10. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԱՆԿԱՑԱՎ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ՛ ՍԻՐԵՆՔ – Գրադարան – Mashtoz.org

10. ՔՐԻՍՏՈՍԸ ՄԱՆԿԱՑԱՎ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ՛ ՍԻՐԵՆՔ

Աստծո Որդին կամեցավ մանկան կերպարանքով աշխարհ գալ, որպեսզի ամեն տարիքով անցնի և մեր սիրտը շարժի ու Իրեն մեզ սիրելի դարձնի։ Հիսուսը կամենում է, որ Իրեն սիրենք, ինչպես որ զավակն իր բարեգութ հորը. չի կամենում, որ վախենանք Իրենից, ինչպես գերին իր տիրոջից է սարսափում։ Իշխանությամբ և փառքով չմտավ աշխարհ, որպեսզի չվախենանք, այլ՝ մանկան կերպարանք առավ, որպեսզի մեզ փրկի և ո՛չ թե դատի։

Ուստի, համարձակ Իրեն դիմիր, դու, որ Իր գերագույն գահին մոտենալու անգամ արժանի չէիր։ Բեթղեհեմի քարայրում վախենալու ոչինչ չկա, դու այնտեղ միայն ողորմություն և սեր կգտնես։ Քրիստոսն այնտեղ ամբողջովին ողորմություն և քաղցրություն է, չունի բարկություն, չունի թշնամի։ Մոտեցի՛ր Իր մսուրին, գրկի՛ր Նրան, փաթաթվի՛ր Նրան, խնդրի՛ր Նրանից, որ Իր սիրով սիրտդ լցնի։

 

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, այս աշխարհում ո՞վ է իմ հույսն ու վստահությունը, կամ քաղցր մխիթարությունը, եթե ո՛չ՝ Դու, Ում ողորմությունը չափ չունի։ Առանց Քեզ ի՞նչ բարիք եմ ունեցել, կամ Քեզնով ի՞նչ չարիք է ինձ եկել։ Նախընտրում եմ Քեզնով աղքատ լինել, քան առանց Քեզ հարուստ, ընտրում եմ Քո հետ աշխարհում մնալ, քան առանց Քեզ Երկինքը վայելել, որովհետև Երկինքն այնտեղ է, ուր որ Դու կաս, իսկ ուր Դու չկաս, այնտեղ դժոխքն է։

Դո՛ւ ես սրտիս միակ փափագը, և երբ ծածկում ես երեսդ ինձնից, ես միայն Քեզ եմ փափագում և Քեզ եմ աղոթում։ Քեզնից բացի ուրիշի չեմ կարող վստահել, կամ կարիքիս մեջ որևէ ա՛յլ մեկից օգնություն հուսալ. իմ վստահությո՜ւն, մխիթարությո՜ւն, աչքս Քո վրա է, ամբողջ հույսս Քո վրա եմ դրել։ Մաքրի՜ր հոգիս, օրհնի՜ր երկնավոր օրհնությամբդ, որպեսզի Քո համար տաճար դառնամ, որտեղ կդրվի հավիտենական փառքիդ գահը. և թող որ չգտնվի իմ մեջ ոչինչ, որ անհաճո է Քո բնակությանը։

Լսի՜ր խեղճ աղոթքս, որ մահվան խավարի մեջ աքսորված եմ զգում ինձ։ Պաշտպանի՜ր հոգիս ապականված և վտանգներով լցված այս աշխարհում։ Շնորհդ թող որ հետս լինի, և խաղաղությա՜մբ առաջնորդիր քայլերս դեպի Երկինք, դեպի Հայրենիքս։

 

Սրբերն ուրախությամբ էին լցվում, երբ Հիսուսի Ծննդյան մասին էին խոսում։ Նրանցից մեկն ասում էր. «Այս տխուր աշխարհում ուրախության ձայն է լսվում, անուշ ու մխիթարական լուր է ականջիս հասնում։ Լեռները թող փա՜ռք տան Աստծուն, օրհնեն Նրան, երկինքը թող ուրախանա, երկիրը թող ցնծա, դաշտերն իրենց բոլոր բնակիչներով ցնծությամբ պարեն, ծառերն ու անտառները ծափ զարկեն, որովհետև Աստված գալիս է մեր հետ բնակվելու։ Լսի՛ր, երկիր, մանավանդ դու, ո՜վ մարդ, լսի՛ր. Քրիստոսը՝ Աստծո Որդին, ծնվեց Բեթղեհեմում»։

Կարո՞ղ է գոյություն ունենալ մի սիրտ, որ անտարբեր մնա այս ձայնի հանդեպ։ Ավելի քաղցր ավետիս ի՞նչ կարելի է տալ մարդուն։ Աշխարհը լսե՞լ էր ավելի մխիթարական խոսք՝ լի երկնային մխիթարությամբ։

Երանի՜ է քեզ, եթե կարողանաս զգալ այս խոսքերի քաղցրությունը։ Բայց խոսքով չի՛ բացատրվում, իսկ եթե ուրիշ կերպով ասվի, կարող է կորցնել իր քաղցրությունը։ Քրիստոսը՝ Աստծո Որդին, ծնվեց Բեթղեհեմում։ Մտքից վե՜ր խորհուրդ։ Հողի մեջ մխրճված մարդի՜կ, ոտքի՛ կանգնեցեք, երկրպագությո՛ւն արեք, որովհետև ահա՛ գալիս է Փրկիչը՝ տալու Իր առատ շնորհը։

Ո՜վ մեղավորներ, կորստյան մատնված ոչխարներ, ուրախացե՜ք. Քրիստոսը գալիս է ձեզ փնտրելու և փրկելու։ Ո՜վ հիվանդներ, քաջալերվեցե՛ք. Քրիստոսը գալիս է Իր ողորմությամբ ձեզ բժշկելու։ Իսկ դուք, որ մեծամեծ պատիվներ եք ցանկանում ունենալ, ուրախացե՜ք. Քրիստոսը երկնքից իջնում է՝ ձեզ մասնակից անելու Իր Արքայությանը. մի՛ երկնչեք, մոտեցե՛ք Նրան։ Իր մեծության և փառքի գահին բազմած ժամանակ ահավոր է, բայց այստեղ, փոքրիկ մանկան կերպարանքով՝ վստահություն և սեր է ներշնչում։ Կարո՞ղ եք տեսնել Իր արցունքը և գորով չզգալ։ Չի՛ լալիս մյուս մանուկների նման, այլ՝ ձեր սիրո համար, ձեզ կարեկից լինելով։

Մոտենա՛նք Իր մսուրին, ուշադրությամբ լսե՛նք, թե ի՛նչ է ասում մեզ։ Չի կարող լեզվով խոսել, բայց գործնական քարոզում է բարձրաձայն՝ ասելով.

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո զավակներ պիտի կոչվեն» (Մտթ 5, 9).

«Ով վերջին տեղն է ընտրում, նա առաջին տեղին կարժանանա» (հմմտ. Ղկս 14, 7-11).

«Ով որ ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա, իսկ ով որ ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի» (Մտթ 23, 12).

«Երկրի վրա գանձ մի՛ դիզեք, ուր ցեցն ու ուտիճը ապականում են, և ուր գողերը պատը ծակում և գողանում են, այլ՝ գանձեր դիզեցեք երկնքում» (Մտթ 6, 20).

«Ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորստյան մատնի» (Մտթ 16, 25)։

 

Տե՜ր Հիսուս, որքա՜ն մխիթարական են տվածդ խրատները, որքա՜ն զարմանալի։ Ցանկանում եմ կատարել դրանք Քեզ սիրելուս համար։ Բայց տկար եմ և այնքա՜ն տկար, որ առանց շնորհիդ ոչինչ չեմ կարող անել։ Գթառատ ու բարի Հիսուս, ողորմի՜ր ինձ։ Գիտես, որ ցանկանում եմ սիրել Քեզ, որովհետև կարդում ես սիրտս։ Տո՜ւր ինձ, ուրեմն, Քո սերը։ Երանի՜ թե Քեզ այնքա՜ն սիրեի, որքան որ սիրում են Քեզ Քո Մայրը՝ Մարիամը, և բոլոր Սրբերը։ Երանի՜ թե աշխարհի բոլոր մարդկանց սիրել տայի Քեզ։ Սա՛ եմ փափագում, գոնե ընդունի՜ր իմ փափագը։

 

Աստված մանուկ եղավ, Ամենակարողը՝ տկարացավ, բոլորին հրաման տվողը՝ Իր ծառաներին հպատակվեց, այնքա՜ն խոնարհվեց, որ մարդ եղավ և ախոռում դրվել հանձն առավ։ Սերը հաղթեց Աստծուն, որ այսքա՜ն սիրեց մեզ։

 

Ո՜վ սիրելի Մանուկ Հիսուս, սիրում եմ Քեզ և ամբողջովին ապավինում եմ Քեզ։ Դո՛ւ ես իմ սերն ու հույսը։ Ի՞նչ պիտի լինեի, եթե երկնքից իջած չլինեիր ինձ փրկելու։ Մեղքերիս պատճառով վաղուց դժոխք իջած պիտի լինեի։ Օրհնյա՜լ լինի ողորմությունդ, որ միշտ պատրաստ ես զղջացածին շնորհելու։ Դու լա՛վ գիտես, որ զղջացել եմ Քո դեմ գործած մեղքերիս համար։ Հաստատի՜ր ինձ շնորհիդ մեջ, և այնպես արա՛, որ այսուհետ միայն Քո համար ապրեմ։

Ո՜վ աստվածային կրակ, սրտիս մեջ այրի՜ր ինչը որ Քեզ անհաճո է։ Դո՛ւ եղիր իմ բոլոր փափագների տերը։ Ո՜վ իմ գանձ, կյանքս և ամեն ինչս, սիրու՜մ եմ Քեզ, և փափագում եմ վերջին շունչս տված ժամանակ Քեզ ասել. «Ո՜վ իմ Աստված, Քեզ եմ սիրում», որպեսզի այդ վայրկյանից սկսեմ ապրել այն սերը, որ հավիտյան պիտի տևի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։