Շարադրման վայրն ու անմիջական հասցեատերերը – Գրադարան – Mashtoz.org

Շարադրման վայրն ու անմիջական հասցեատերերը

Հնագույն Ավանդության տվյալները վկայում են, որ Մարկոսն իր Ավետարանը գրել է Իտալիայում (օրինակ Կեղեմես Ալեքսանդրացին, ով մահացել է 211 թվականին, Երկրորդ-Երրորդ դարի «Լատինական նախաբանը», Չորրորդ դարի «Մոնարխիանական նախաբանը», և այլն), և ավելի ճշգրիտ կերպով՝ Հռոմում (այսպիսի եզրակացության ենք հանգում Իրենեուս Լուգդունացու «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատությունից, որ գրվել է 175-189 թվականների միջև. 220 թվականին մահացած Տերտուղիանոսի «Ընդդեմ Մարկիոնի» գրությունից. և բազմաթիվ ուրիշ մատենագիրներից, ովքեր դա հաստատում են ուղղակի կերպով (Կղեմես Ալեքսանդրացի, Հերոնիմոս, և այլոք):

Ներքին վերլուծությունը հաստատում է Ավանդության տվյալները. Մարկոսն իր Ավետարանում գործածում է բազմաթիվ լատիներեն եզրեր ու լատինաբանություններ, դրանք պարզապես հունարենի տառադարձելով. ասում է – Ավետարանիչներից միայն ինքը – , որ Սիմոն Կյուրենացին հայրն էր Ալեքսանդրոսի ու Ռուֆոսի, որոնք քաջ ծանոթ էին Հռոմի քրիստոնյաներին (հմմտ. Հռմ 16, 13). պատմելու ոճն այն աստիճան վառ ու եզակի է, որ ուսումնասիրողները միաձայն հաստատում են, որ ընթերցելիս թվում է, թե լսվում է Պետրոս Առաքյալի ձայնը. Մարկոսի Ավետարանն ուսմունքային և քարոզչական գետնի վրա ամենամոտիկն է Պետրոսի ճառերին, որոնք Ղուկաս Ավետարանիչը գրի է առել Գործք Առաքելոց գրքում:

Նույնքան եզակի է կերպը, որով Մարկոսի Ավետարանում ուրվագծվում է Պետրոս Առաքյալի կերպարը. բազմաթիվ մանրամասնություններ են ներկայացվում, որոնք ստվեր են գցում Պետրոսի վրա, մանրամասնություններ, որոնց մյուս Ավետարանիչները չեն անդրադառնում, ինչը որ ցույց է տալիս Պետրոսի խոնարհությունը, որ կամեցել է հիշատակել դրանք և դրանց վերաբերյալ ինքնաքննադատական վկայություն թողնել: Եվ ընդհակառակը, Մարկոսի Ավետարանում բացակայում են այն դրվագները, որոնցով ընդգծվում է վեհ պաշտոնն ու արժանապատվությունը, որն Հիսուսի կողմից շնորհվել է հենց իրեն՝ Պետրոսին. ինչպիսիք են Եկեղեցու հիմքի վեմը հանդիսանալու խոստումը (Մտթ 16, 17-18) և այդ մանդատի փաստացի շնորհումը (Հվհ 21, 15-17):

Կղեմես Ալեքսանդրացու վկայության համաձայն[1], Մարկոսն իր Ավետարանը գրել է «Հռոմի քրիստոնյաների խնդրանքին» ի պատասխան: Ուստի, իր ընդհանրական արժեքը բոլոր ժամանակների ու բոլոր վայրերի համար պահպանելով հանդերձ, Մարկոսի Ավետարանն առաջին հերթին հասցեագրված է եղել Հռոմի հունա-լատինախոս քրիստոնյաներին, որոնց համար կարիքն է զգացել բացատրելու հեթանոսներին անծանոթ հրեական սովորույթներն ու ծեսերը (տե՛ս, օրինակի համար, 7, 1-5 հատվածը) և թարգմանելու Հիսուսի կողմից գործածված արամայերեն արտահայտություններից մի քանիսը (օրինակ, 5, 41 և 7, 34):

[1] Եկեղեցական պատմություն, VI, 15, 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։