17-22. Հարուստ մարդը – Գրադարան – Mashtoz.org

17-22. Հարուստ մարդը

→ Մտթ 19, 16-22; Ղկս 18, 18-23;  ⁓ Մրկ 8, 34
≈ Մտթ 10, 38; Ել 20, 12-16; 2Օր 5, 16-20; 24, 14
 
17Եվ մինչ պատրաստվում էր ճանապարհ ընկնել, մի մարդ Նրան ընդառաջ վազեց և Նրա առաջ ծունկի իջնելով՝ հարցրեց Նրան. «Վարդապետ բարի, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: 18Եվ Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում: Ոչ ոք բարի չէ, եթե ո՛չ միայն՝ Աստված: 19Պատվիրանները գիտես. Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մի՛ զրկիր, պատվի՛ր քո հորը և մորը»:
20Եվ նա Նրան ասաց. «Վարդապետ, այդ բոլորը պատանեկությունիցս ի վեր արել եմ»: 21Եվ Հիսուսն Իր հայացքը նրա վրա սևեռելով՝ սիրեց նրան և նրան ասաց. «Մի բան է քեզ պակասում. գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես և տո՛ւր աղքատներին, և գանձ կունենաս երկնքում. ապա ե՛կ, հետևի՛ր ինձ»: 22Բայց նա այդ խոսքի պատճառով խոժոռված՝ գնաց տրտում, որովհետև շա՜տ հարստություններ ուներ:
10, 17-22 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 19, 16-22+:
 
10, 17 - «մի մարդ». Մինչ Մարկոսն ընդգծում է նրա հարուստ լինելու փաստը միայն (10, 22), իսկ Մատթեոսն ընդգծում է նաև երիտասարդ տարիքը (19, 20-22), Ղուկասը կարևոր է համարում ճշտել նրա հասարակական դիրքը՝ ասելով, որ «իշխանավոր» էր (18, 18), այսինքն՝ Երուսաղեմի Ատյանի ավագանու անդամ: Հնարավոր է, այսինքն, որ Ավետարանիչների կողմից այս ի ծնե օրինապահ հարուստ երիտասարդի կերպարը վերցվել է որպես ողջ Իսրայելի փոխաբերական պատկեր: Գովելի ու գեղեցիկ է նրա մեջ ամեն բան. միակ ճշմարիտ Աստծո պաշտամունքը, Նրա պատվիրաններն ու մարգարեների ուսուցումները պահպանում են նրան հոգով երիտասարդ ու հարուստ (տե՛ս, սոսկ որպես մի օրինակ, 103րդ Սաղմոսը, ի մասնավորի՝ 103, 5 տողը): Այժմ, սակայն, երբ հասել է ժամանակների լրումը, նրա հասուն տարիքը, նրանից պահանջվում է գնալ օրենքների արտաքին պահպանումից անդին, հասնել սիրո կատարելության «ավելի»ին:
 
10, 17-18 - «բարի». Հուն. «ἀγαθέ» - «ագաթէ». Տե՛ս Մտթ 7, 11+ և 7, 17+:
Հիսուսն Իր համար չի ընդունում «բարի» ածականը ո՛չ այն պատճառով, որ կասկածում է զրուցակցի ուղիղ դիտավորությանը, այլ՝ որովհետև կամենում է ընդգծել, որ որևէ բարիք բխում է Աստծուց, նաև և հատկապես՝ հավիտենական կյանքը, որի վերաբերյալ է տարածվում տվյալ զրույցը (հմմտ. Հկբ 1, 17): Մատթեոսի մոտ հարցի ձևակերպումը թեթևակի կերպով տարբերվում է (հմմտ. Մտթ 19, 16-17): Մարկոսը, հարցը այս կերպ ներկայացնելով, թերևս ուզում է ակնարկել, որ Հիսուսին այդ կերպ դիմելով – այդ կերպ, որ հատուկ է միայն Աստծուն – հարկավոր է մի քայլ ևս կատարել և հանձինս Նրա տեսնել և ճանաչել և ընդունել թաքնված Աստծուն:
 
10, 19 - «գիտես». Կարող է նշանակել նաև «տեղյակ ես» կամ «հիշում ես»: ꟷ
- «մի՛ զրկիր». Հուն. «μὴ ἀποστερήσῃς» - «մէ ապոստեռեսես». Նշանակում է մի՛ զրկիր կամ մի՛ խաբիր (խաբելը՝ ինչ որ մեկին իր օրինավոր իրավունքից, հասանելիքից զրկելու իմաստով): Մարկոսի այս հավելումը բացակայում է Մատթեոսի և Ղուկասի մոտ, որոնք առանց փոփոխությունների մեջբերում են Տասնաբանյա Պատվիրանների երկրորդ մասը (հմմտ. Ել 20, 12-17 և 2Օր 5, 16-20):
 
10, 20 - «պատանեկությունիցս». Հուն. «νεότης» - «նէոտես» եզրը մատնանշում է, ի մասնավորի, գիտակից տարիքից ներս նորամուտ շրջանը (Նոր Կտակարանում գործածվում է միայն 4 անգամ. այստեղ և Ղկս 18, 21; Գրծ 26, 4; 1Տմ 4, 12 տողերում): Բառացի հնարավոր կլիներ թարգմանել. «Այդ բոլորն արել եմ գիտակցությանս բացվելուց ի վեր»: ꟷ
- Որոշ ձեռագրեր, Մարկոսի այս տողը Մատթեոսի հետ նույնացնելու նպատակով, ավելացնում են. «արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Գրաբարը ևս. «արդ զի՞նչ եւս պակաս իցեմ»։
 
10, 21 - «հայացքը ... սևեռելով». Հուն. «ἐμβλέψας» - «էմբլեպսաս». Հունարենի տվյալ բայը չի նշանակում պարզապես նայել, այլ՝ նայել սևեռուն հայացքով, յուրահատուկ հետաքրքրություն, սեր կամ մտահոգություն արտահայտող հայացքով: Մարկոսը հաճախ է կանգ առնում Հիսուսի հայացքի վրա. հմմտ. 3, 5.34; 5, 32; 10, 23; 11, 11; և այլն: ꟷ
- «սիրեց». Հուն. «ἠγάπησεν» - «էգապեսեն», ուր բառարմատը «ագապե»ն է. մաքուր, ջինջ, զուլալ, հոգևոր, ամենաբարձր մակարդակի սերը: Իմաստը կարելի կլիներ թարգմանել «աստվածապես սիրեց»: ꟷ
- «Մի բան է քեզ պակասում». Տե՛ս 10, 17+: ꟷ
- Սակավաթիվ որոշ ձեռագրեր, Մարկոսի այս տողը Մատթեոսի զուգահեռ տողի և ավետարանական ա՛յլ հատվածների հետ նույնացնելով (Մտթ 16, 24; Մրկ 8, 35; Ղկս 9, 23; 14, 27), ավելացնում են «եթե կամենում ես կատարյալ լինել» և «վերցրու խաչը» խոսքերը: Գրաբարն այդպես է. «Մի ինչ պակաս է 'ի քէն. եթէ կամիս կատարեալ լինել, երթ զոր ինչ ունիս վաճառեա եւ տուր աղքատաց. եւ ունիցիս գանձս յերկինս. եւ ա՛ռ զխաչն եւ եկ զկնի իմ»։
 
10, 22 - Դրվագի ավարտական նշումը կարծես թե ակնարկում է Սերմնացանի առակին (4, 18-19), որտեղ փշերի մեջ ընկած սերմը խորհրդապատկերն է հանդիսանում նրանց, ովքեր «խոսքը լսում են», բայց այն «անպտուղ է մնում», նաև «հարստության պատրանքների» պատճառով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։