ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել նեղություններին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել նեղություններին

Բոլոր Սրբերին հաճելի է եղել՝ Հիսուսի համար աշխատելը, անարգվելը և ցավ կրելը. ջանա՛ նրանց նմանվել։ Մի՛ փախցրու առիթները՝ Հիսուսի համար ինչ որ մի բան կրելու կամ անելու, որքան էլ դրանք հոգնեցուցիչ լինեն։ Ունակ եղիր համբերելու մանր ցավերին, որոնք անպակաս են մարդու կյանքում, որքան էլ որ առողջ լինի նա։ Այդ ամենը Հիսուսի կրած չարչարանքների փոխարեն ցանկացիր կրել և մի՛ գանգատվիր։ Աստված կարող է թույլատրել, որ ծանր հիվանդություն պատահի քեզ. կարողացիր համակամությամբ ընդունել և հնազանդվել Աստծո կամքին, մանավանդ թե՝ շնորհակալ եղիր, որ քեզ արժանի է անում մասնակցելու Իր չարչարանքներին։ Հիվանդությունը հոգուդ առողջանալու պատճառ կարող է լինել, ուստի դիմացիր ցավերին, որպեսզի հատուցում արած լինես կատարածդ մեղքերի փոխարեն։ Շատ ավելի համառոտ և դյուրին է անկողնու մեջ քավել մեղքերը, քան քավարանի կրակի մեջ։

Եթե Աստված հիվանդությունդ երկար ժամանակով թույլատրի, իմացիր, որ քեզ կամենում է անպայման փրկության հասցնել։ Բազմաթիվ Սրբեր են իրենց ամբողջ կյանքը հիվանդությամբ անցկացրել, չեն կարողացել երկար աղոթել և ո՛չ էլ քարոզի գնալ կամ դիմացինին բարիք անել, բայց Աստծո հայրական ձեռքից ընդունելով իրենց վիճակը՝ բարձր սրբության են հասել։

Սրբերից մեկի մարմինը վերքերով էր ծածկվել՝ տասնչորս տարի անընդհատ մի կողմի վրա պառկելու հետևանքով. և նա միշտ այս աղոթքն էր կրկնել. «Աստված իմ, թող որ Քո սուրբ կամքը կատարվի։ Դու արդար ես և արդարությամբ ես ինձ պատժում»։

Քանիսնե՜ր պիտի դժոխքից ազատված լինեին, եթե երկարատև հիվանդություն կրած լինեին։ Շնորհակալ եղիր Հիսուսին ամեն անգամ, որ մի փոքրիկ վիշտ ես ունենում, որովհետև դա Իր սիրո նշանն է։ Մի՛ տխրիր, մի՛ գանգատվիր, եթե որևէ հիվանդություն կամ ցավ ես ունենում։ Դու քեզ հանդարտ պահիր և հաճախ ասա՛. «Հիսո՜ւս, սիրում եմ Քեզ և սիրույդ համար կրում եմ այս ցավը։ Միայն թե շնո՜րհ տուր ինձ, որ համբերեմ»։

Քաջությամբ ընդունիր ի՛նչ տեսակ դեղ որ տալու լինեն, որքա՛ն էլ որ այն դառը կամ անախորժ լինի։ Այդ պահին մտքիդ բեր այն լեղին, որ խաչի վրա Հիսուսին տվեցին, որ խմի, ու սրտանց ցանկացիր մասնակցել Իր խմածին։ Եթե դեղերից օգուտ չտեսնես, դարձյալ շնորհակալ եղիր Հիսուսին, որ այդ հիվանդությունն ուղարկել է քո օգտի համար։

Ամենից մեծ սիրո ապացույցդ հիվանդության ժամանակ Աստծո կամքին համակամվելդ է։ Եթե սա կատարես, նաև սրտի խաղաղություն ձեռք կբերես։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։