21-43. Արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկումը և Հայրոսի աղջկա վերակենդանացումը – Գրադարան – Mashtoz.org

21-43. Արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկումը և Հայրոսի աղջկա վերակենդանացումը

→ Մտթ 9, 18-26; Ղկս 8, 40-56
⁓ Մրկ 1, 34.44; 2, 13; 6, 56; 7, 32; 9, 27
≈ Մտթ 8, 10; Ղկս 7, 14.50; Հվհ 11, 11; Գրծ 9, 40; 20, 10; Տբթ 2, 10
 
21Երբ Հիսուսը նավակով կրկին ծովի մյուս ափն անցավ, Նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց. և Ինքը կանգնած էր ծովեզրին: 22Եվ ահա՛ Նրա մոտ եկավ ժողովարանի առաջնորդներից մեկը, որի անունն էր Հայրոս. և երբ Նրան տեսավ, Նրա ոտքերն ընկավ, 23և սկսեց Նրան սաստիկ աղաչել՝ ասելով, թե. «Դստրիկս մահամերձ է: Արդ, գալով, ձեռքերդ նրա վրա դի՜ր, որպեսզի բժշկվի ու ապրի»: 24Եվ Նա գնաց նրա հետ: Եվ մի մեծ բազմություն գնում էր Նրա ետևից, ու բոլոր կողմերից սեղմում էր Նրան:
25Եվ ահա՛ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, – 26և բազմաթիվ բժիշկների ձեռքից շա՜տ էր տառապել, և իր ողջ ունեցվածքը ծախսել էր ու որևէ օգուտ չէր քաղել, այլ ընդհակառակը՝ վիճակն է՛լ ավելի էր վատացել, – 27Հիսուսի մասին լսած լինելով՝ ամբոխի միջով Նրա թիկունքից մոտեցավ ու Նրա թիկնոցին դպավ: 28Նա, արդարև, խորհում էր, թե. «Եթե կարողանամ Նրա գոնե զգեստներին միայն հպվել, կբժշկվեմ»: 29Եվ նրա արյան հոսքն իսկույն դադարեց, և նա իր մարմնի մեջ զգաց, որ այդ տանջանքից բժշկվեց:
30Եվ Հիսուսն Իր միջից զորության դուրս ելնելը զգալով՝ իսկույն դեպի ամբոխը շրջվեց ու ասաց. «Ո՞վ իմ զգեստներին դպավ»: 31Աշակերտներն ասացին Նրան. «Տեսնում ես ամբոխը, որ բոլոր կողմերից սեղմում է Քեզ, և ասում ես՝ Ո՞վ ինձ դպավ»: 32Բայց Նա շուրջն էր նայում, տեսնելու համար, թե ո՛վ էր դա արել: 33Այդ ժամանակ կինը, վախեցած ու դողալով, – իմանալով, թե ի՛նչ էր կատարվել իր հետ, – եկավ ու Նրա առաջ ծունկի ընկավ, և ասաց Նրան ողջ ճշմարտությունը: 34Եվ Հիսուսը նրան ասաց. «Դուստր, քո հավատքը փրկեց քեզ: Գնա՛ խաղաղությամբ և քո տանջանքից բժշկվա՛ծ եղիր»:
35Մինչ Նա տակավին խոսում էր, ժողովարանի առաջնորդի տնից մարդիկ եկան և ասացին. «Աղջիկդ մեռավ: Էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»: 36Հիսուսը, սակայն, նրանց ասած խոսքին ուշադրություն չդարձնելով, ժողովարանի առաջնորդին ասաց. «Մի՛ վախեցիր. միայն հավատա՛»: 37Եվ թույլ չտվեց ոչ ոքի գնալ Իր հետ, այլ միայն՝ Պետրոսին և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Հակոբոսի եղբորը: 38Երբ ժողովարանի առաջնորդի տունը հասան, Նա մի մեծ իրարանցում տեսավ և մարդիկ, որ լացուկոծ էին անում ու ողբաձայն աղմուկ բարձրացնում: 39Եվ ներս մտնելով՝ Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք աղմկում ու լաց լինում: Մանուկը մեռած չէ, այլ՝ ննջում է»: 40Իսկ նրանք ծաղրում էին Նրան: Բայց Նա, բոլորին դուրս հանելով, Իր հետ վերցրեց մանկան հորն ու մորը և նրանց, որ Իր հետ էին, և մտավ այնտեղ, ուր պառկած էր մանուկը: 41Եվ մանկան ձեռքը բռնելով՝ ասաց նրան. «Տալիթա՛, կո՛ւմ», որ թարգմանվում է. «Աղջնա՜կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»: 42Եվ աղջնակն իսկույն վեր կացավ ու սկսեց քայլել: Նա, իրոք, տասներկու տարեկան էր: Եվ նրանք իսկույն սաստիկ զարմացան: 43Եվ Նա նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանա. և ասաց, որ ուտելու բան տան նրան:
5, 22 - «ժողովարանի առաջնորդներից մեկը». տե՛ս Մտթ 9, 18+: Դստեր բժշկման հարցում ա՛յլ հույս չունենալով, հայրը պատրաստակամ է կորցնելու իր կարևոր պաշտոնը՝ Հիսուսին դիմելով: ꟷ
- «Հայրոս». Եբրայեցերեն « יָאִיר », որ նշանակում է Աստծո կողմից «լուսավորված», և, ամենայն հավանականությամբ, կարող է նշանակել նաև «վերարթնացված»: Մարկոսի և Ղուկասի կողմից այս անունը հավանաբար գործածվում է որպես այլաբանական մաղթանք՝ հիվանդ ու մահամերձ աղջկա համար: Մատթեոսն այն անտեսում է (Մտթ 9, 18):
 
5, 23 - Որոշ ձեռագրերում ժողովրդապետի խոսքը ներկայացվում է անուղղակի կերպով, որպես պատմության մաս: Գրաբարում ևս. «աղաչէր զնա յոյժ եւ ասէր, թէ դուստր նորա մերձ է 'ի մահ, զի եկեալ դնիցէ նմա ձեռն, որպէս զի ապրեսցի եւ կեցցէ»։ Սա թերևս արվել է Մարկոսի տեքստը Ղուկասին նմանեցնելու նպատակով (8, 41): ꟷ
- «Դստրիկս». Հուն. «θυγάτριόν» - «թյուգատրիոն». Կարող է թարգմանվել նաև. «փոքր աղջիկս», այսինքն՝ զավակների մեջ տարիքով ամենափոքրը: ꟷ
- «մահամերձ է». Մինչ Մարկոսն ասում է, թե աղջիկը մահամերձ էր (նաև Ղուկասը. 8, 42), Մատթեոսի համաձայն՝ աղջիկը հենց նոր մահացել էր (9, 18): Ամենայն հավանականությամբ, Մատթեոսը պատմությունը ներկայացնում է այն կետից, երբ ժողովրդապետի տնից մարդ գալով՝ տեղեկացնում է, որ աղջիկը քիչ առաջ մահացել է (Մրկ 5, 35): ꟷ
- «Արդ». Հուն. «ἵνα» - «հինա». Բառացի՝ «ուստի, այնպես որ»: Խոսքի մեջ զգացվում է հոր ողջ հուսահատությունը, կարծես ուզում է ասել «ուրիշ ճար չունեմ»: ꟷ
- «ձեռքերդ նրա վրա դի՜ր». Բժշկման ժամանակ հիվանդի վրա ձեռքերը դնելը Մարկոսի մոտ հաճախ կրկնվող պատկեր է (6, 5; 7, 32; 8, 23-25; 16, 18), որին հանդիպում ենք նաև Մտթ 9, 18; Ղկս 13, 13; Գրծ 9, 17; 28, 8 հատվածներում: Ձեռնադրությունը ծառայում է բժշկող զորությունը հիվանդին փոխանցելու:
 
5, 25-34 - Տե՛ս Մտթ 9, 20-22+:
 
5, 28 - «խորհում էր». Բառացի՝ «ասում էր»: Գրաբարը. «խորհէր 'ի մտի»։ ꟷ
- «կբժշկվեմ». Հուն. «σωθήσομαι» - «սօթեսոմայ». Բառացի՝ «կողջանամ, կփրկվեմ»: Գրաբար. «փրկեցայց»։
 
5, 29 - «տանջանքից». Հուն. «μάστιγος» - «մաստիգոս». Տե՛ս 3, 10+: Նույնը նաև 5, 34 տողում, միշտ եզակի թվով:
 
5, 36 - «ուշադրություն չդարձնելով». Հուն. «παρακούσας» - «պառակուսաս». «Παρακούω» բայը նշանակում է «լսել պատահաբար, վատ լսել, անուշադիր լսել, լսել ուշադրություն չդարձնելով, չլսելու տալ, լսել՝ լսածը հաշվի չառնելով»:
 
5, 37 - «Պետրոսին և Հակոբոսին և Հովհաննեսին». Առաքյալներից այն երեքին, որոնք լինելու էին նաև առանձնաշնորհյալ վկաները Պայծառակերպության (9, 2) և Գեթսեմանիում կատարված աղոթքի (14, 33; հմմտ. 1, 29; 13, 3):
 
5, 38 - Տե՛ս Մտթ 9, 23+:
 
5, 39 - «ննջում է». Նոր Կտակարանում «ննջելը» հաճախ գործածվում է որպես մահվան կամ թվացյալ մահվան այլաբանական պատկեր (Մտթ 27, 52; Հվհ 11, 11; 1Կր 15, 6; 1Թղ 4, 13-15; և այլն):
 
5, 40 - «դուրս հանելով». Հուն. «ἐκβαλὼν» - «էկբալօն». Միևնույն բայն է, որ գործածվում է դիվահալածման, դևերին դուրս հանելու դեպքում:
 
5, 41 - «Տալիթա՛, կո՛ւմ». Հուն. «Ταλιθὰ κούμ», արամայերեն «țalyā + qwm» բառարմատներից, որոնք հունարենի են թարգմանվել որպես «Աղջնա՜կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»: «Տալիթա»ն, սակայն, «աղջնակ» նշանակելու փոխարեն (կամ այդ նշանակությունից բացի), կարող է նաև հենց անունը լինել աղջկա, որին կյանքի վերադարձնելով՝ Հիսուսը դիմում է անունով, այնպես՝ ինչպես պատահում է Հվհ 11, 43 և Գրծ 9, 40 տողերում: Այս վարկածի համաձայն, թարգմանությունը կարող է լինել. «Տալիթա՛, վե՛ր կաց», ինչը որ մեծապես հավանական է: Ք.հ. Առաջին դարի մի արձանագրության մեջ հանդիպում է Տալետթի անունը, իսկ Գրծ 9, 36-43 հատվածում երկու անգամ գործածված է Տաբիթա անունը (հայերեն թարգմանությամբ Այծեմնիկ), որոնք երկուսն էլ շատ մոտ են Տալիթային:
 
5, 42 - «տասներկու տարեկան». Տարիքի նշումը – որը Մատթեոսը (9, 25-26) և Ղուկասը (8, 54-55) անտեսում են – կարող է այլաբանական նշանակություն ունենալ: Նաև 25րդ տողում ասվում է, որ կինը արյունահոսության պատճառով տառապում էր արդեն տասներկու տարուց ի վեր: Սրբազան 12 թիվը իգական սեռի այդ երկու ներկայացուցիչներին – որոնցից մեկը մանուկ, մյուսը՝ տարեց – դարձնում է բուժվող և հարություն առնող Իսրայելի խորհրդապատկեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։