ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անձդ Հիսուսին ընծայել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անձդ Հիսուսին ընծայել

Որդյակ, մինչև այստեղ կարդացածներովդ կամեցա քեզ ուսուցանել, թե Հիսուսի սերը քո հանդեպ որքա՜ն մեծ է եղել, որպեսզի դու էլ Իր սիրույն երախտագետ լինես։ Ջանացի քեզ որդիական վստահություն ներշնչել, ինչը որ Հիսուսն էլ է Իր հետևորդներից պահանջում։ Արդյոք հասա՞ նպատակիս, կարո՞ղ ես ասել, որ ամբողջ սրտովդ սիրում ես Հիսուսին, որ այնպիսի կերպով ես ապավինել Իր ողորմությանը, որ ոչինչ չի կարող քեզնից խլել ունեցածդ վստահությունը։

Հուսով եմ, որ կարող ես այս ամենն ասել. հուսով եմ, որ Հիսուսն օրհնեց իմ ջանքերը, և սիրտդ Հիսուսի Սրտի քաղցրությունից հափշտակվեց։ Ուրախացի՛ր և դարձյալ Իրեն միացի՛ր, մինչև որ մահվան քունը քեզ Իր մոտ տանի և Իրենից փառքի անթառամ պսակն ընդունես, որն Իր սիրելիներին է խոստացել։

Բայց ինչո՞ւ է տակավին ինչ որ տրտմություն սիրտս պատում։ Կարծես աչքիս դիմաց են այս գիրքը կարդացողներից ոմանք, ովքեր թեև ցանկանում են գործադրել այստեղ գրվածները, ջանում են իրենց հոգու փրկության համար հարկավոր միջոցները ձեռնարկել և Հիսուսի սիրույն սիրով հատուցել, բայց անընդհատ ասում են «վաղը, վաղը» և հետաձգում են իրենց դարձը, ձգձգում են ապերախտությունից դադարելը և Հիսուսին սիրել սկսելը։

Եթե դու էլ այս տրամադրություններով ես, խնդրում եմ քեզ՝ մի՛ կարծրացրու սիրտդ։ Հիսուսն է, որ քեզ կանչում է, կամենում է քեզ երջանկացնել թե՛ այստեղ և թե՛ Երկնքում։ Չէ՞ որ Հիսուսից հեռու ապրելով՝ թշվառ կյանք ես անցկացնում, սիրտդ միշտ ալեկոծությունների մեջ է, կրքերդ քո դահիճներն են դառնում, ու խիղճդ քեզ տանջում է։

Զուր տեղ ինքդ քեզ մի՛ ստիր, որովհետև այդ ճանապարհով քայլելով դու երջանկության չես հասնի։ Աստված և խիղճդ դրա դեմ են վկայում։ Գնա ո՛ւր ուզում ես, երկինք բարձրացիր, դժոխք իջիր, երկրի խորքում թաքնվիր, մութ խավարի մեջ սուզվիր, ... այդ երկու վկաներդ միշտ աչքիդ առջև են և կրկնում են քեզ, որ կյանքդ կարճ է, իսկ մահդ՝ մոտ, և որ դու էլ կարող ես դժոխք գնալ։

Աստված և խիղճդ կրկնում են թե՛ անկարգ ուրախություններիդ մեջ և թե՛ կրքերիդ գոհացման ժամանակ. «Վա՜յ նրանց, որ հիմա ծիծաղում են, որովհետև պիտի լան և սգան» (Ղկս 6, 28)։ Մի՛ նմանվիր ձկանը, որ խայծը կուլ է տալիս և կարճատև ուրախության գերի դառնում. վաղն ուրիշին ես թողնելու հարստությունդ ու պատիվդ։ Իմացի՛ր քո օգուտը և նախ Աստծո Արքայությունը փնտրիր։

Մի՛ մտածիր, թե կյանքդ փոխելով շրջապատիդ մարդիկ քեզ ծաղրելու են ու վրադ ծիծաղելու։ Նրանք թող ծիծաղեն, իսկ դու քո պարտքը կատարիր։ Եթե առջևդ գանձ տեսնեիր և ինչ որ իշխանություն ձեռք բերելու հնարավորություն ունենայիր, ապա ամեն ջանք կգործադրեիր դա ստանալու համար՝ առանց կարևորություն տալու, թե մյուսներն ի՛նչ պիտի խոսեն։ Իսկ Արքայությունը շահելու համար ուրիշների խոսքերի՞ն ես կարևորություն տալիս։

Սա անվայել է քրիստոնյայի համար և ամոթալի. ամեն բանում քաջ ես, միայն Հիսուսին ծառայելու համա՞ր է, որ ուրիշների ասածին կարևորություն պիտի տաս։ Նրանց հաճո դառնալու համար հոգիդ կորստյան մի՛ մատնիր։ Նրանք գալո՞ւ են քեզ դժոխքից ազատելու։ Դո՛ւ ծիծաղիր նրանց վրա – իրականում՝ ցավի՛ր և լա՛ – և երկքնի ու երկրի դիմաց ցույց տուր, որ ցանկանում ես պարտականությունդ կատարել՝ որպես ճշմարիտ քրիստոնյա։

Նրանք, որ հետևիցդ խոսում են, վստահ եղիր, որ իրենց սրտի խորքում վավերացնում են քո ընտրած ճանապարհը, գովում են արիությունդ և քեզնից բարի օրինակ են առնում։ Թող որ խոսեն ի՛նչ ուզում են, դու Հիսուսինն ես և ինքդ քեզ պարտավոր ես Նրան հանձնել։ Մի՞թե ամոթ է նման Տիրոջը ծառայելը, Նրան աշակերտելը։ Տե՛ս, թե ի՛նչ է ասում Հիսուսը. «Ով որ մարդկանց առաջ ինձ դավանի, ես էլ իրեն պիտի դավանեմ Երկնավոր Հորս դիմաց, որ Երկնքում է» (Մտթ 10, 32)։

Խոստովանա՞նքն է, որ քեզ վախեցնում է։ Բայց մի՞թե չունես փորձը, թե ի՜նչ անպատմելի ուրախություն է այն պատճառում, երբ խիղճդ քեզ տանջում է. մոռացե՞լ ես այն քաղցր մխիթարությունն ու հանգստությունը, որ զգացել ես նման խոստովանանքից հետո։ Աշխարհում չկա ո՛չ մի ա՛յլ երջանություն, որ հավասարվի այն պահին, երբ քահանան բարձրացնում է աջը և Հիսուսի կողմից ներում է մեղքերդ, և դու զգում ես, որ հաշտվել ես Աստծո հետ։ Ճիշտ է, որ դժվար է անձի խեղճություններն ու մեղքերը հայտնելը, բայց նախընտրելի է հանձն առնել այդ խոնարհեցման պահը՝ անսահման երջանկության արժանի լինելու համար։ Ավելի լավ է երկրի վրա քահանային հայտնել մեղքերդ, քան մի օր ամբողջ աշխարհի դիմաց ողբալ ու լալ, քանի որ հավիտենական դժոխքին ես արժանի եղել։

Որդյակ, գնա՛ քահանայի մոտ և եթե խղճիդ վրա որևէ մեղք ունես, որը քեզ տառապանք է պատճառում, հայտնի՛ր նրան, որպեսզի Հիսուսը բժշկի սիրտդ։ Մի փոքր բարի կամք քո կողմից, և մնացածը Հիսուսը կամբողջացնի։ Դիմի՛ր Հիսուսին ու Աստվածամորը, օգնությո՛ւն խնդրիր և պիտի տեսնես, որ ամեն ինչ պիտի հեշտանա։

Մեր կյանքը կարճ է, երազի նման անցնում է և վրա է հասնում մահը։ Մեծ պիտի լինի մխիթարությունդ, երբ խիղճդ ի սկզբանե կարգավորել ես, և հոգիդ սրբարար շնորհն ունի։ Վաղվան մի՛ թող այն, ինչը որ կարող ես այսօր անել։ Հիսուսի զավակը դարձիր, որպեսզի վերջում Իր թշնամին չհամարվես։ Ծառայի՛ր Իրեն, Իրեն պատկանի՛ր, սիրի՛ր Իրեն, որպեսզի Արքայության մեջ Նա Ինքը լինի քո վարձը։

Քանի՜ քանի՜ մեղավորներ «վաղը, վաղը» ասելով՝ չեն հասցրել անգամ մեկ խոստովանանք անել և մահվան քունն են մտել։ Հիմա որտե՞ղ են նրանք և ո՞վ գիտի, թե ինչպե՜ս են ափսոսում։ Եթե այսօր դժվարանում ես կտրել ունեցածդ վնասակար կապերդ, քո չար սովորություններից հրաժարվել, հաղթվում ես մարդկային նկատմունքներից, կարծում ես վաղն ավելի հե՞շտ պիտի լինի։ Վաղն ավելի դժվար է լինելու։

Դարձի՛ եկ, ուրեմն, մի՛ հետաձգիր խոստովանանքդ։ Դիմի՛ր Հիսուսին. իմացիր, որ Իր բարեգութ Սիրտը չի կարող մերժել։ Երանի՜ նրան, ով փնտրում է Հիսուսին, և է՛լ ավելի երանի՜ նրան, ով գտնում է Հիսուսին, և հազա՛ր երանի՜ նրան, ով սիրում է Հիսուսին։ Նրա ունեցած երջանկությունն անհնարին է մարդկային բառերով պատմել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։