35-41. Փոթորկի խաղաղեցումը – Գրադարան – Mashtoz.org

35-41. Փոթորկի խաղաղեցումը

→ Մտթ 8, 18.23-27; Ղկս 8, 22-25
⁓ Մրկ 1, 27;  ≈ Մտթ 8, 10
 
35Եվ այդ նույն օրը, երբ երեկո եղավ, Նա նրանց ասաց. «Եկեք մյուս ափն անցնենք»: 36Եվ մարդկանց բազմությունը թողնելով՝ Նրան իրենց հետ վերցրեցին, քանի որ Նա արդեն նավակի մեջ էր: Եվ ուրիշ նավակներ էլ կային Նրա հետ: 37Եվ ուժգին հողմամրրիկ սկսվեց, և քամին ալիքները բարձրացնում ու նավակի մեջ էր թափում՝ հարվածելով, այնքան՝ որ նավակն այլևս ամբողջովին լցվել էր: 38Իսկ Նա, նավախելի կողմում, բարձի վրա ննջում էր: Այդ ժամանակ արթնացրեցին Նրան և ասացին. «Վարդապետ, բնավ հոգդ չէ՞, որ կորչում ենք»: 39Եվ Նա, արթնանալով, սաստեց քամուն և ասաց ծովին. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»: Եվ հողմը դադարեց, ու մեծ անդորր տիրեց: 40Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախկոտ: Դեռևս հավատք չունե՞ք»: 41Եվ նրանք սաստիկ վախով բռնվեցին և ասում էին միմյանց. «Ուրեմն ո՞վ է սա, որ և՛ հողմը, և՛ ծովը Իրեն հնազանդվում են»:
4, 35 - «երբ երեկո եղավ». Այս արտահայտությունը Մարկոսի Ավետարանում գործածվում է հինգ անգամ և միշտ այս կամ այն առումով բացասական կամ վտանգաշատ ենթատեքստում (տե՛ս նաև 1, 32; 6, 47; 14, 17; 15, 42): ꟷ
- «մյուս ափն». Այսինքն՝ լճի արևելյան ափը, որտեղի բնակչության մեծամասնությունը հեթանոս էր:
 
4, 36 - «թողնելով». Բառացի՝ ազատ արձակելով, հրաժեշտ տալով, թողնելով, որ գնան, հեռացնելով: ꟷ
- «նավակի մեջ էր». Ինչպես որ ասվել էր այս գլխի սկզբում (4, 1):
 
4, 38 - Փոթորիկի ժամանակ քուն մտնելու մի ա՛յլ նշանակալի դեպք է պատմվում Հովնան մարգարեի վերաբերյալ (Հվն 1, 5). այն նույն մարգարեի, որի կյանքի իրադարձությունները Հիսուսի կողմից գործածվում են որպես Իր թաղման ու հարության մարգարեական պատկեր (Մտթ 12, 40; Ղկս 11, 29-32): ꟷ
- «Վարդապետ». Հուն. «Διδάσκαλος» - «Դիդասկալոս». Տե՛ս Մտթ 8, 19+:
 
4, 39-41 - Հին Կտակարանում միմիայն Աստված կարողությունն ունի սանձելու բնության ուժերին և մարդիկ կարող են փրկվել միմիայն աղերսելով ու հայցելով Աստծո միջամտությունը: Տեսնելը, թե ինչպե՛ս է Հիսուսը հրամայում ծովին ու հողմին, և թե ինչպե՛ս են դրանք ենթարկվում Նրա հրամանին, իրավամբ մեծ հարցականներ է ծնում աշակերտների մտքում: – Տե՛ս նաև Մտթ 8, 26+:
 
4, 40 - «Ինչո՞ւ եք վախկոտ». Թարգմանությունների մեծամասնությունը կա՛մ այս խոսքն արտահայտում է ածականը բայի փոխելով. «Ինչո՞ւ եք վախենում», կա՛մ էլ ավելացնում է «այդպես» դերանունը. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ»: Գրաբարը ևս. «Ընդէ՞ր այդպէս վատասիրտք էք»։ Բայց Հիսուսի խոսքը վախկոտ լինելու կերպի կամ չափի մասին չէ, այլ՝ ընդհանրապե՛ս, ասում է, ինչո՞ւ եք վախկոտ, ի՞նչ պատճառ ունեք՝ վախկոտ լինելու համար (տե՛ս Մտթ 28, 10+):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։