13-20. Սերմնացանի առակի բացատրությունը – Գրադարան – Mashtoz.org

13-20. Սերմնացանի առակի բացատրությունը

→ Մտթ 13, 18-23; Ղկս 8, 11-15
⁓ Մրկ 10, 23-27;  ≈ Երմ 4, 3-4
 
13Եվ Նա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանո՞ւմ: Ուրեմն մյուս բոլոր առակներն ինչպե՞ս եք հասկանալու: 14Սերմնացանը խոսքն է սերմանում: 15Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որոնց մեջ սերմանվում է խոսքը. բայց երբ լսում են, իսկույն գալիս է սատանան և խլում է նրանց մեջ սերմանված խոսքը: 16Նմանապես, սերմը քարքարոտ տեղերի վրա ընդունողները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն, 17բայց իրենց մեջ արմատներ չունեն, այլ՝ անկայուն են, և հետևաբար՝ երբ վրա են հասնում նեղություններ կամ հալածանքներ խոսքի պատճառով, իսկույն սայթաքում ընկնում են: 18Իսկ մյուսները, որ փշերի մեջ սերմանվեցին, նրանք են, ովքեր խոսքն ընկալեցին, 19սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքներն ու մյուս բոլոր մոլի ցանկությունները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է մնում: 20Լավ հողի վրա սերմանվածներն էլ նրանք են, ովքեր լսում են խոսքը և ընդունում են այն և պտուղ տալիս. մեկ՝ երեսուն, մեկ էլ՝ վաթսուն, մեկ էլ՝ հարյուր»:
4, 13 - «չեք հասկանո՞ւմ». Այս թեման – Առաքյալների, որ չեն հասկանում Հիսուսի խոսքերն ու արարքները – յուրահատուկ կերպով ընդգծվել է Մարկոսի կողմից (6, 52; 7, 18; 8, 17-18.21.33; 9, 10.32; 10, 38): Բացառությամբ մի քանի զուգահեռ տողերի (Մտթ 15, 16; 16, 9.23; 20, 22; Ղկս 9, 45) և Ղկս 18, 34; 24, 25.45 տողերի, Մատթեոսն ու Ղուկասը սովորաբար մի կողմ են թողել այս թեման, իսկ որոշ դեպքերում մինչև իսկ փոփոխել են. կարող ենք համեմատել, օրինակ, Մտթ 14, 33 տողը Մրկ 6, 51-52 հատվածի հետ, և տեսնել Մտթ 13, 51 տողը (հմմտ. Հվհ 14, 26):
 
4, 14 - «խոսքն». Հուն. «τὸν λόγον» - «տոն լոգոն». Սերմանվող խոսքն Ավետարանն է, Քրիստոսի բարի լուրը:
 
4, 15 - «սատանան». Հուն. «Σατανᾶς» - «Սատանաս». Եբրայեցերեն « שָׂטָן » - «սատան» բառից, որ նշանակում է հակառակորդ, ընդհանուր՝ թե՛ անձնական, թե՛ ազգային-հավաքական իմաստով: Այս առաջնային իմաստով այն հաճախ է գործածվում Հին Կտակարանի պատմական և ա՛յլ գրքերում (Թց 22, 22; 1Սմ 29, 4; 1Թգ 11, 14.25; Սղմ 109, 6; և այլն): Ապա դառնում է նաև հատուկ անուն՝ մատնանշելու համար Աստծո ծրագրերի և մարդկության գերբնական հակառակորդին (Հոբ 1, 6; 2, 1; և այլն; Զքր 3, 1.2; և այլն): Այս տարբեր իմաստներով, սույն եզրը Հին Կտակարանում գործածվում է 27 անգամ: Նոր Կտակարանում գործածվում է 36 անգամ, և բոլորը՝ գերբնական հակառակորդի վերաբերյալ (Մտթ 4, 10; 12, 26; 16, 23; Մրկ 1, 13; 3, 23.26; 4, 15; 8, 33; Ղկս 10, 18; 11, 18; 13, 16; 22, 3; 22, 31; Հվհ 13, 27; Գրծ 5, 3; 26, 18; Հռմ 16, 20; 1Կր 5, 5; 7, 5; 2Կր 2, 11; 11, 14; 12, 7; 1Թղ 2, 18; 2Թղ 2, 9; 1Տմ 1, 20; 5, 15; Հյտ 2, 9.13.24; 3, 9; 12, 9; 20, 2.7): Այս հակառակորդի գոյության ու գործունեության գիտակցումը և սեփական ուշադրությունից այն երբեք չկորցնելը (հակառակորդ, որին ա՛յլ տեղերում տրվում են ա՛յլ անուններ՝ դև, փորձիչ, թշնամի, բանսարկու, ... ) խիստ կարևոր տեղ է գրավում նորկտակարանյան աստվածաբանության մեջ (տե՛ս, սոսկ օրինակի համար, Եփս 6, 10-18 և 1Պտ 5, 8-9 հատվածները): – Տե՛ս նաև Մտթ 4, 1+-ի երկրորդ մասը: ꟷ
- «խլում է». Բառացի՝ հանում է, վերցնում տանում հեռացնում է, այսինքն՝ սերմը հանում է հողից, չի թողնում, որ արմատակալի, վիժեցնում է կենսական գործընթացը:
 
4, 17 - «անկայուն». Հուն. «πρόσκαιρος» - «պռոսկաիռոս». Նշանակում է ժամանակավոր, վաղանցուկ, մի եղանակի համար՝ սեզոնային. մի բան, որն իրագործման համար բարեպատեհ սոսկ սահմանափակ ժամանակ ունի և չպետք է առիթը բաց թողնի: ꟷ
- «սայթաքում ընկնում են». Հուն. «σκανδαλίζω» - «սկանդալիզօ» բայի նշանակության վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 18, 8-9+-ի առաջին մասը:
 
4, 18 - «ընկալեցին». Բառացի՝ լսեցին, բայց, ինչպես աստվածաշնչյան ա՛յլ տողերում ևս, առավել ընդգծված կերպով արտահայտում է ուշադրությամբ լսելու, ընդունելու, հասկանալու, ընկալելու, ըմբռնելու իմաստը:
 
4, 19 - «հարստության». Հուն. «πλοῦτος» - «պլուտոս». Նշանակում է որևէ բանի առատություն, և՛ նյութական, և՛ հոգևոր ոլորտներում. բառացի կարելի է թարգմանել մեծաքանակություն, թվով, քանակով շատ: Հետևաբար, կարող է նկատվել որպես ագահության հոմանիշ: Գրաբար. «պատրանք մեծութեան»։ ꟷ
- «մոլի ցանկությունները». Հուն. «ἐπιθυμία» - «էպիթյումի՛ա», որ նշանակում է մտասևեռման հասնող չափազանց ուժգին կիրք, անկառավարելի ցանկություն, կրքոտ տենչանք: Հարկավոր է ի նկատի առնել, սակայն, որ հունարեն եզրը միշտ չէ, որ բացասական իմաստ է արտահայտում: Եթե տվյալ զգացումը ներշնչված է աստվածային իրողությունների հանդեպ սիրուց, դառնում է գերազանց աստիճանի առաքինություն: – Որոշ ձեռագրեր, Մարկոսի տեքստը Մատթեոսին հարմարեցնելու նպատակով, բաց են թողնում «ու մյուս բոլոր մոլի ցանկությունները» հատվածը: Գրաբարը ևս այդպես է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։