Ուսմունքային բովանդակությունը – Գրադարան – Mashtoz.org

Ուսմունքային բովանդակությունը

Կարող ենք ասել, որ Մարկոսի Ավետարանի ինքնատիպ հատկությունը նախևառաջ կայանում է մեզ անմիջական կերպով Քրիստոսի առաջ դնելու մեջ. ներկայացնում է մեզ, առանց բացատրական բազմաթիվ նշումների, Հիսուսի կյանքի ամենանշանակալի դրվագները, մի կողմ թողնելով – ի տարբերություն մյուս Ավետարանիչների – անգամ Հիսուսի իսկ երկար ճառերը կամ խոսքերը (ինչը որ ավելի Մատթեոսի բնորոշ հատկությունն է), և Նրա կերպարի մասին տրվող ուսուցումները (ինչպես վարվում է Հովհաննեսը): Օրինակ, Մարկոսի Ավետարանում ամբողջությամբ բացակայում է Լեռան ընդարձակ Քարոզը, որը երեք գլուխ է զբաղեցնում Մատթեոսի Ավետարանում (5-7), և որի կեսից ավելին գտնվում է նաև Ղուկասի Ավետարանում (ամենատարբեր դրվագներում մաս առ մաս սփռված). Չորրորդ գլխում ներկայացնում է Առակասաց ճառը, բայց շատ ավելի համառոտ կերպով, քան այն գտնում ենք Մատթեոսի 13րդ գլխում. Մարկոսը չի հիշատակում Եկեղեցու կյանքի ու կազմակերպության մասին տրված ուսուցումներից ու պատվիրաններից շատերը, որոնք գտնվում են Մատթեոսի 18րդ գլխում: Մարկոսը Հիսուսի ճառերից միայն երկուսն է ներառել իր Ավետարանում, բայց երկուսն էլ խիստ համառոտ կերպով. արդեն հիշատակված Առակասաց ճառը (4, 1-34) և Վախճանաբանական ճառը (13, 1-37. համապատասխանում է Մտթ 24, 1-44 և Ղկս 21, 5-38 հատվածներին): Ընդհակառակը, Մարկոսն իր ընթերցողին ընծայել է մի ա՛յլ պարգև, ո՛չ նվազ թանկարժեք. վառ կենդանությունը, որով նկարագրում է Հիսուսի կյանքի այն դրվագները, որոնք Նա ապրել է Իր աշակերտների ընկերակցությամբ:

Մարկոսի Ավետարանը կարողությունն ունի տեղափոխելու մեզ գյուղերն ու ավանները, որ գտնվում էին Գեննեսարեթի լճի ափերին, մեր ականջին է հասցնում Հիսուսի ետևից գնացող ամբոխի ձայները, գրեթե զրույցի է դնում բնակիչներից ոմանց հետ և դիտել է տալիս Հիսուսի սիրալիր արարքները, Տասներկուսի ինքնաբուխ հակազդեցությունները, ... . ա՛յլ խոսքերով ասած, ավետարանական պատմության ծավալմանը մասնակցում ենք ո՛չ որպես սոսկ հանդիսատես, այլ՝ կարծես անձամբ ներկա ենք դեպքերի զարգացմանը: Չպետք է սակայն մտածենք, թե այդ ամենը պարզունակության կամ միամտության նշան է: Ո՛չ: Ավետարանչի նպատակն է, պարզապես, հավատարմությամբ մեզ ավանդել այն, ինչը որ Առաքյալներն իրենք զգացել էին՝ ապրելով Աստվածային Վարդապետի հետ: Մարկոսի պատգամներն իրոք կենդանի հայելին են, որի մեջ արտացոլվում են Պետրոս Առաքյալի հուշերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։