Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. ռասսիզմը – Գրադարան – Mashtoz.org

Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. ռասսիզմը

Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերից մյուսը ռասսիզմն էր, Իլլումինիզմից ծնված մի «աշխարհիկ կրոն», ինչպես այն սահմանում է Ջորջ Մոսսը, մի իդեոլոգիա, որն էականորեն հիմնվում է կենսաբանական մատերիալիզմի վրա. «արյուն և հող», սա՛ էր նացիստների նշանաբանը, որով ընդգծվում է նյութական տարրերի գերակշռումը անմահ հոգու նկատմամբ: Արդարև, ռասսիզմը որպես ''գիտական'' իդեոլոգիա, որպես փիլիսոփայական հիմքի վրա համակարգված մտածողություն, մշակութային հեղափոխություններից առաջ երբեք գոյություն չի ունեցել քրիստոնյա Եվրոպայի պատմությունում: Ինչպես ընդգծում է ռասսիզմի հայտնի պատմագետ Լեոն Պոլիակովն իր «Արիական առասպելը» գրքում, սերտ փոխկապակցվածություն գոյություն ունի իլլումինիստական մտքի և ռասսիզմի ծնունդի միջև: Բավական է հիշել «հանդուրժողության առաքյալ» անվանված Վոլտերին, որի համար քրիստոնեական գաղափարը, որի համաձայն՝ ամբողջ մարդկությունը սերում է Ադամից ու Եվայից, այսինքն՝ որ բոլորս «եղբայրներ» ենք, բացարձակապես հակագիտական, գերազանցված անմտություն է: Աստվածաշնչյան մոնոգենիզմը, որով ինքնըստինքյան բացառվում է որևէ ռասսիզմ, Վոլտերը փոխարինեց պոլիգենիզմով, այսինքն գաղափարով, որի համաձայն՝ մարդկային տարբեր ցեղախմբերը սերում են բազմաթիվ և միմյանցից տարբեր նախահայրերից: «Պոլիգենիստական տեսությունը», բացատրում է Ֆրանչեսկա Քասթրադորին, «եվրոպացուն լիովին ազատում է աֆրիկացու հետ եղբայրությունից»: Իր այդ տեսության տրամաբանական եզրակացությունները Վոլտերը գրի է առել իր «Մենագրություն մետաֆիզիկայի մասին» (1736) և «Ուսումնասիրություն ազգերի սովորույթների և հոգու մասին» (1756) աշխատություններում. ինչ էլ որ այդ մասին ասի «երկար ու սև զգեստ հագած մարդը [այսինքն, քահանան], մորուքավոր սպիտակամորթները, գանգուր մազերով սևամորթները, մազերը հյուսած ասիացիները և անմորուս մարդիկ չեն սերում միևնույն մարդուց»: Ահա այսպիսին է Վոլտերի ու նմանների միտքը. մարդկանց տարբերությունները տեսնում են վարսահարդարման հիմքի վրա: Վոլտերն իր մտքերը շարունակում էր՝ տեղադրելով սևամորթներին սանդղակի ամենացածր աստիճանի վրա, սահմանելով նրանց որպես անասուն կենդանիներ և ցույց տալով, որ հավատում է առասպելական այն մտքին, թե սևամորթ կանայք զուգավորվել են կապիկների հետ. սպիտակամորթներին, մինչդեռ, համարում էր «այդ սևամորթներից բարձրակարգ, ինչպես սևամորթներն իրենք բարձրակարգ են կապիկներից, իսկ կապիկները՝ ոստրեներից»: Այս մտորումներից մեկնելով, հասնում էր ապա եզրակացությունների, որոնցով ''բնական'' արդարացումներ էր գտնում ստրկատիրության և կոլոնիալիզմի համար. ևս երկու ֆենոմեններ, որոնք ոչ մի կապ չունեն Քրիստոնեության կրոնական գաղափարականի հետ: Բավական է հիշել Հռոմի Սրբազան Քահանայապետ Պողոս Երրորդի 1537 թվականին հրապարակած մեծաշուք Կոնդակը, որին հետագայում հաջորդեցին Եվգենիոս Չորրորդի և Ուրբանոս Ութներորդի Կոնդակները, երբ կոլոնիալիզմն իր արշալույսն էր դեռ ապրում: Այդ Կոնդակներում Քահանայապետը «հաստատում էր բոլոր մարդկանց, ներառյալ նաև բնիկների, հավասար բանականության և հետևաբար՝ լիակատար հավասարության ու արժանապատվության սկզբունքը, դատապարտելով ստրկատիրությունը», այդպիսով ուժգին բախվելով աշխարհիկ իշխանությունների հետ: Անգլիացի թագավորները, մինչդեռ, որոնք բռնությամբ անջատել էին Անգլիական Եկեղեցին Հռոմից և այն ենթարկել էին իրենց քաղաքական իշխանությանը, խրախուսում էին ստրկատիրությունը և պաշտպանում էին այն տեսությունը, որի համաձայն՝ բնիկները հոգի չունեն: Հետագայում անգլիացիները մեծ հմտությամբ ստեղծեցին մի սև առասպել և իրենց մեղքերը բարդեցին Եկեղեցու վրա, տգետ ամբոխների մեջ տարածելով համոզումը (նաև մի շարք ֆիլմերի արտադրությամբ), թե իրականում Եկեղեցին ինքն է խրախուսել ստրկատիրությունը[1]:
Բայց Վոլտերն անշուշտ միակ իլլումինիստը չէ, որ իր նպաստն է բերել ռասսիզմի ծնունդին: «Ամենազարգացած կենդանուն՝ կապկին կցվում է մարդու ցածրակարգ համարվող տեսակը՝ սևամորթը: Սպիտակամորթ եվրոպացու համար, հիրավի, սևամորթը քարշ գալով ապրում է մի կիսագազանային կյանք, որին ամբողջովին օտար են բանական միտքն ու քաղաքակիրթ հասարակությունը»: «Հանրագիտարանի» սույն հոդվածը, որն այդ հարցի շուրջ գրել են Դիդրոն ու Դ'Ալամբերը, նախապաշարումների ու առասպելաբանությունների գլուխգործոց է. սևամորթները ներկայացվում են որպես պակասավոր, ախտակիր, մոլի արարածներ, որոնք «ավելի շատ հակված են անառակությանը, վրիժառությանը, գողությանը, ստախոսությանը»[2]: Անշուշտ պատահական չէ, որ Դիդրոն այն աթեիստ իլլումինիստն էր, որը մարդուն սահմանել էր որպես պատահականության զավակ, «հնարավոր թվերից մեկը». ինչպես պատահական չէ, որ ռասսիզմի մյուս երկու խրոխտ տեսաբաններն էին անգլիացի աթեիստներ Հոբսն ու Հյումը:
Ռասսիզմը այդ առաջին ուրվագծումներից հետո, հետագայում ևս սնվելու էր կյանքի շուրջ տեսականորեն կամ գործնականորեն բացարձակապես աթեիստական տեսություններով, որոնց մտահորիզոնում ոչ մի տեղ չկա յուրաքանչյուր անհատ անձի Արարիչ Աստծո համար, այլ միայն՝ ''բարձրակարգ'' ու ''ցածրակարգ'' ժողովուրդների գոյության, արյան, վայրերի, մաշկի գույնի, գանգերի ձևի ու չափսի (ֆրենոլոգիա), բնական ու գենետիկական նախատրամադրվածությունների և մարդու վրա ազդող միջավայրերի համար, որոնք նկատվում են գերակա, քան նրա ազատությունը: Կրկին Պոլիակովն է նշում, որ ռասսիզմի առաջին տեսաբանները, որոնք մեծավ մասամբ դետերմինիստներ, այսինքն՝ մարդու ազատ կամքի գոյությունը մերժողներ և պոլիգենիստներ էին, հաճախ մեկնում էին Աստվածաշնչի ծննդաբանական պատմության բացահայտ քննադատումից, հասնելու համար կյանքի արտահայտություններն ու բանականությունը ֆիզիկական գործոններով բացատրելուն, մատերիալիստական տեսանկյունից դիտված՝ հոգեբանությունը ֆիզիոլոգիայի վրա հիմնելուն, այդպիսով լիովին դատարկելով հոգեբանությունը կրոնական գործոններից: Նույն հեղինակը նաև հաստատում է, որ «մարդուն որպես Աստծո պատկերով ստեղծված արարած նկատելու մերժումն» էր հիմնականում գտնվում «Տասնիններորդ դարի դետերմինիստական և ռասսիստական մտահամակարգի հիմքում»: Արդարև, «քրիստոնեական ավանդությունը ''հակառասսիստական'' և ''հականացիոնալիստական'' է», և՛ մարդու վերաբերյալ ունեցած իր գաղափարի ու ընկալման, և՛ մարդկության միության ու միասնականության ուսմունքի պատճառով: Դրա համար է, որ «Եկեղեցու մարդաբանությունը» ռասսիստական տեսությունների դեմ միշտ էլ խաղացել է «հզոր արգելակի դեր»[3]:
Պոլիակովն իր նշանավոր ուսումնասիրությունն ավարտում է հիշեցնելով, որ արիական առասպելի հրապույրը մասամբ հիմնվում էր աստվածաշնչյան մարդաբանությունից հեռանալու ցանկության վրա. «Արիական տեսությունն, ուստի, մաս է կազմում հակաեկեղեցական ավանդությանը և մարդկային գիտությունների առաջին փորձերից մեկն է, որոնք ջանալով հիմնել իրենց մեթոդները ճշգրիտ գիտությունների մոդելի վրա, այդ դարաշրջանում գործի էին անցնում իրենց մեքենայական ու դետերմինիստական փակուղու ներսում»[4]: Փաստն այն է, որ պոզիտիվիստական, այսինքն՝ աթեիստական կաղապարի ''գիտական'' մշակույթը Տասնիններորդ դարի երկրորդ կեսին մշակել էր ցեղերի մի տեսություն, որի համաձայն՝ ցեղերից յուրաքանչյուրին վերագրվում էին կենսաբանական տարբեր հիմքեր, որոնցով սահմանվում էին տարբեր վարվելակերպերը, նաև բարոյական և սովորույթների տեսանկյունից դիտված: Մարդուն ամբողջովին իջեցնելով անասնական մակարդակի, չընդունելով նրա համար ուրիշ որևիցէ ա՛յլ, այսինքն՝ հոգևոր բնություն, այդպիսով սահմանափակելով մարդու էությունը սոսկ կենսաբանության սահմաններում, անխուսափելի էր դառնում եզրակացությունը, որի համաձայն՝ ժողովուրդների միջև գոյություն ունեցող բոլոր տարբերությունները կապակցվում էին սոսկ կենսաբանական բնույթի բարձրակարգությունների կամ ցածրակարգությունների:
Այդ մշակույթի ձևավորմանը կամա թե ակամա նպաստեցին նաև Չարլզ Դարվինի և Թոմաս Հաքսլեյի նման անձինք, որոնց մասին արդեն ասել ենք, որ իրենք իրենց համարում էին «ագնոստիկներ», ո՛չ աթեիստներ, բայց որոնք, իրենց մտորումներից շատերում, բացարձակապես փակագծերի մեջ էին դնում Հայր Աստծո, բոլոր ժողովուրդների Արարչի գաղափարը, և նախընտրում էին մարդու վերաբերյալ ներկայացնել գործնականում մատերիալիստական ընկալում: Դարվինն, օրինակի համար, գրում է (ինքը նույնպես, գիտակից կամ անգիտակից կերպով, հեռանալով գիտնականի դերից և խորանալով փիլիսոփայության և մարդու վերաբերյալ տեսաբանական մտորումների ոլորտի մեջ). «Ընդհանուր առմամբ տիրում է այն կարծիքը, թե կինը տղամարդուն գերազանցում է հետևողության, արագ հասկացողության և թերևս նաև բնազդային ընկալման հարցում, բայց այդ կարողություններից գոնե ոմանք բնորոշ են ցածրակարգ ցեղերին և, հետևաբար, քաղաքակրթության առավել ցածր և այլևս արևամուտ ապրած աստիճանի: Երկու սեռերի մտային կարողությունների գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ տղամարդը ավելի հեռուն է հասնում, քան կինը, ինչպիսի՛ գործ էլ որ ձեռնարկի, անկախ այն հանգամանքից, թե այդ գործի համար պահանջվում է խորիմաց միտք, կամ բանականություն, երևակայություն, կամ պարզապես՝ ձեռքերի ու զգայարանների գործածում: [...] Այս կերպ է, որ տղամարդն ի վերջո դարձել է կնոջից առավել բարձրակարգ»[5]: Իր այս մտքին որպես ծանոթագրություն Դարվինը մեջբերում է մատերիալիստ Վոգթի բավական ռասսիստական մի նախադասություն. «Նշանակալի պարագաներից մեկն է այն, որ երկու սեռերի միջև տարբերությունը, այնքանով, որքանով վերաբերվում է գանգի խոռոչին, ավելանում է ցեղի զարգացման աստիճանին համապատասխան, այնպես, որ եվրոպացի տղամարդը եվրոպացի կնոջը գերազանցում է ավելի, քան սևամորթ տղամարդը՝ սևամորթ կնոջը»: Թոմաս Հաքսլեյը, Դարվինի սերտ ընկերն ու պաշտպանը, իր հերթին հաստատում է. «Փաստերին ծանոթ ոչ մի բանական մարդ չի կարծում, թե սևամորթ միջին մարդը հավասար կամ նույնիսկ գերազանց է սպիտակամորթ մարդուն: Եթե սա ճիշտ է, ուրեմն բացարձակապես անհավատալի է, որ նրա կյանքի բոլոր աննպաստ պայմանների վերացման և առանց հարստահարողների, հավասարության պայմաններ ստանալու դեպքում իսկ մեր առաջածնոտ ազգականը կկարողանա մրցել իր ավելի մեծ ուղեղ և նվազ արտահայտված ծնոտ ունեցող մրցակցի հետ, մի մրցարշավում, որը կատարվում է մտքերի և ո՛չ թե կծելու հիմքի վրա: Քաղաքակրթության ամենաբարձր աստիճանները երբեք հասանելի չեն լինի մեր սևամորթ զարմիկներին»[6]: Հստակ երևում է, երկուսի դեպքում էլ, թե ինչպես է ռասսիզմը հիմնվում սոսկ նյութական տարրերի վրա, ինչպիսիք են գանգի խոռոչի և ուղեղի ընդարձակությունն ու ծավալը: Իսկ թե ի՛նչ կապ կարող է գոյություն ունենալ ծնոտի ձևի և քաղաքակրթության աստիճանի միջև, միայն մատերիալիստ էվոլյուցիոնիստները կարող են հասկանալ:
Մարդկային բնությունը նյութական նեղ սահմաններում փակող այս տեսությունը բնորոշ էր առաջին դարվինիստներից ևս մեկին, նա նույնպես Դարվինի ընկերներից. Էրնսթ Հեկքելը, որը 1905 թվականից անդամակցում էր Ցեղային Մաքրության Միջազգային Ընկերությանը, որի նպատակն էր «խթանել սպիտակամորթ ցեղի որակական» զարգացումը[7]: Հեկքելի համոզմամբ, դարվինիզմը դա հին պանթեիստական մոնիզմի հաստատումն էր, ինչպես նաև՝ «անձնական հոգու անմահության հնացած դոգմայի» և Արարիչ Աստծո հանդեպ հավատքի հերքումը: Իր տեսակետները ''փաստելու'' համար Հեկքելը երբեք չվարանեց դիմելու շարունակական խարդախումների ու կեղծարարության մեթոդին, միշտ պատրաստ՝ գիտության դեմ գործելու և «քրեացիոնիզմի» մեջ մեղադրելու բոլոր նրանց, ովքեր դիմակազերծում էին իր կեղծիքները: Օրինակ, «ապացուցելու համար, որ մարդու, կապիկի և շան սաղմերը միմյանցից չեն տարբերվում, Հեկքելը հրապարակել էր երեք նկար, որոնցում պատկերված էին այդ երեք սաղմերը: Դրանք այնքան էին միմյանց նմանվում, որ իրոք ոչ մի տարբերություն չէր նկատվում: Տարբերություններ, անշուշտ, չէին էլ կարող նկատվել. միևնույն շան սաղմն էր, երեք անգամ կրկնված»: Մի ուրիշ առիթով «հայտնաբերեց և ճշգրիտ կերպով թվարկեց այն քսաներկու օղակները, որոնք ''մոներայից'' (անուն, որն ինքն էր տվել սկզբնական տարրական կենդանիների, որոնք իրականում երբեք գոյություն չեն ունեցել) հասնում էին մինչև մարդուն». ավելորդ է ասելը, որ բոլորն էլ իր վառ երևակայության արդյունքն էին[8]:
Բայց նա, ով վճռորոշ կերպով պաշտոնականացրեց ռիդուկցիոնիստական այդ մտահամակարգը, այն, այսպես ասած, դարձնելով գործուն, եղավ Դարվինի զարմիկ Ֆրանսիզ Գալթոնը, որն հանդիսանում է, ինչպես կտեսնենք հետո, արդի էուգենետիկայի հիմնադիրը, որի համաձայն՝ այն ամենն, ինչ մարդը է, նախասահմանված է իր գեների կողմից, որոնք որոշում են նաև նրա հարուստ կամ աղքատ, ազնիվ կամ անազնիվ լինելը[9]:
Հիտլերի ռասսիստական տեսության մեջ նույնպես ամեն բան սահմանվում է ֆիզիկական ու կենսաբանական հատկություններով. Արիացիների կողմից «հիմնված մշակույթները գրեթե միշտ նախասահմանված են աշխարհագրական տեղանքով, կլիմայով և նվաճված ցեղերով»: Հարկավոր է ուշադրություն դարձնել գործածված բային. նախասահմանված են: Է՛լ ավելի ակնհայտ կերպով ցույց տալով կրիմինոլոգիայի, ֆրենոլոգիայի, պոզիտիվիստական ու լոմբրոզիանական անտրոպոմետրիայի և նացիզմի միջև գոյություն ունեցող կապը, անհատ մարդկանց մասին խոսելիս Հիտլերը կենտրոնում դնում էր ներքին հակումները, տեղ չթողնելով ազատության, բարոյական աճի, հոգու համար, ճիշտ ինչպես թելադրում էին Քոմթի և Զոլայի պոզիտիվիստական ու մատերիալիստական դետերմինիզմի դոգմաները. «Ակնհայտ է, որ անհատի բնորոշ հատկությունները նրանում բնածին են. ով էգոիստ է, միշտ այդպիսին է մնում. ով իդեալիստ է, այդպիսին կլինի միշտ [...] : Հանցագործ ծնվածը միշտ հանցագործ կմնա»[10]:
Հիտլերի մտքերին պատասխանելու էին Սրբազան Քահանայապետներ Պիուս Տասնմեկերորդը իր «Mit brennender Sorge» Կոնդակով, որի մասին արդեն խոսել ենք, և Պիուս Տասներկուերորդը 1939 թվականին հրապարակված «Summi pontificatus» Կոնդակով, որով Սրբազան Քահանայապետն ընդգծում էր այն հիմնական սխալը, որ կայանում է մոռանալու կամքի մեջ «մարդկային համերաշխության և սիրո այն օրենքը, որը մեզ թելադրում և պարտադրում է [...] բոլոր մարդկանց մեջ բանական բնության համընդհանուր ծագման և հավասարության փաստը, ի՛նչ ազգության էլ նրանք պատկանելու լինեն», քանի որ բոլոր ժողովուրդներն էլ ծնվել են Աստծուց և նախածնողների միևնույն զույգից: Հարկավոր է, շարունակում էր Պապը, «մարդկային զարմը դիտել Աստծո մեջ համընդհանուր ծագման միության մեջ, [...] մարդկային բնության միության մեջ, որը բոլորի մեջ հավասարապես կազմված է նյութական մարմնից և ոգեղեն ու անմահ հոգուց. անմիջական վախճանի և աշխարհում նրա առաքելության միության մեջ. բնակավայրի՝ երկրի միության մեջ, որի բարիքներից բոլոր մարդիկ կարող են վայելել ըստ իրավունքի. [...] գերբնական վախճանի միության մեջ, որն Աստված Ինքն է, որին բոլորը պետք է ձգտեն. այդ վախճանին հասնելու միջոցների միության մեջ. [...] Աստծո Որդու հետ հարաբերությունների միության մեջ. [...] Նրա կողմից պարգևված փրկության միության մեջ, որը Քրիստոսն ի կատար ածեց բոլորի համար»:
[1] M. Viglione - E. Nistri - R. De Mattei, Alle radici del domani, vol. 2, Sedes, Milano 2004, p. 74. Կարդանք նաև այն, ինչ ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ Ռոդնիյ Սթարքը գրում է իր «Բանականության հաղթանակը» գրքում (La vittoria della ragione, Lindau, Torino 2006, pp. 299-300). իր «Sicut dudum» Կոնդակում, Եվգենիոս Չորրորդ Քահանայապետը «ստրկատիրությանը որևիցէ կերպ մասնակցած անձանց շնորհում էր Կոնդակը ստանալու պահից տասնհինգ օր, որպեսզի ''նախնական ազատության վիճակին վերադարձնեին երկու սեռերին էլ պատկանող բոլոր անձանց, որոնք նախապես բնակվում էին վերոհիշյալ Կանարյան կղզիներում'': Չհնազանդվողները պատժվելու էին բանադրանքով»: 1537 թվականին «Պողոս Երրորդ Քահանայապետը հրապարակեց երեք Կոնդակ ընդդեմ Նոր Աշխարհում կիրառվող ստրկատիրության: [...] Առաջինում հանդիսավոր կերպով պնդում էր, որ ''հնդիկները նույնպես իրական մարդիկ են'', հետևաբար ''մեր Առաքելական Իշխանությամբ վճռում ու հայտարարում ենք, որ հնդիկները և մյուս բոլոր ժողովուրդները, նույնիսկ եթե չեն պատկանում մեր կրոնին, [...] չպետք է զրկվեն իրենց ազատությունից կամ իրենց ունեցվածքներից''»: Պապական Կոնդակները բազմաթիվ դրական հետևանքներ ունեցան, ինչպես ցույց եմ տվել իմ «Աստված, այդ անծանոթը» աշխատությունում, բայց աշխարհիկ իշխանությունները հաճախ ամեն բան անում էին, որպեսզի զրոյացնեին դրանց արդյունքները. «1639 թվականին Ուրբանոս Ութներորդը մի Կոնդակ հրապարակեց, որով վերահաստատում էր այն բանադրանքը, որը Պօղոս Երրորդը արձակել էր ստրկատիրությանը որևէ կերպ մասնակցած անձանց դեմ: [...] Պետք է հիշենք նաև, որ Նոր Աշխարհի աշխարհիկ իշխանություններն արգելել էին հրատարակել ստրկատիրության դեմ գրված այդ Կոնդակները, ինչպես նաև Քահանայապետական ուրիշ որևէ Կոնդակ կամ վավերագիր: Հրատարակելու համար պահանջվում էր թագավորի համաձայնությունը, որն այդպես էլ երբեք չտրվեց: Երբ Հիսուսյան Միաբանության վարդապետները Ուրբանոս Ութներորդ Պապի Կոնդակը հրապարակավ ընթերցեցին առանց աշխարհիկ իշխանությունների արտոնությունը ստանալու, Ռիո Դե Ժանեյրոյում սանձազերծվեցին ավազակային հարձակումներ, որոնց պատճառով թալանվեց նրանց վարժարանը և բազմաթիվ վարդապետներ տարբեր աստիճանի վերքեր ստացան: Սանտոսում, կատաղած ամբոխը գետին տապալեց Հիսուսյանների Ընդհանուր Տեղապահին, երբ նա փորձեց հրապարակել Քահանայապետական Կոնդակը: 1767 թվականին Հիսուսյան Միաբանությունը բռնի արտաքսվեց Նոր Աշխարհից, որովհետև շարունակում էր ընդդիմանալ ստրկատիրությանը և մեծ հաջողությամբ հիմնել էր միայն բնիկներից բաղկացած, նշանակալիորեն զարգացած մի համայնք»:
[2] F. Castradori, Le radici dell’odio, Xenia, Milano 1991, pp. 52, 53; M. Marsilio, Razzismo, un’origine illuminata, Vallecchi, Firenze 2006.
[3] L. Poliakov, Il mito ariano, Editori Riuniti, Roma 1999, pp. 245, 246, 370, 371; G. Mosse, Il razzismo in Europa, Mondadori, Milano 1992.
[4] L. Poliakov, Il mito ariano, Editori Riuniti, Roma 1999, pp. 372, 375.
[5] C. Darwin, L’origine dell’uomo, Newton, Roma 1994, pp. 936, 937.
[6] Մեջբերված է Ռ. Դոկինսի կողմից հետևյալ գրքում. R. Dawkins, L’illusione di Dio, Mondadori, Milano 2007, p. 263.
[7] L. Poliakov, Il mito ariano, Editori Riuniti, Roma 1999, p. 337.
[8] F. Di Trocchio, Le bugie della scienza, Mondadori, Milano 1993, pp. 254, 256.
[9] Գալթոնի մասին Դոկինսը մեծագույն խանդավառությամբ խոսում է իր գրքի 68րդ էջում, ասելով, թե նա առաջինն էր, որ «գիտական մեթոդներով» ապացուցեց, որ աղոթելն անիմաստ է: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ''շատ խելացի'' Դոկինսն ի՞նչ է հասկանում այդ գիտական մեթոդների անվան տակ: Արդյո՞ք Գալթոնը ինչ-որ մի լաբորատորիայում հավաքել էր որոշ քանակի աղոթքներ, տարրալուծել էր դրանք, կատարել փորձարկումներ, որոնց փորձարարական արդյունքների հիման վրա եզրակացրել էր դրանց անօգուտությունը: Ահա այսքա՛ն է այդ հռչակավոր աթեոլոգների և իրենց համոզված հետևորդների լրջության աստիճանը:
[10] A. Hitler, Mein Kampf, La Lucciola, Albairate 1992, p. 39.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։