14-29. Լուսնոտ դիվահարը – Գրադարան – Mashtoz.org

14-29. Լուսնոտ դիվահարը

→ Մտթ 17, 14-21; Ղկս 9, 37-42
⁓ Մրկ 1, 26; 5, 41; 7, 37; 8, 23; 11, 23
≈ Մտթ 8, 10.15.29; Ղկս 17, 5
 
14Երբ աշակերտների մոտ հասան, նրանց շուրջը մարդկանց մի մեծ բազմություն տեսան, և օրենսգետների, որ վիճաբանում էին նրանց հետ: 15Եվ ողջ բազմությունը, երբ Նրան տեսավ, մեծապես ապշած մնաց, և իսկույն Նրան ընդառաջ վազելով՝ ողջունում էր Նրան: 16Եվ Նա հարցրեց նրանց. «Ինչի՞ մասին եք վիճաբանում նրանց հետ»: 17Բազմության միջից մեկը պատասխանեց Նրան. «Վարդապետ, Քո մոտ բերեցի որդուս, որին տիրացել է մի համր ոգի: 18Եվ ո՛ւր որ նրան բռնում է, նրան գետնին է գցում, ու նրա բերանը փրփրոտում է, և նա կրճտացնում է իր ատամները, ապա տեղում ցամաքում է: Եվ աշակերտներիդ խնդրեցի, որ հեռացնեն նրան, բայց չկարողացան»: 19Այնժամ պատասխանելով՝ Նա նրանց ասաց. «Ո՜վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեր հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ հանդուրժելու: Բերե՛ք նրան իմ մոտ»: 20Եվ նրանք բերեցին նրան Հիսուսի մոտ: Ոգին հազիվ տեսավ Հիսուսին, իսկույն տղայի ամբողջ մարմինը ջղաձգելով՝ նրան ուժգին ցնցեց, և նա գետնին ընկնելով՝ սկսեց թավալվել ու բերանից փրփուր թափել: 21Եվ Հիսուսը հարցրեց նրա հորը. «Որքա՞ն ժամանակ է, որ սա պատահում է նրա հետ»: Եվ նա պատասխանեց. «Մանկությունից ի վեր: 22Հաճախ կրակի մեջ էլ է գցել նրան, նաև ջրի մեջ, որպեսզի սպանի նրան: Բայց եթե Դու ինչ որ մի բան կարող ես անել, օգնի՜ր մեզ՝ գթալով»: 23Այնժամ Հիսուսը նրան ասաց. «Եթե կարո՜ղ ես: Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»: 24Տղայի հայրն իսկույն բարձր ձայնով գոչելով՝ ասաց. «Ես հավատում եմ: Օգնի՜ր իմ անհավատությանը»: 25Այդ ժամանակ Հիսուսը տեսնելով, որ մարդկանց բազմություն էր արագընթաց հավաքվում այդտեղ, սաստեց պիղծ ոգուն՝ ասելով նրան. «Մունջ ու համր ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից և այլևս չմտնես նրա մեջ»: 26Եվ գոռալով ու տղային ուժգին ցնցելով՝ ոգին դուրս ելավ նրանից. և նա ուշակորույս եղավ, այնպես՝ որ շատերն ասում էին, թե մեռավ: 27Բայց Հիսուսը նրա ձեռքից բռնելով՝ նրան վեր բարձրացրեց, և նա ոտքի կանգնեց:
28Ապա, երբ մի տուն մտան, Հիսուսի աշակերտներն առանձին հարցնում էին Նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք դուրս հանել նրան»: 29Եվ Նա նրանց ասաց. «Այդ տեսակ դևերին ոչինչ ի զորու չէ հեռացնելու, եթե ո՛չ միայն՝ աղոթքը»:
9, 14-29 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 17, 14-21+:
 
9, 14 - «օրենսգետների, որ վիճաբանում էին նրանց հետ». Դեպքին ներկա օրենսգետներն ամենայն հավանականությամբ վիճում էին մի կողմից Հիսուսի աշակերտների հետ, ովքեր – իրենք տղային բժշկել չկարողանալուց հետո – գովելի համեստությամբ՝ մարդկանց խորհուրդ էին տալիս «համբերությամբ սպասել Հիսուսի վերադարձին». և, մյուս կողմից, վիճում էին նաև հիվանդ տղայի հոր ու հարազատների հետ, փորձելով համոզել նրանց՝ չդիմել Հիսուսին: Ամենայն հավանականությամբ՝ իրենց դիրքորոշմանը որպես հիմնավորում ներկայացնում էին նաև անժխտելի փաստը, որ Նրա աշակերտներն, ահա՛, չէին կարողացել բժշկել տղային: «Եթե» Իր աշակերտները չեն կարողացել, «ուրեմն» պարզ ու ակնհայտ է, որ Ինքն էլ չի կարողանա, և որ Նրա ու նրանց հետ կապված ամեն բան սուտ է:
Հիսուսի բոլոր ժամանակների աշակերտներին ծանոթ իրավիճակ է:
 
9, 15 - «մեծապես ապշած մնաց». Հուն. «ἐξεθαμβήθησαν» - «էկսէթամբեթեսան». Բայ, որ գործածվում է միայն Մարկոսի կողմից (հմմտ. նաև 14, 33; 16, 5.6): Մեկ եզրի մեջ հեղինակը միավորել է վախի, տագնապի ու զարմանքի զգացումները, ճիշտ ինչպես «θαμβέω» - «թամբէօ» բայը, որը նույնպես գործածվում է միայն Մարկոսի կողմից (հմմտ. 1, 27; 10, 24.32): – Տվյալ դեպքում, մարդկանց վախախառն զարմանքի պատճառը թերևս այն էր, որ Հիսուսի դեմքին դեռևս փայլում էր – Նրա Մարմնի ''քողի'' ետևում աստիճանաբար ծածկվելով – Պայծառակերպության լույսը:
 
9, 18 - «ցամաքում է». Հուն. «ξηραίνω» - «քսեռաինօ» բայը նշանակում է ցամաքել, թոշմել, թառամել, չորանալ, սմքել, գոսանալ: Գրաբարը. «եւ ցամաքի»։ Տվյալ դրվագում արտահայտում է ուշակորույս լինելու, անզգայացած վիճակում գետնին փռվելու (կամ, գուցեև, կծկվելու ու ողջ մարմնով պրկվելու) գաղափարը: ꟷ
- «աշակերտներիդ խնդրեցի ... բայց չկարողացան». Երբ Հիսուսը բացակա է, – տարբեր պատճառներով. տվյալ դեպքում բարձրացել էր Պայծառակերպության լեռը – մարդիկ դիմում են Հիսուսի աշակերտներին, բնականոն համարելով, որ «եթե» Նրա աշակերտներն են, «ուրեմն» կկարողանան անել այն, ինչը որ Նա անում է ամենայն բնականությամբ: Բայց այդպես չէ: Ոչ մի տեսակի մոգական ինքնաբերություն (ավտոմատիզմ) գոյություն չունի Հիսուսի ու Իր (հին ու նոր) աշակերտների հարաբերություններում: Աշակերտները կկարողանան անել այն, ինչ Ինքը անում է, միմիայն եթե կունենան Հավատք (այսինքն՝ վստահություն առ Աստված, գոնե մանանեխի հատիկի չափով. հմմտ. Մտթ 17, 20; 21, 21; Մրկ 11, 23; Ղկս 17, 6) և Հավատքի արտահայտությունն ու հետևանքը հանդիսացող Աղոթքը (այսինքն՝ Աստծո հետ ուղղակի շփում, հարաբերություն, հոգևոր կյանք ընդհանուր առմամբ. հմմտ. Մտթ 7, 15-23), ինչպես որ Հիսուսն Ինքը բացատրում է աշակերտներին քիչ անց՝ 9, 28-29 տողերում: ꟷ
- «հեռացնեն նրան». Նրան, այսինքն՝ դևին: ꟷ
- «չկարողացան». Հուն. «οὐκ ἴσχυσαν» - «ուկ իսխյուսան». Բառացի՝ ուժները չպատեց, բավական ուժեղ չեղան:
 
9, 19 - «անհավատ». Հուն. «ἄπιστος» - «ա՛պիստոս». Ավետարաններում, և ընդհանրապես՝ Նոր Կտակարանում, այս անվան տակ չի հասկացվում մեկը, ով չի հավատում Աստծո գոյությանը, այլ՝ նա, ով չի վստահում Նրա ծրագրերին, Նրա կողմից ընտրված ճանապարհներին, դրանց բարությանն ու որևէ դեպքում լավագույնը լինելու որակին (հմմտ. Մտթ 7, 21; Հվհ 20, 27):
 
9, 22 - «ինչ որ մի բան». Բնագրի եզրը («τις» - «տիս») հնարավոր է թարգմանել նաև «որևիցէ մի բան»: Հուսահատ հայրը պատրաստակամ է ամեն ինչի, միայն թե որդին բժշկվի: Չմոռանանք, որ ողջ այս տեսարանը կատարվում է օրենսգետների ներկայությամբ (տե՛ս 9, 14 և 9, 14+): Ընտանիքի հոր ամեն մի խոսքը կարող էր ծանր հետևանքներ ունենալ իր և ընտանիքի անդամների համար: ꟷ
- «գթալով». Տե՛ս 1, 41+:
 
9, 25 - «մարդկանց բազմություն էր արագընթաց հավաքվում». Հիսուսն ամեն կերպ ջանում էր Ինքը պահպանել և ուրիշներին էլ պահպանել տալ «Մեսսիական գաղտնիքը» (տե՛ս Մտթ 9, 30+, և Մրկ 8, 30; 9, 9): Այստեղ, գթալով, բացառություն է կատարում, բայց տեսնելով, որ չափազանց շատ մարդիկ են հավաքվում, արագացնում է կատարելիքը և այլևս խոսք չի ուղղում տղայի հորը՝ նրա այդքա՜ն սրտաճմլիկ աղաղակից հետո: Բայց խոսքով պատասխանի կարիք այլևս չկար. պատասխանը լինելու էր բժշկված տղան: ꟷ
- «մունջ ու համր». Հուն. «ἄλαλον καὶ κωφὸν» - «ալալոն կայ կօֆոն». Հունարենում «κωφός» - «կօֆոս» ածականը նշանակում է «բութ, բթացած», և գործածվում է «բթամիտ, համր, խուլ» իմաստներով, այսինքն՝ միտքը կամ զգայարանները բթացածի գաղափարն արտահայտելու համար: Մյուս ածականը՝ «ἄλαλος» - «ա՛լալոս», բառացի նշանակում է չխոսող, խոսելու կարողություն չունեցող: Թարգմանությունների մեծամասնությունը ածականների այս զույգը թարգմանում է որպես «համր և խուլ» (գրաբարը ևս. «Համրդ եւ խուլ այս»), բայց սա բնավ չի հարմարվում դրվագի սկզբում տղայի հոր կողմից տրված նկարագրությանը (9, 17): Մինչդեռ ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է երկու հոմանիշների, որոնց միասին գործածումը որպես նպատակ ունի ուժգնացնելու արտահայտվող գաղափարը:
 
9, 26 - «ուշակորույս եղավ». Հուն. «ἐγένετο ὡσεὶ νεκρὸς» - «էգենետո հօսեյ նեկռոս». Բառացի՝ եղավ ինչպես մեռյալ:
 
9, 27 - «վեր բարձրացրեց ... ոտքի կանգնեց». Միակ դեպքն է Մարկոսի Ավետարանում, ուր հարության գաղափարն արտահայտող երկու բայերը («ἐγείρω» - «էգեիռօ» և «ἀνίστημι» - «անիստեմի») գործածված են միասին, միևնույն տողում: – Քանի որ նախորդ տողում ասվեց, որ ուշակորույս տղան ներկաներին թվում էր մեռած, թվում է, թե Հիսուսը սքանչելագործ երկու միջամտություն է կատարում միևնույն դրվագում. նախ դիվահալածումը, ապա վերակենդանացումը:
 
9, 28 - «Ինչո՞ւ մենք չկարողացանք». Աշակերտների զարմանքն ու հասկանալու դժվարությունը հիմնված են նաև այն փաստի վրա, որ իրենցից շատերն ա՛յլ դեպքերում բազմաթիվ դիվահալածումներ էին կատարել ամենայն հաջողությամբ (հմմտ. Ղկս 10, 17): Ուրեմն ինչո՞ւ – կոնկրետ այս դեպքում, կոնկրետ իրենք – չկարողացան:
 
9, 29 - «տեսակ». Հուն. «γένος» - «գենոս». Բառացի՝ ցեղ, ազգ, ընտանիք, սերունդ: Գրաբար. «Այդ ազգ»։ – «Դևերին» նշումը բնագրում բացակայում է: – Հիսուսի խոսքից հետևում է, որ դևերի տարբեր ցեղախմբեր կան, որոնցից ոմանք այնքա՜ն հզոր են, որ կարող են հեռացվել միմիայն Աստծո ուղղակի միջամտությամբ, ինչը որ հարկավոր է հայցել աղոթքով: ꟷ
- «աղոթքը». Աղոթքը, որի մասին այստեղ խոսվում է, չպետք է հասկացվի ինչ որ բանաձևերի մոգական արտասանման իմաստով, այլ՝ որդիական վստահասիրտ աղոթքը, որով հայցվում է Հոր միջամտությունը (գեղեցիկ օրինակ է հենց հիվանդ տղայի հոր սրտաբուխ աղաղակը. «Ես հավատում եմ: Օգնի՜ր իմ անհավատությանը»): ꟷ
- Համեմատաբար ավելի ուշ շրջանի ձեռագրերի մի խումբ ավելացնում է. «և ծոմապահությամբ»: Գրաբարը նույնպես. «պահօք եւ աղօթիւք»։ Վստահաբար, սակայն, խոսքը վերաբերվում է վանական միջավայրերի կողմից կատարված հավելման: – Սույն տողը բնագրում բառացի այսպես է. «Այդ տեսակը ոչնչո՛վ կարելի է հեռացնել, եթե ո՛չ՝ աղոթքով»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։