01-09. Սերմնացանի առակը – Գրադարան – Mashtoz.org

01-09. Սերմնացանի առակը

→ Մտթ 13, 1-9; Ղկս 8, 4-8
⁓ Մրկ 2, 13
 
1Եվ Նա նորից սկսեց ուսուցանել ծովեզերքին: Եվ Նրա շուրջը մի վիթխարի բազմություն հավաքվեց, այնպես՝ որ Նա նավակի վրա բարձրացավ ու այնտեղ նստեց, մնալով ծովի վրա, իսկ ողջ ժողովուրդը ցամաքին էր, ծովին մոտիկ: 2Եվ Նա առակներով շատ բաներ էր ուսուցանում նրանց, և ուսուցանելիս ասում էր.
3«Լսեցե՛ք: Ահա՛, սերմնացանը դուրս ելավ սերմանելու: 4Եվ մինչ սերմանում էր, այնպես պատահեց, որ մի մասը ճանապարհի եզրին ընկավ և թռչունները եկան ու խժռեցին այն: 5Մի ուրիշ մասը քարքարոտ տեղ ընկավ, որտեղ շատ հող չկար, և իսկույն ծլեց, քանի որ հողն այդտեղ խորը չէր. 6բայց երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ: 7Մի ուրիշ մասը փշերի մեջ ընկավ. փշերն աճեցին ու խեղդեցին այն, և պտուղ չտվեց: 8Մի ուրիշ մասն էլ լավ հողի վրա ընկավ, և ծլելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկ՝ երեսուն, մեկ էլ՝ վաթսուն, մեկ էլ՝ հարյուր»: 9Եվ ասում էր. «Ով ականջ ունի՝ հասկանալու համար, թող հասկանա»:
4, 1 - «ծովեզերքին». Հուն. «παρὰ τὴν θάλασσαν» - «պառա տեն թալասսան»։ Հնարավոր է թարգմանել ծովին մոտ, ծովի երկայնքին, ծովին հանդիպակաց: «Ծովի երկայնքին» տարբերակը տալիս է ծովափին ճեմելով ուսուցանելու գաղափարը, իսկ «ծովին հանդիպակաց»ը՝ ծովի դիմաց գտնվող ինչ որ մի վայրում, որտեղից տեսարան է բացվում ծովի վրա: Բոլորն էլ հնարավոր, ընդունելի և գեղեցիկ պատկերներ են: – «Ծով» եզրի աստվածաշնչյան այլաբանական իմաստի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 14, 25+-ի երրորդ մասը: ꟷ
- Մինչ «լեռը» Հիսուսի կողմից նախասիրված վայրն էր աղոթքի (6, 46; տե՛ս նաև Մտթ 14, 23+) և Իր անմիջական աշակերտների կրթության համար (3, 13; 9, 2), Գալիլեայի Ծովի (2, 13; 3, 7-8), այսինքն՝ Գեննեսարեթի լճի ափը (Մտթ 4, 18) վայրն է, որտեղ Մարկոսը ներկայացնում է ժողովրդի խառը բազմություններին ուսուցանող Հիսուսին: «Ծովի» մոտիկությունն ընդգծում է այն փաստը, որ Հիսուսի պատգամն ուղղված է նաև հեթանոսներին (հմմտ. նաև 1, 16; 2, 13; 3, 7): ꟷ
- «հավաքվեց». Մարկոսը կրկին գործածում է «συνάγω» - «սյունագօ» բայը (տե՛ս 2, 2+-ի առաջին մասը), թերևս մատնանշելու համար, որ ամբոխը տվյալ դեպքում կազմված էր միայն հրեաներից, ի տարբերություն 3, 7-8 հատվածում հիշվող բազմության, որը խառը բնույթ էր կրում: «Ցամաքին» կանգնած ժողովրդի պատկերով Մարկոսն ամենայն հավանականությամբ ակնարկում է Իսրայելին: Հիսուսը գտնվում է «ծովում», «ցամաքին» մոտիկ, բայց բաժանված: «Ցամաքին» մնացած ժողովուրդը հրեական աշխարհն է, ինքն իր մեջ փակված, որն այժմ Հիսուսի ուսուցումները լսելու համար հարկադրված է իր հայացքն ուղղելու «ծովին», այսինքն՝ հեթանոսական աշխարհին, կամ ավելի ճիշտը՝ նախկին հեթանոսներից կազմված Եկեղեցուն (նավակը, որի մեջ Հիսուսն է):
 
4, 2 - «առակներով». Հուն. «παραβολή» - «պառաբոլէ». Նշանակում է համեմատություն, այլաբանական ասացվածք, առակ: Նոր Կտակարանում սույն եզրը գործածված է 50 անգամ, որոնցից 48ը Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, 2ը՝ Եբրայեցիներին ուղղված Նամակում:
- Առակների գործածումը Հիսուսին ծառայում է ունկնդրողներին ներգրավելու և նրանց միտքն արթնացնելու համար, որպեսզի այն, ինչ լսում են, կարողանան կիրառել իրենց հոգևոր կյանքի իրականության մեջ: Յուրաքանչյուրի ամենօրյա կյանքին այսքա՜ն մոտիկ օրինակներով ու համեմատություններով՝ Հիսուսը ցնցում է ունկնդրողին և հորդորում է կատարել մտքի ու վարքի արմատական փոփոխություն (մի դարձ. – տե՛ս Մտթ 3, 2+-ի առաջին մասը), որպեսզի Աստծո խոսքը կարողանա ''սերմանվել'', ''արմատավորվել'', ''աճել ու պտղաբերել'' անհատի կյանքում, դառնալով նրա գոյության ''թթխմորը'': ꟷ
- «ուսուցանելիս». Հուն. «ἐν τῇ διδαχῇ αὐτοῦ» - «էն տէ դիդախէ աուտու». Բառացի՝ Իր ուսուցման, Իր ուսմունքի մեջ, Իր վարդապետության մեջ: Գրաբար. «'ի վարդապետութեան իւրում»։
 
4, 3 - «Լսեցե՛ք». Հիսուսի խոսքը լսելու, լսածին ուշադրություն դարձնելու, այսինքն՝ պատգամը ներանձնականացնելու կոչը հիշեցնում է Երկրորդումն Օրինաց գրքի «Լսի՛ր, Իսրայել» հրավերը (« יִשְׂרָאֵ֑ל שְׁמַ֖ע‪ » - «Շըմա՛ Յիսռայէլ». 6, 4), որ մեջբերվելու է ավելի ուշ (12, 29). դա հավատքի դավանություն է (2Օր 6, 4-9 հատվածը), որն օրինապահ հրեան կրկնում է օրը առնվազն երեք անգամ:
 
4, 4 - «խժռեցին». Հուն. «κατέφαγεν» - «կատեֆագեն», որ նշանակում է ուտել որոշակի կատաղությամբ, սպառել մինչև վերջ, խժռել ոչինչ չթողնելով, լափել անմնացորդ, առանց վերականգնման հույս թողնելու: Ավետարաններում գործածվում է Մտթ 13, 4; 23, 14; Մրկ 4, 4; 12, 40; Ղկս 8, 5; 15, 30; 20, 47; Հվհ 2, 17 տողերում:
 
4, 8 - «մեկ՝ ... հարյուր». Կարելի է նաև թարգմանել. «երբեմն երեսնապատիկը, երբեմն վաթսնապատիկը, երբեմն հարյուրապատիկը»: Խոսքը չի վերաբերվում տարբեր ''հատիկների'', որոնք պտղաբերում են տարբեր չափով, այլ՝ միևնույն հատիկին, որը տարբեր չափի բերքատվություն է ապահովում կախված այն բանից, թե իր աճի ո՛ր փուլում է գտնվում (դրա համար էլ ասում է. «աճելով»): Նույնը նաև 4, 20 տողում:
 
4, 9 - «Ով ականջ ունի՝ հասկանալու համար, թող հասկանա». Բառացի. «Ով ականջներ ունի՝ լսելու համար, թող լսի»: Նույնը նաև 4, 23 տողում: – Առակի ավարտը վերադառնում և կապակցվում է սկզբում հնչած «Լսեցե՛ք» կոչին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։