01-12. Անդամալույծի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

01-12. Անդամալույծի բժշկումը

→ Մտթ 9, 1-8; Ղկս 5, 17-26
⁓ Մրկ 3, 20;  ≈ Մտթ 8, 10; 9, 33; Հվհ 5, 8; Ես 43, 25
 
1Օրեր անց, երբ վերադարձավ Կաֆառնաում, լուր տարածվեց, որ Նա տանն է. 2և այնքա՜ն մարդ հավաքվեց, որ այլևս տեղ չմնաց, և ո՛չ իսկ դռան առջև: Եվ Նա նրանց քարոզում էր խոսքը:
3Եվ եկան՝ Նրա մոտ բերելով մի անդամալույծի, որին տանում էին չորս հոգով: 4Բայց քանի որ ամբոխի պատճառով չկարողացան մոտենալ Նրան, քանդեցին տանիքի այն մասը, որտեղ Նա նստած էր, և անցք բացելով՝ վար իջեցրին մահիճը, որի վրա անդամալույծը պառկած էր: 5Եվ նրանց հավատքը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Որդյա՜կ, քո մեղքերն արձակված են»:
6Արդ, մի քանի օրենսգետներ կային այնտեղ նստած, որոնք խորհում էին իրենց մտքում. 7«Ինչո՞ւ է սա այսպես խոսում: Անարգում է Աստծուն: Ո՞վ կարող է արձակել մեղքերը, եթե ոչ՝ միայն Աստված»:
8Բայց Հիսուսն Իր հոգում իսկույն իմանալով, որ այդպես էին խորհում իրենց մտքում, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր մտքում: 9Ո՞րն է ավելի դյուրին. անդամալույծին ''Քո մեղքերն արձակված են'' ասե՞լը, թե՞ ասելը ''Ոտքի՛ կանգնիր, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր'': 10Արդ, որպեսզի դուք իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի արձակելու մեղքերը», խոսքն անդամալույծին ուղղելով՝ ասաց. 11«Քե՛զ եմ ասում. Ոտքի՛ կանգնիր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տուն»: 12Եվ նա ոտքի կանգնեց և անմիջապես մահիճը վերցնելով՝ դուրս ելավ բոլորի առջև, այնպես՝ որ բոլորը զարմացան ու փառավորեցին Աստծուն, ասելով. «Մենք նման բան երբեք չէինք տեսել»:
2, 2 - «հավաքվեց». Հուն. «συνάγω» - «սյունագօ» բայը (հմմտ. նաև 4, 1; 5, 21; 6, 30; 7, 1) նույն արմատն ունի, ինչ «ժողովարան» գոյականը («συναγωγή» - «սյունագօգէ»), որով մատնանշվում է կրոնական-ծիսական հավաքի վայրը (1, 21 և այլն): ꟷ
- «քարոզում էր». Հուն. «ἐλάλει» - «էլալեի», որ բառացի նշանակում է խոսում էր, ասում էր, պատմում էր: Մի բայ, որով կրկին ընդգծվում է Հիսուսի ուսուցման ոճի բնականությունը (հմմտ. նաև 1, 22+-ի երկրորդ մասը): Գրաբար. «խօսէր նոցա զբանն»։
 
2, 3 - «չորս հոգով». Անդամալույծի վիճակի ծանրությունն ընդգծվում է այն փաստով, որ նրան կրում են ո՛չ թե երկու, այլ՝ չորս հոգի: Այլաբանական այդ թիվն Աստվածաշնչում արտահայտում է ամբողջության, տիեզերականության, ընդհանրականության իմաստը:
 
2, 4 - «քանդեցին». Հուն. «ἀπεστέγασαν» - «ապեստեգասան», բառացի՝ ապա-տանիքեցին (նման անգլերեն «to roof» - «to unroof» ասելաձևի), որով հասկացվում է, որ ո՛չ թե քանդեցին կոտրելով, այլ՝ շինվածքը կտոր առ կտոր հանեցին ու մի կողմ դրեցին:
 
2, 5 - «նրանց հավատքը տեսնելով». Այս և ա՛յլ հրաշքների պատմությունները վկայում են, թե ինչպիսի՛ կենտրոնական դերակատարություն ունի տվյալ անձի հավատքը, որով, այսպես ասած, «ակտիվանում է» Հիսուսի հրաշագործ կարողությունը (5, 34; 9, 23-24; 10, 52; և այլն) և Աստծո կողմից ներման շնորհումը: Տե՛ս նաև Մտթ 8, 10+; 9, 2+ և 13, 58+: ꟷ
- «քո մեղքերն արձակված են». Հիսուսը բացահայտ ու միանշանակ կերպով Իրեն է վերագրում մեղքերը ներելու Աստվածային իշխանությունն ու կարողությունը. մի բան, որ հաճախ է գործադրելու Իր առաքելության ընթացքում: Դա Իր Անվան իսկ նշանակությունն է (տե՛ս Մտթ 1, 21 և 1, 21+): Այս կարողությունը Նա Ինքը հարաբերության մեջ է դնում Իր մահվան (Մտթ 20, 28) և Ուխտի Իր Արյան հետ (Մտթ 26, 28): Քրիստոնեական համայնքներն, իրենց հերթին, աստվածային այս գործը վերագրում են մեռած ու հարություն առած Քրիստոսին (օրինակ՝ Գրծ 2, 38; 3, 19; 10, 43; 13, 38; Հռմ 3, 21-26; 5, 6-9; Եփս 1, 7; 4, 32; Կղս 1, 14; 3, 13; 1Հվհ 1, 7; 2, 12; Եբր 9, 26; Հյտ 1, 5): Հիսուսն Իր այս կարողությունն ավանդել է նաև Իր աշակերտներին՝ Առաքյալներին և նրանց հաջորդներին, երաշխավորելով, որ Աստված կվավերացնի նրանց որոշումները (Մտթ 16, 19; 18, 18; Հվհ 20, 23):
 
2, 6 - «իրենց մտքում». Բառացի՝ իրենց սրտերում:
 
2, 7 - «Անարգում է Աստծուն». Հուն. «βλασφημεῖ» - «բլասֆեմեյ»։ Սույն եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 9, 3+:
 
2, 8 - « ... իրենց մտքում ... ձեր մտքում ... ». Բառացի՝ « ... իրենք իրենց մեջ ... ձեր սրտերում ... »:
 
2, 9 - «ավելի դյուրին». Տե՛ս Մտթ 9, 5+:
 
2, 10 - «որպեսզի դուք իմանաք». Տե՛ս Մտթ 9, 6+: ꟷ
- «Մարդու Որդի». Տե՛ս Մտթ 8, 20+:
 
2, 11 - «Ոտքի՛ կանգնիր». Նույն բայն է, որ գործածվում է հարության դրվագներում («ἐγείρω» - «էգեիռօ»):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։