18. ԳԵԹՍԵՄԱՆԻՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԿՐԱԾՆԵՐԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ ԿԱՄՔԻՆ – Գրադարան – Mashtoz.org

18. ԳԵԹՍԵՄԱՆԻՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԿՐԱԾՆԵՐԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ ԿԱՄՔԻՆ

Ամենասուրբ Հաղորդությունը հաստատելուց և Իր աշակերտներին վերջին խրատները տալուց հետո, սովորության համաձայն՝ Հիսուսը Գեթսեմանիի պարտեզն է մտնում։ Փորձության պահը մոտ լինելով՝ սկսում է աղոթքով պատրաստվել, որպեսզի մեզ օրինակ տա, որ փորձության ժամանակ աղոթքի դիմենք։ Աշակերտներին ասում է. «Դուք այստեղ մնացեք, ես գնամ մի քիչ հեռու՝ աղոթելու, բայց դուք էլ աղոթեցեք, որպեսզի փորձության ժամանակ տկար չգտնվեք» (Ղկս 22, 40)։

Հիսուսն Իր հետ վերցնում է միայն Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, պարտեզի անկյունում քաշված՝ ընկնում է տրտմության ու տագնապի մեջ։ Թեև նախկինում փափագում էր այս ժամին, և ա՛յլ առիթներով բնավ չէր հայտնել Իր ներքին նեղությունները, այստեղ Իր աշակերտներին ասում է. «Սիրտս մահաբեր տրտմության մեջ է» (Մտթ 26, 37)։

Մտերմությամբ այս խոսքերն ասելուց հետո ավելի է հեռանում նրանցից, իսկ տրտմությունն ու տագնապն Իր մեջ ավելի է սաստկանում, այնքան, որ մարմինը սկսում է արյուն քրտնել։ Կարծես Աստվածությունն Իրեն լքած լիներ և հոգեվարքի մեջ էր գտնվում։

 

Ո՜վ Տեր, Դու էիր, որ մարտիրոսներին զորացրեցիր իրենց տանջանքների մեջ, և նրանք ուրախությամբ մահվան էին դիմում։ Առաքյալներիցդ Անդրեասը խաչված պահին ասաց. «Ուրախությամբ ես գալիս Քո մոտ, ո՜վ պատվական Խաչ, շարունակ Քեզ փափագեցի և ահա՛ փարվում եմ Քեզ», և երբ դեռ ողջ՝ ցանկացան խաչից վար իջեցնել, դարձյալ աղոթեց Քեզ՝ ասելով. «Տե՜ր, թույլ մի՛ տուր, որ ինձ խաչից վար առնեն»։ Հիսո՜ւս, Քո աշակերտները և հազարավոր մարտիրոսներ Քո շնորհով զորացած՝ ուրախությամբ նետվեցին կրակի մեջ, սրի ու մահվան ենթարկվեցին, ինչո՞ւ ես կամենում, որ սաստիկ տխրությունը Քո հոգին պատի։

 

Լսում եմ ձայնդ, որ հոգուս ասում է. «Որդյակ, Ձիթենիների պարտեզում իմ տրտմելն ու տագնապելը ձեր սիրո և մխիթարության համար էր, որպեսզի ըմբռնեք, որ ես մարդկային ամեն տկարություն հանձն էի առել, և մահն ինձ էլ սոսկում պատճառեց, ինչպես ձեզ։ Բայց ունեի մի ա՛յլ պատճառ էլ՝ մահվան չափ տրտմելու համար։ Մարդիկ որքան մեղք որ արել էին և դեռ պիտի անեին, բոլորն էլ իմ վրա էին բեռնվել։ Ո՞վ կարող է պատմել դրանց թիվն ու ծանրությունը։ Բոլորն էլ հատ հատ տեսնում էի, ոչինչ ծածուկ չէր մնում իմ աչքից։ Այս մեղքերից Աստծո դեմ կատարվածները վրաս սոսկում և սարսափ էին բերում։ Այդ սոսկալի ու ատելի բեռով կանգնած էի Երկնավոր Հորս դիմաց։ Ամոթը, որ կրում էի, ցավը, որ դրանց համար զգում էի, այնքան սաստիկ էին, որ ամենակարողությանս հրաշքով դիմացա ու չմահացա։ Եթե կարողանայիր ըմբռնել Աստծո սրբությունը և մեղքի պղծությունը, պիտի չզարմանայիր այդպես տրտմելուս համար և պիտի ըմբռնեիր, թե ինչո՛ւ ամբողջ մարմինս քրտինք եղավ։

Դու էլ քո մեղքով ավելացրեցիր իմ տրտմությունը, քո մեղքերի բեռն էլ կրեցի վրաս։ Բոլոր ցանկություններդ, որ Աստծո կամքին հակառակ կատարեցիր, դրանք ինձ էլ տրտմություն և ցավ պատճառեցին, դրանք էլ ինձ հոգեվարքի մատնեցին։ Դեռ կամենո՞ւմ ես շարունակել կատարել չար ցանկություններդ, ցանկանո՞ւմ ես, որ կրկին անգամ կրեմ այդ նույն տագնապը»։

 

Ո՛չ, Տե՜ր իմ Հիսուս, խոնարհվում եմ Քո առջև, խոստովանում եմ, որ ապերախտ եմ եղել, ների՜ր անզգամությանս։ Նզովված լինեն մեղքերս, որ ծանրացրեցին տրտմությունդ ու ցավդ։ Ահա՛ այս եղավ հատուցումը, որ արեցի՝ Քո սիրո փոխարեն։ Ինձ էլ մասնակից արա՜ այն ցավերին, որոնք իմ մեղքերի համար կրեցիր Ձիթենյաց պարտեզում, որպեսզի կյանքիս մնացած ընթացքում զղջամ այդ ցավով։ Երանի՜ թե զղջմամբս ու սիրովս կարողանայի Քեզ տված վշտերիս փոխարեն մի բան անել։ Սրտանց զղջում եմ, որ իմ խղճուկ հաճույքը Քեզնից ավելի սիրեցի։ Զղջում եմ և ամեն բանից ավելի Քեզ եմ սիրում, Հիսո՜ւս։ Ողջ սրտովս, ողջ զորությամբս սիրում եմ Քեզ, ինձ շնո՜րհ տուր, որ սիրեմ Քեզ այնպես, ինչպես Դու ես կամենում, օրը օրին ավելացրո՜ւ սերս, որպեսզի մինչև մահս սիրեմ Քեզ։

 

«Հոգիս տրտում է մահվան չափ» (Մտթ 26, 38)։ Հիսուսի տրտմությունը շա՜տ ավելի էր ծանրանում, երբ մտածում էր, որ մեր համար այնչա՜փ աշխատանք, այնքա՜ն չարչարանք կրելուց ու մահանալուց հետո՝ բազմաթիվ մարդիկ իրենց ազատ կամքի ընտրությամբ չպիտի հասնեն փրկության։ Իր մահն անօգուտ պիտի լիներ բազմաթիվ մարդկանց համար, իսկ Իրեն ծառայողներից էլ շատերը դժոխքի վախից իբրև գերի պիտի ծառայեին՝ չճաշակելով Իր անչափ սերը։

Այս բոլորն աչքի առջև ունենալով՝ սիրտը խորտակվում էր, լքումը գալիս էր Իր վրա։ Իսկ ո՞րն էր այդ բոլոր ցավերի մեջ Իր մխիթարությունը. միայն Իր Երկնավոր Հայրը, Նրա կամքը կատարելը։ Մեծ օրինակ է, որ Հիսուսը տալիս է բոլորիս։

Հիսուսն աշակերտներից շատերին պարտեզի մի կողմում թողեց, որպեսզի չտեսնեն Իր վշտերը։ Նրանցից միայն երեքին Իր հետ վերցրեց, ապա նրանցից էլ հեռացավ ու, գետնին խոնարհված, աղոթեց. «Հա՜յր, եթե կարելի է, հեռացրո՜ւ ինձնից այս բաժակը, բայց իմ կամքը թող չլինի, այլ՝ Քոնը» (Մտթ 26, 39)։

Միայն Հիսուսը կարող էր այս կերպ աղոթել։ Մի կողմից՝ ահագին սոսկում, մյուս կողմից՝ անսահման հպատակություն Աստծո կամքին։ Եթե Հիսուսն այդքա՜ն դժվարության մեջ կարողացավ համակամվել Հոր կամքին, մենք էլ մեր փոքր նեղությունների մեջ կարող ենք Նրան նմանվել։ Արդ, երբ որևէ նեղություն ունենաս, սիրտդ առ Աստված բարձրացրո՛ւ, ցանկանալով ենթարկվել Հոր կամքին։ Հիսուսի արած աղոթքը համառոտ էր. «Հա՜յր իմ, եթե կարելի է, հեռացրո՜ւ այս բաժակը, բայց ո՛չ իմ ուզած ձևով, այլ՝ Քո»։ Որքան էլ ցավի ու վշտի մեջ լինես, կարող ես այս աղոթքն անել։ Հիսուսը նույն աղոթքը հաճախ կրկնեց, մինչև որ Երկնքից մի հրեշտակ իջնելով՝ մխիթարեց Իրեն։ Դու էլ նույնը արա՛. առանց հարատևության չես կարող ընդունել Աստծուց խնդրած շնորհդ։

«Հա՜յր իմ», ասում է, որովհետև մեր Հայրն է, նույնիսկ երբ թույլատրում է, որ խաչեր հառնեն մեր դիմաց։ Թող պատժի քեզ Հայրդ, Հոր տված պատժից մի՛ վախեցիր։ Բարկացած դատավորի պատիժ չէ, որ քեզ վախ ներշնչի։

«Թող չլինի իմ կամքը, այլ՝ Քոնը». Հիսուսը չի աղոթում բացարձակ կերպով՝ պահանջելով Հորից, որ անպայման հեռացնի բաժակը, այլ՝ ազատի, եթե Իր կամքն է, եթե այդպես հարմար է նկատում։ Այսպիսին է լինում որդու աղաչանքը. Հա՜յր, եթե սա լավ է, բարի է, անհրաժեշտ դեղ է, նույնիսկ պատժիր ինձ։ Քանի՜ անգամներ նույն կերպով պիտի աղոթենք նաև մենք ... ։

 

Հիսո՜ւս, Գեթսեմանիի պարտեզում կողքիդ ծնրադիր՝ առաջադրում եմ, որ հետայսու ի՛նչ տեսակ խաչ էլ որ թույլատրես, որ պատահի ինձ, կամենում եմ Քեզնով մխիթարվել։ Չունեմ մեկը, որ ինձ գթա, Քեզնից բացի, ամեն բանում ապավինում եմ Քեզ։ Աշխարհի վրա բուժի՜ր ինձ, ի՛նչ որ կամքդ է, կատարի՜ր իմ հետ, պատրաստ եմ ընդունելու ձեռքիցդ թե՛ հաջողություն և թե՛ ձախորդություն։ Ինձ Քո ողորմությանն եմ հանձնում, որովհետև գիտեմ, որ ի՛նչ որ էլ անելու լինես, իմ բարիքի համար ես անում. «Եթե ինձ խավարի մեջ թողնես, օրհնյա՜լ լինես. եթե կամենաս լույսերի մեջ հանգչեցնել, օրհնյա՜լ լինես. եթե հաճես ինձ նեղությունների մատնել, նույնպես ամեն բանի մեջ օրհնյա՜լ լինես»։ Քո ձեռքից ինձ եկածը՝ քաղցր կամ դառը, ուրախություն կամ տրտմություն, ընդունում եմ սիրով և փա՜ռք եմ տալիս Քեզ։ Պահի՜ր ինձ մեղքից, ինձ չի վախեցնում ո՛չ մահը և ո՛չ դժոխքը, ամեն տառապանք թող գա իմ վրա, միայն թե ինձնից Երեսդ մի՛ թեքիր և մի՛ ջնջիր անունս հավիտենականության գրքից։ Քեզ սիրելու համար՝ ցանկանում եմ ամեն բան հանձն առնել։ Հիսո՜ւս, տո՜ւր ինձ Քո սերը, այնպես արա՛, որ մահանալուս պահին կարողանամ ասել. «Սիրո՜ւմ եմ Քեզ, թող որ Քո կամքն օրհնյա՜լ լինի»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։