22. ՀԻՍՈՒՍԻ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԸ – Գրադարան – Mashtoz.org

22. ՀԻՍՈՒՍԻ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Զինվորներն ու քահանայապետի ծառաներն ամբողջ գիշեր նախատում և արհամարհում են Հիսուսին, որ բնավ բերանը չի բացում և Իր կրածները նվիրում է Իր Երկնավոր Հորը՝ մեր մեղքերի թողության համար։ Առավոտյան Իրեն առաջնորդում են Պիղատոսի մոտ, որպեսզի մահվան դատապարտեն։

Պիղատոսը ոչ մի բան չի գտնում Հիսուսին դատապարտելու համար։ Հրեաների ձեռքից ազատելու համար՝ Նրան ուղարկում է Հերովդեսի մոտ, որ հրեաների թագավորն էր։ Հերովդեսը Հիսուսին տեսնելով՝ ուրախանում է, որովհետև լսել էր Նրա հրաշքների մասին, և մտածում էր, որ իր ձեռքից ազատվելու համար Հիսուսն անշուշտ պիտի հրաշքներ կատարեր։ Մեծ է լինում իր զարմանքը, երբ հարցումներ է ուղղում Հիսուսին և ոչ մի պատասխան չի ստանում։

Հերովդեսը և նրա շուրջը գտնվողներն արհամարհում են Հիսուսին, խենթի տեղ դնելով՝ ճերմակ զգեստ են հագցնում և այդպես ետ են ուղարկում Պիղատոսի մոտ։ Հերովդեսն արհամարհում է Հիսուսին, որովհետև որևէ հրաշք չէր գործել, Նրան խենթ է համարում՝ հարցումներին պատասխան չտալու պատճառով, վախկոտ է համարում՝ Ինքն Իրեն չպաշտպանելու համար։

 

Տե՜ր Հիսուս, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ Հերովդեսը Քեզ այդ կերպ արհամարհի, ինչո՞ւ չխոնարհեցրեցիր նրա հպարտությունը, ինչո՞ւ հրեշտակների մի գունդ չիջեցրեցիր երկիր՝ նրան ու իր շրջապատին պատժելու համար։ Շնորհակա՜լ եմ, Հիսուս, որ ինձ սիրելուդ համար հրաժարվեցիր նաև արդարությունիցդ։ Երբ ճերմակ զգեստ հագցրած՝ ծանակվելով քայլում էիր փողոցներով, իմ մասին մտածելով է, որ կրում էիր նախատինքը և ասում էիր. «Այդ խեղճ հոգին էլ մի օր անշուշտ պիտի նախատինք ընդունի, պիտի գտնվի նեղության մեջ, և ուրեմն իրեն համբերության օրինակ տամ, համբերությամբս իրեն շնորհ պատրաստեմ, լռությամբ կրեմ իմ սիրած հոգու համար»։

Հիսո՜ւս, որքան ավելի եմ ճանաչում Քեզ, այնքան ավելի է սիրտս սիրովդ բորբոքվում։ Ինձ սիրելուդ համար այսքա՜ն նախատինքի համբերեցիր. այնպես արա՛, որ ես էլ համբերեմ Քո սիրո համար։ Օգնի՜ր տկարությանս, որովհետև շատ դժվարությամբ եմ համբերում ինձ եղած ամենափոքր նախատինքին։

 

Քաջալերվի՜ր, որդյակս, դժվարությունից մի՛ հուսալքվիր. գիտեմ, որ մարդկային բնության համար դժվար է հպարտ, ծույլ, որկրամոլ, տգետ կամ ախտավոր համարվել։ Բայց մի՛ վախեցիր մարդկանց արած դատաստաններից, որոնք ծխի նման անցնում են։ Դիմացիններիդ ասածին ուշադրություն մի՛ դարձրու, որովհետև նրանց ասելով իմ առջև ո՛չ վատ ես լինում և ո՛չ էլ բարի։ Երբ Հերովդեսն ինձ ճերմակ հագցնելով՝ ինձ խենթի տեղ դրեց, մի՞թե դադարեցի Թագավոր, Երկնքի և երկրի Տերը լինելուց, կամ դադարեցի՞ Երկնավոր Հորս սիրելի Որդին լինելուց։ Նույնպես դու էլ արա՛. երբ մարդիկ քեզ արհամարհեն և հաշվի չառնեն, չեն կարող անել այնպես, որ քեզ չսիրեմ, երբ դու պահել ես անմեղությունդ։ Երանի՜ նրանց, ովքեր ինձ սիրում են և արհամարհված ժամանակ հետևում են ինձ՝ համակամելով Աստծո կամքին։

 

Իմաստությո՜ւն հավիտենական, երկնավոր Հորդ միակ Սիրելի, մի՞թե հնարավոր է, որ Քո արարածների կողմից անխելք կամ խենթ համարվես։ Հիսո՜ւս, այս որքա՜ն մեծ է սերդ, որ մեզ փրկելու համար անարգվելը բավական չհամարելով՝ կամեցար նաև նախատինքներով լցվել։ Այսքա՜ն սիրեցիր նրանց և փոխարենն ընդունեցիր նրանց ապերախտությունը, որոնց մեջ դժբախտաբար կամ նաև ես, որ Հերովդեսից ավելի եմ Քեզ նախատում։ Ինձ մի՛ պատժիր, Տեր Աստված իմ, հետս չխոսելով, ինչպես վարվեցիր Հերովդեսի հետ։ Նա չէր իմանում Քո Ո՛վ լինելը, իսկ ես ընդունում եմ Քեզ, իմ Տեր և Աստված. նա չէր սիրում Քեզ, մինչդեռ ես ցանկանում եմ Քեզ ամբողջ սրտովս սիրել։ Ինձ մի՛ զրկիր ներքին ազդեցություններից, թեև ոչ մի շնորհի արժանի չեմ։ Թելադրի՜ր, Տեր Հիսուս, թե ի՛նչ ես կամենում ինձնից, և ես պատրաստ եմ կատարել սուրբ կամքդ։ Ողորմի՜ր խեղճությանս և գթությամբ նայիր ինձ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։