38. ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԻ ՀԱՆԴԵՊ ԱՊԵՐԱԽՏ ՉԼԻՆԵԼ – Գրադարան – Mashtoz.org

38. ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԻ ՀԱՆԴԵՊ ԱՊԵՐԱԽՏ ՉԼԻՆԵԼ

Հին Կտակարանում Աստված ասում է. «Եկե՛ք դատեցե՛ք, ի՞նչ կարող էի ավելի անել իմ այգում, որ չեմ արել» (Ես 5, 3)։

Հիսուսը նույն այս գանգատը նաև քեզ է ուղղում, ասելով. «Որդյակս, ավելի ի՞նչ կարող էի անել քո համար. քո հանդեպ այսքա՜ն սեր ցույց տալուցս հետո ինչո՞ւ ես ինձնից հեռու մնում, ի՞նչ եմ արել քեզ կամ ինչո՞վ եմ քեզ տրտմեցրել»։

Ի՞նչ կարող ես պատասխանել Հիսուսին. հանցավոր ես, մեղքերիդ բեռի տակ ճզմվում ես, ամոթահար ես։ Կարող ես միայն ցավել և լաց լինել՝ առանց ինքդ քեզ արդարացնելու։

Որդյակ, ասում է քեզ Հիսուսը, քո համար չէ՞, որ խաչի վրա նախատինքների մեջ մահացա, քեզ դժոխքից ազատելու համար աղքատություն և ամեն տեսակ զրկանք հանձն առա, բոլոր մարդկանցից ցած նկատվեցի, ոտքից մինչև գլուխ վերքերով ծածկվեցի, տանջանքն ու նախատինքը հանձն առա քո համար, քեզ սիրելու համար, իսկ դրանց փոխարեն սա՞ է քո կողմից ինձ տրված հատուցումը։

Քեզ ոչնչից ստեղծեցի իբրև մարդ՝ հոգուդ վրա իմ պատկերը դրոշմելով, իսկ դու ջանացիր այն քո վրայից ջնջել։ Սրբությանս կնիքը դրեցի քո վրա, իսկ դու այն աղտոտեցիր, շնորհներովս քեզ զարդարեցի, և դու դրանք արհամարհեցիր։

Որդյակ, երբ ինձնից հեռացար, ի՞նչ տեսակ երջանկություն գտար. երբ ունայն հաճույքի կամ փառքի համար ինձ լքեցիր, արդյոք գոհացա՞ր կամ վայելեցի՞ր այն խաղաղությունը, որը վայելում էիր, երբ ջերմեռանդությամբ ինձ էիր ծառայում։ Երբ ինձնից հեռանում ես, քո բաժինը միայն խղճիդ տանջանքն է և սրտիդ դառնությունը։

Վերադարձի՛ր, ուրեմն, դեպի ինձ, սիրտս բաց է քո համար, քեզ դարձյալ կընդունեմ՝ որպես իմ սիրո որդի։

 

Հիսո՜ւս, սիրտս Քո քաղցր ու բարի խոսքերով հուզում ես։ Խոստանում եմ, որ Քո հանդեպ այլևս ապերախտ չեմ լինելու և մտածելու եմ Քո կողմից ինձ արված անթիվ բարիքների մասին։ Մի՛ հանդիմանիր ինձ անցյալ կյանքիս համար, այլ միայն՝ ների՜ր ինձ։ Ցանկանում եմ մինչև մահս դրանց համար ապաշխարել, ցանկանում եմ սիրել Քեզ ամբողջ սրտովս, ամեն բանից վեր, կյանքիցս ու անձիցս էլ ավելի։ Երանի՜ ունենայի հազար սիրտ և բոլորն էլ Քեզ նվիրեի, բոլորով Քեզ սիրեի։ Տե՜ր, այնպես արա՛, որ գոնե այն միակ սիրտը, որ ունեմ, ամբողջովին Քեզ նվիրեմ, բայց նախ՝ այն փափկացրո՜ւ, որպեսզի դադարի անզգամ ու անտարբեր լինելուց։ Հիսո՜ւս, մեղավոր եմ, բայց այս վիճակովս էլ ցանկանում եմ սիրել Քեզ, մտածելով Քո կողմից իմ հանդեպ ցույց տրված անչափ սիրո մասին։ Հազա՜ր շնորհակալություն, որ ազատում ես ինձ դժոխքից՝ Արքայության փառքը պատրաստելով, իսկ ես սիրում եմ Քեզ, որովհետև Դու անհուն սիրո ես միայն արժանի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։