ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վստահություն Հիսուսի հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վստահություն Հիսուսի հանդեպ

Սրտումդ զգո՞ւմ ես, որ սիրում ես Հիսուսին աշխարհի ամեն բանից առավել։ Երանի՜ է քեզ, եթե զգում ես, որովհետև ով սիրում է Աստծուն, սիրելի է Աստծուն։ Նույնիսկ եթե Նրան սիրելու միայն փափագն ունես, – անկե՛ղծ փափագը, – նշանակում է, որ Աստծուն սիրում ես։

Ա՜հ, ինչքա՜ն մեծ մխիթարություն է այդ զգացումն էլ. ինչքա՜ն քաղցր բան է՝ հաստատուն առաջադրություն ունենալն ու ասելը. «Հանձն եմ առնում ամեն վիշտ կրել, մահն էլ հանձն առնել, քան թե Հիսուսին վշտացնել»։

Այս առաջադրության հետ միասին, Հիսուսի ողորմության հանդեպ որդիական վստահություն ունեցիր և քեզ Իր կամքին հանձնիր։ Հիսուսը կամենում է, որ Իրեն քո ամենամտերիմ ընկերոջ տեղ ընդունես և Իրեն դիմես թե՛ հիվանդության, թե՛ ներքին դժվարության, թե՛ ուրախություններիդ ժամանակ։

Երբ հիվանդություն ունենաս, ասա՛ Իրեն. «Հիսո՜ւս, տե՜ս կրածներս և ինձ օգնությա՜ն հասիր։ Եթե կամենում ես, որ այս հիվանդությունը երկարի, ես էլ նույնը կցանկանամ. եթե կամենաս, որ առողջանամ, թո՛ղ Քո կամքը լինի։ Ցավերս Քեզ եմ նվիրում, Տե՜ր Հիսուս, միայն թե համբերությո՜ւն տուր, որ սիրով կրեմ»։

Մտածի՛ր, որ Հիսուսը քեզ այցելության է եկել և կողքդ նստած՝ ասում է քեզ. «Սիրով համբերիր, որովհետև քեզ սիրելուս համար է, որ քեզ այս հիվանդությունը տվեցի, որպեսզի ծառայի մեղքերդ մաքրելու և Արքայության մեջ հատուցում ստանալու համար»։ Այս բարի մտածությունները միտքդ բերելով՝ նորոգի՛ր բարի տրամադրությունդ՝ ամեն վիշտ կրելու Հիսուսի սիրո համար և ասա՛. «Տե՜ր, սիրտս պատրաստակամ է, Աստվա՜ծ իմ»։

Բարեպաշտ հոգիներն ու սրբակյաց անձինք էլ են ներքին տառապանք, հոգու ցամաքություն, ձանձրույթ, տարակուսանք, լքում զգում, այնպես՝ որ կարծես Աստված իրենցից երես է թեքել և որով փորձություններ են զգում, հուսալքման պահեր են ունենում։ Եթե քեզ էլ նման հոգեվիճակներ պատահելու լինեն, փարվի՛ր Հիսուսի ոտքերին և ասա՛. «Տե՜ր, ո՞ւր ես, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ, մինչև ե՞րբ ես Երեսդ ինձնից թեքելու։ Գիտես, որ սրտանց փափագում եմ Քեզ ունենալ, օգնի՜ր ինձ, որովհետև Քեզ եմ ապավինել և գիտեմ, որ հավիտյան ամոթով չեմ մնալու»։

Այս կերպ սիրտդ Հիսուսին հայտնելուց հետո՝ հանդարտ մնա՛, և Աստված քեզ կմխիթարի։ Եթե Հիսուսն Իր մխիթարությունն ուշացնի, մի՛ հուսահատվիր, որովհետև ի վերջո կգա օգնության. քեզ փորձելու և ավելի շնորհ տալու համար է, որ հետդ այդ կերպ է վարվում։ Նա կամենում է քո հավատարմությունը տեսնել։

Արդ, ներքին նեղություններիդ մեջ մի՛ հուսահատվիր. դրանք նշան են, որ Հիսուսը քեզ սիրում է և Իր սովորությունն է՝ Իր սիրելիների հետ այդ կերպ վարվել։ Այս ճանապարհին հետևելով՝ բազմաթիվ Սրբեր կատարելության են հասել։ Սրբերի օրինակը թող որ արիացնի քեզ, դու էլ նրանց նման կրկնի՛ր. «Ի՜մ Հիսուս, որքան էլ ծանր զգամ և ներքին նեղություններս ավելանան, չեմ ցանկանում դադարել Քեզ ծառայելուց, չեմ ցանկանում հեռանալ Քեզնից։ Արժանի չեմ հոգեկան մխիթարությունների, բայց խնդրում եմ, որ ինձ արիացնես, որպեսզի կարողանամ համբերել»։

Երբ սկսում ես տարակույսներ ունենալ կատարածդ խոստովանքների համար, թե արդյոք բոլոր մեղքերիդ թողություն ստացե՞լ ես, կամ սկսում ես կասկածել, թե արդյոք փորձությունների մեջ հավանություն տվե՞լ ես, և կամ տարակուսում ես, թե արդյոք մեղքերիդ համար զրկվե՞լ ես Աստծո շնորհից, մի՛ հուսահատվիր։ Հիսուսը կամենում է, որ սերդ Իրեն ցույց տաս և սիրտդ խոնարհությամբ հայտնես հոգևոր հորդ և նրան հնազանդվես։ Հիշի՛ր Ավետարանում ասած Իր խոսքերը. «Ո՛վ որ ձեզ լսի, ինձ լսած կլինի» (Ղկս 10, 16)։ Երբ չես հնազանդվում հոգևոր հորդ, Աստծո հանդեպ ես անհնազանդ լինում։

Ինչ վերաբերվում է հոգևոր հորդ կամ խոստովանահորդ, պետք է հավատքի հոգիով մոտենաս նրան, և ինքդ քեզ ասես. «Ես Հիսուսի ներկայացուցչի մոտ եմ գնում և Հիսուսի պատգամները նրա շուրթերից եմ լսում»։ Եթե ցանկանում ես առաջադիմել Հիսուսի սիրո մեջ, քեզ մի գիտուն ու բարեպաշտ հոգևոր հոր ձեռքը հանձնիր և հնազանդվիր նրան՝ իբրև Աստծուն։ Եթե այս կերպ ընթանաս, վախ չես ունենա, թե Աստված քեզնից հաշիվ է պահանջելու։ Հիսուսը թույլ չի՛ տա, որ հոգևոր հայրդ սխալվի, իսկ եթե սխալվելու էլ լինի, դու նրան հնազանդվելով՝ չես սխալվի։ Երբ հոգևոր հայրդ քեզ ասում է «Անցյալ մեղքերիդ մասին այլևս մի՛ մտածիր և ի՛նչ որ մտքիդ գա, հեռացրո՛ւ քեզնից», դու իրեն հնազանդվի՛ր։ Եթե քեզ սովորեցնի, թե մտքովդ պատահաբար անցած վատ մտածությունները մի՛ խոստովանիր, հնազանդվի՛ր նրան, երբ դրանց հավանություն չես տվել։

Կարող է պատահել, որ սկսես տարակուսել և մտածել, թե մտքիդ եկած չար խորհուրդներին հավանություն ես տվել։ Եթե սովորաբար զգույշ ես ապրում և չես ցանկանում անգամ ներելի մեղք գործել, դա նշան է, որ մահացու մեղքից էլ ես զգուշանում և այն քո համար մի հրեշ է այլևս։ Եթե մեղքից խորշում ես, բայց պատահի, որ մահացու մեղք գործես, տարակույս չես ունենա՝ գործել ես, թե ո՛չ, որովհետև հոգուդ խռովքը դրա մասին կհայտնի քեզ։

Եթե վիճակիդ պարտականությունները կատարում ես և քեզ տակավին գաղջ ու սառն ես զգում, մտածի՛ր հետևյալը. Աստծո սերը քո զգալուն չի վերաբերվում, այլ՝ քո կամքին։ Երբ կամենում ես Հիսուսին սիրել և Իրեն վստահել, դա արդեն նշան է, որ սիրում ես Իրեն։ Երբ կյանքիդ մեջ մի մտերիմ ընկեր ունես, բնականաբար սիրտդ բացում ես իր առջև և ամեն բան հայտնում ես. նույնիսկ երբ ասելու բան չունենաս, սիրում ես պարզապես իր մոտ գնալ և արդեն իսկ մխիթարված ես քեզ զգում։ Նո՛ւյն կերպ վարվիր Հիսուսի հետ։ Հիսուսի սիրտն այնքա՜ն բարի է, որ կամենում է քեզ հավասարի նման հետդ բնակվել, կամենում է, որ քո հետ կապված ամեն ինչ Իրեն պատմես։ Քո հանդեպ այնքա՜ն հոգ և գուրգուրանք ունի, որ կարծես Իր միակ մտահոգությունը դու ես։ Կամենում է Իր նախախնամությամբ Քո մասին հոգ տանել և օգնել, այնպես՝ ասես թե ուրիշ ոչ մի հոգ չունի։ Հիսուսն Իր ամբողջ կարողությունը, ողորմությունը և բարությունը կամենում է քո համար գործածել։ Խնդրի՛ր, ուրեմն, որ քեզ շնորհ տա, որպեսզի ամեն կերպ Իր սուրբ կամքը կատարես, հարատևես բարու մեջ և փրկության հասնես։

Խնդրի՛ր Հիսուսից, որ խեղճ մեղավորները դարձի գան։ Քանինե՜ր մահանալու շեմին են և դեռ չեն զղջացել, քահանայի երես տեսնել չեն ցանկանում։ Աղոթի՛ր նրանց համար, որովհետև հավատքով եղած աղոթքը շատ անգամ խրատից ավելի զորավոր է։

Աղոթի՛ր նաև Սուրբ Եկեղեցու համար, որ Աստված Իր ժողովրդին սուրբ քահանաներ և բարի առաջնորդներ պարգևի, որպեսզի հավատացյալներն առանց հովվի չմնան և Հիսուսի Եկեղեցիում սխալ վարդապետությունները չշատանան։

Աստվածասեր հոգու համար ինչպիսի՜ ցավ և ինչպիսի՜ տրտմություն է մտածելը, որ անթիվ հոգիներ դատապարտվում են։ Աղոթքով խնդրի՛ր Հիսուսին, որ նրանց ողորմի, քանի որ Իր Արյան գինն են։

Աղոթի՛ր այն քարոզիչների համար, ովքեր իրենց կյանքը վտանգում են և բարբարոս աշխարհներ են գնում՝ Հիսուսի Ավետարանը քարոզելու համար։ Աղոթի՛ր, որ նրանց քարոզչությունը պտղաբեր լինի, և հոգիները դարձի գան։

Աղոթի՛ր բոլորի փրկության համար, որպեսզի ուրախություն պատճառես Հիսուսին, Ով ամբողջ մարդկության փրկությունն է կամենում, և որ բոլորը հասնեն ճշմարտության լույսին։

Աղոթի՛ր ննջեցյալ հոգիների համար. նրանք էլ Աստծուն սիրելի հոգիներ են, և Հիսուսը կամենում է, որ նրանց համար աղոթես, որպեսզի նրանք էլ փոխադարձաբար քեզ օգնեն, և դու Երկնքի Արքայությանը հասնես։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։