան ուսումնասիրող կենսաբաններ, մինչդեռ իրականում էվոլյուցիոնիզմի փիլիսոփաներ են:
Այս մասին Նիկոլա Աբբանիանոն գրում է, որ էվոլյուցիոնիզմ «եզրով հարկավոր է հասկանալ ո՛չ թե էվոլյուցիայի տեսությունը որպես կենսաբանական ուսումնասիրությունների հիմնական շրջանակ, այլ՝ ամբողջությունը փիլիսոփայական այն ուսմունքների, որոնք էվոլյուցիայի մեջ են տեսնում իրականության ո՛րևէ տեսակի կամ կերպի հիմնական նկարագիրը, և հետևաբար՝ իրականությունն իր բաղադրյալ ամբողջությամբ բացատրելուն հարմար սկզբունքը: Այլապես ասված, էվոլյուցիոնիզմը դա մետաֆիզիկական ուսմունք է: [...] Թեև օգտագործում է էվոլյուցիայի կենսաբանական տեսության վարկածներն ու արդյունքները, էվոլյուցիոնիզմի դրույթները անցնում են շա՜տ ավելի անդին այն ամենից, ինչը որ գիտական որևէ հնարավոր տեսություն կարող է հաստատել օրինավոր կերպով»:
Ահա հենց այս հորիզոնում է տեղ գտնում նաև Դոկինսը. էվոլյուցիայի կենսաբանական վարկածը գործածում է, որպեսզի հաստատի որպես դոգմա, թե աթեիզմը անհրաժեշտորեն, պատմականորեն, տրամաբանականորեն, գիտականորեն սերում է դարվինիզմից: Եթե դարվինիզմը ճիշտ է, գրում է նա շատ հաճախ, ուրեմն Աստված գոյություն չունի, Նրա անհրաժեշտությունը չկա, ամեն բան բացատրելի է ա՛յլ կերպ: Իրականում, սակայն, սա միայն իր միտքն է: Արդարև, որևէ էվոլյուցիա, հնարավոր ամենապատահականն անգամ, ենթադրում է նախ գոյությունն ինչ-որ մի բանի, որը կարող է էվոլյուցիայի ենթարկվել, և հետևաբար՝ էվոլյուցիան չի հիմնվում ինքն իր վրա և ինքն իրեն չի արդարացնում: Էվոլյուցիայի ենթարկվելուց առաջ, ինչ-որ մի բան նախ պետք է գոյություն ունենա:
Դոկինսը շատ լավ գիտի, որ իր խոսքերն ու մտքերը անցնում են էվոլյուցիայի տեսության սահմաններից անդին, և ընդունում է, որ Դարվինի մտերիմ ընկեր Թոմաս Հաքսլեյը (որն ինքն իրեն անվանում էր «Դարվինի գամփռը») նա է, ով ներմուծել է «ագնոստիկ» (անգիտապաշտ) եզրը հենց ընդգծելու համար, որ կենսաբանական բնագավառի իր համոզմունքները անհրաժեշտորեն չեն հանգեցնում փիլիսոփայական որևէ դիրքորոշման. ո՛չ թեիստական, ո՛չ էլ աթեիստական: Գիտենք նաև, որ Դարվինն ինքը, իր «Տեսակների ծագումը» գրքի վերջում Արարչի անունը հստակ մեջբերելուց հետո գործածում է հենց այդ «ագնոստիկ» եզրը ինքն իրեն սահմանելու համար: Իսկ պատմությունից և անթիվ վկայություններից շատ լավ գիտենք, որ Դարվինի հավատքի ճգնաժամը հետևանքն էր ո՛չ թե էվոլյուցիայի տեսության մշակման, այլ հատկապես՝ իր մանկահասակ դուստր Աննայի մահվան, մի դեպք, որը նրան խորապես ցնցել էր և հաճախ մղում էր նրան արտահայտելու ագնոստիկ բնույթի խիստ հոռետեսական մտքեր: Չնայած դրան, սակայն, 1879 թվականին Դարվինն ինքը, իր Ինքնակենսագրության վրա աշխատելիս, գրում է. «Մտքերս հաճախ ալեկոծվում են [...], բայց իմ ամենածայրահեղ ալեկոծումների մեջ անգամ երբեք աթեիստ չեմ եղել Աստծուն մերժելու իմաստով: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, բայց ո՛չ միշտ, իմ դիրքորոշումը կարող է առավել ճշգրիտ կերպով բնութագրվել ագնոստիկ եզրով»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։