5. ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐՆ ԻՐ ՄԻԱԾՆԻՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԱՇԽԱՐՀ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՅԱՆՔԸ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ ՄԵՂՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ – Գրադարան – Mashtoz.org

5. ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐՆ ԻՐ ՄԻԱԾՆԻՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԱՇԽԱՐՀ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՅԱՆՔԸ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ ՄԵՂՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարդիկ մահացած էին մեղքով և մահացած կմնային, եթե երկնավոր Հայրն Իր Միածին Որդուն չուղարկեր, որն Իր Արյունը հեղելով՝ նրանց կենդանացրեց։ Հրաշալի՜ բան. Աստված Իր կյանքը տալիս է, ուրեմն մարդ ասածդ ի՞նչ է։

 

Բարեգո՜ւթ Հիսուս, ի՞նչ արեցիր, մինչև ո՞ւր հասցրեց Քեզ մարդկանց հանդեպ Քո սերը։ Ի՞նչ տեսար իմ մեջ, որ այս սերը սրտումդ ծնվեց։ Ինչո՞ւ կամեցար իմ համար մահանալ. ո՞վ եմ ես, որ այսքա՜ն ծանր գնով ես գնում հոգիս։ Ի՞նչ եմ ես, Տե՜ր, ապերախտ արարած եմ, ոչի՛նչ եմ։ Բայց այստեղ է, որ հայտնվում է Քո անբավ մարդասիրությունը։ Մեր անարգ և ողորմելի վիճակն արգելք չեղավ սիրույդ, այլ ընդհակառակը՝ շարժեց սերդ։

 

Որքան մեր մեղքերն Աստծուց մեզ հեռացրեցին, այնչափ ավելի սիրով Ինքը մեզ փնտրեց, գութ ցույց տվեց մեր հանդեպ, մինչև անգամ Իր անմեղ Որդուն խաչի վրա զոհաբերեց մեր համար, որպեսզի մեզ դժոխքից ազատի, և մենք հոգով կրկին ծնվելով՝ Իրեն սիրենք։ Որքա՜ն մեծ է Աստծո սերը մարդկանց հանդեպ. մինչև ե՞րբ է, որ պիտի չըմբռնենք Աստծո սերը, մինչև ե՞րբ պիտի չսիրենք Աստծուն, որ ա՜յս աստիճան մեզ սիրել է։

Աստծո կողմից մեր հանդեպ ցուցաբերված սերն արդարև խորհուրդ է։ Մենք Իր անսահման բարությունը նախատել էինք, Իրեն ատելի էինք դարձել՝ Իրենից հեռանալով։ Սակայն Ինքը չդադարեց մեզ սիրելուց, մինչև անգամ Իր Որդուն ուղարկեց, որպեսզի մեզ ընկեր դառնա, եղբայր և փրկիչ։ Հիվանդ էինք, մեզ սիրելով՝ բժշկեց. չար ու կամապաշտ էինք, մեզ սիրեց, որպեսզի բարի դառնանք. մահացած էինք, մեզ սիրեց և մեզ կյանք պարգևեց։ Երկնքից տեսավ մեր ծայր աստիճան խեղճությունը, սիրտը հուզվեց։ Տեսավ, որ մոլորված էինք, անօրեն ճանապարհներով էինք շրջում, Իր Որդուն ուղարկեց, որպեսզի մեզ Երկինք տանող ճանապարհը ցույց տա։ Իր Միածին Որդին, Ում հրեշտակները երկրպագում էին, աշխարհ եկավ, երեսուներեք տարի մեր հետ ապրեց, ամեն տեսակ աշխատանք և նեղություն հանձն առավ՝ մեզ սատանայի ձեռքից և մեր մոլություններից փրկելու համար։

Կամեցավ գրավել մեր սիրտը, կարծես առանց դրա Իրեն մի բան պակասում էր, մեր համար խաչի վրա մահացավ, որպեսզի Իրեն սիրենք։

Ի՜նչ զարմանալի գութ, որ մեզ հետամուտ է, ի՜նչ մեծ պատիվ մարդու համար, որ Աստված այս աստիճան է իրեն փնտրում։ Այո՛, արդարև մարդ կարող է պարծենալ այսքան պատիվ ունենալու համար, կարող է սուրբ պարծանք զգալ, ո՛չ թե ինքն իրենով ինչ որ բան արժենալու համար, - ինքն իրենով արժեք չի ներկայացնում, - այլ՝ այն բանի համար, որ Աստված իրեն այսչափ պատվի է արժանացրել։ Ամբողջ աշխարհի գանձն ու պատիվը ոչինչ են այս մտքի կողքին, որ Աստված մարդուն ցույց տվեց։

Քրիստոսն ա՛յս աստիճան սիրեց ինձ, ինձ, որ ոչինչ եմ, ա՛յս աստիճան պատվեց և բարձրացրեց, ինձ եղբայր լինելու աստիճան. սրանից հետո ես ինչպե՞ս սիրեմ երկրավորը, մանավանդ մեղքը և նվաստացնեմ իմ Հիսուսին։ Հիսուսն ինձ բարձրացրեց գրեթե մինչև Իր մոտ, կարո՞ղ եմ ես ինձ մոլության տիղմի մեջ ընկղմել։

Հանձն եմ առնում մահանալ, քան թե նման բան անել։ Աստված ինձ սիրում է, ուրեմն ես էլ Իրեն եմ սիրում։ Աստված ինձ պատվում է, ուրեմն ես էլ գնահատեմ ունեցած պատիվս և փախչեմ մեղքի ստվերից։ Աստված ինձ սիրելու համար Իր կյանքը տվեց, ուրեմն օգնում է իմ տկարությանը։

 

Հա՜յր երկնավոր, Դու, որ Միածին Որդուդ իմ համար տվեցիր, որպեսզի մեղքի պատճառով կորցրած կյանքը դարձյալ ինձ տա, ողորմի՜ր ինձ։ Տո՜ւր շնորհդ, որպեսզի այսուհետ միայն Իր համար ապրեմ, որովհետև Ինքն էլ Իր կյանքն ու Արյունը տվեց իմ համար։

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, մտածելով վերքերիդ մասին, տեսնելով խաչդ, որի վրա մահացար իմ համար, Քեզ եմ նվիրում թե՛ կյանքս և թե՛ կամքս։ Այնպես արա, որ ամբողջովին Քեզ պատկանեմ, և այս օրվանից սկսած՝ միայն Քեզ փափագեմ։

Սիրում եմ Քեզ, ո՜վ անհուն բարի, սիրում եմ Քեզ, ո՜վ անհուն սեր։ Այնպես արա, որ կյանքիս բոլոր օրերում կարողանամ ասել Քեզ. «Իմ Աստված, սիրում եմ Քեզ»։ Մահվանս պահին էլ նույնն եմ ուզում կրկնել։

Քո սուրբ չարչարանքներիդ արդյունքով ինձ բարի մահ շնորհիր։ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ինձ այս շնորհը տուր։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։