15. ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ – Գրադարան – Mashtoz.org

15. ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ

Քրիստոսի ողջ կյանքը ներքին և արտաքին ցավերի համբերել եղավ։ Ամեն օր մարտիրոսության մեջ էր, և անպիսի՜ մարտիրոսություն, որ ոչ ոք չէր կարող երևակայել։ Իր բանականությունը մեր բանականության նման կամաց կամաց չբացվեց. հղիության օրից իսկ արդեն իսկ կատարյալ էր։

Ծննդյան օրվանից սկսեց կրել. դրվեց մսուրի մեջ, անպաշտպան ցրտից, ամեն բանի կարոտ՝ մնաց մսուրի մեջ։ Մի որոշ ժամանակ անց ստիպվեց փախչել Եգիպտոս՝ սպանող բռնավորի ձեռքից ազատվելու համար։ Երեսուներեք տարի կրեց աղքատությունը, մինչև որ խաչի վրա գամվելով մահացավ։

 

Այս ամենն իմ սիրո համար կրեցիր, բարեգո՜ւթ Հիսուս։ Ուրեմն, պետք է ես էլ կրելով՝ Քեզ իմ սերը ցույց տամ։ Ինձ շնո՜րհ տուր, որպեսզի այս խեղճ կյանքիս ընթացքում պատահած վշտերին սիրով համբերեմ։

 

Քրիստոսի մարտիրոսությունն ավելի սաստկացնողը եղավ այն հանգամանքը, որ Նա գիտեր, թե ի՛նչ չարչարանքներ պիտի կրեր։ Իր կյանքի առաջին իսկ վայրկյանից աչքի առջև ուներ Իր ընդունելիք խարազանի հարվածները, փշե պսակը, խաչը, նախատինքը և երկու ավազակների մեջտեղում մահանալը։ Երբ տեսնում էր մի գառնուկ դաշտի մեջ, կամ մի զոհ՝ տաճարում, հիշում էր Իր անձի զոհը, որ իբրև Աստծո Գառը՝ պիտի զոհվեր խաչի վրա։ Երբ դիտում էր Երուսաղեմ քաղաքը, հիշում էր այն բոլոր թշնամությունները, որ քաղաքը պիտի աներ իր դեմ։ Մի լեռ տեսնելիս՝ հիշում էր Գողգոթան, որի վրա պիտի թափեր Իր Արյունը։ Մորը տեսնելիս՝ մտքին էին գալիս այն բոլոր տառապանքները, որ նա պիտի կրեր խաչի ստորոտին, մինչև Իր մահը։ Այսպես ահա՛ Իր բոլոր չարչարանքների մասին մտածելով՝ Հիսուսի կյանքը մարտիրոսության էր վերածվել։

Բայց սրանցից ավելի, Իրեն վշտացնողը եղան մեր մեղքերն ու ապերախտությունները, քանի որ մեղքերով պիտի արհամարհեինք Իր կրած բոլոր կրածները։ Սա այնպիսի՜ խորը վիշտ է, որի նմանը երկրի վրա ոչ ոք չի կրել։ Ամենից ավելի դառն կերպով Իրեն չարչարողը եղել ենք մենք. մեր մեղքերով ավելացրել ենք Իր չարչարանքների սաստկությունը։

Սրա եզրակացությունը մեկն է. լա՛լ և զղջա՛լ մեր կատարած մեղքերի համար և ասել Հիսուսին. «Տե՜ր Հիսուս, ինչպե՞ս կարող եմ դադարել լալ, երբ գիտեմ, թե մեղքերիս համար է, որ Դու այսքա՜ն չարչարվեցիր և կրեցիր տառապանքը»։

Մենք բնազդաբար ցանկանում ենք մեր կյանքն անցկացնել ուրախության մեջ՝ ամեն օր նոր հաճույքի դուռ որոնելով, աշխարհի ունայնությունների հետևից վազելով, հակառակ որ լսում ենք ու մտածում ենք Հիսուսի չարչարանքների և դրանց պատճառների մասին։ Ցանկանում ենք ունենալ փառք ու պատիվ, փնտրում ենք հանգիստ, և հակառակ մեր մեղավոր զգալուն՝ չենք ցանկանում ապաշխարել, իմանալով հանդերձ, որ Հիսուսը մեր մեղքերի պատճառով կրեց թուքը, ծեծը, չարչարանքը և խաչի մահը։

Դու մեղավոր լինելով՝ հանգստիդ ես միայն հետամուտ. Քրիստոսը, անմեղ լինելով, մահանում է խաչի վրա։ Ի՞նչ պատասխան պիտի տաս Իրեն։ Ջանա՛ շուտով գտնել սրա դարմանը՝ ընտրելով զղջման ճանապարհը։ Ընկի՛ր Հիսուսի ոտքերը, շնո՛րհ խնդրիր՝ անցյալ կյանքիդ դարման անելու և հաջորդաբար երախտագետ կյանք անցնելու համար։

 

Տե՜ր Հիսուս, ես այլևս Քոնն եմ և ցանկանում եմ Քոնը մնալ միշտ։ Հիշելով մեղքերս, Երեմիա Մարգարեի հետ ասում եմ. «Երանի՜ աչքերս աղբյուր դառնային՝ լալու համար իմ մեղքերը» (հմմտ. Երմ 9, 1)։ Դավիթ Մարգարեի հետ կրկնում եմ. «Մեղքերիս ու անօրենություններիս համաձայն մի՛ հատուցիր ինձ. մի՛ հիշիր անցյալում կատարածս մեղքերը, այլ՝ ողորմությամբդ ների՜ր ինձ, քանի որ չափից ավելի աղքատ եմ հոգով։ Տե՜ր, փրկի՜ր ինձ և քավիր մեղքերս» (հմմտ. Սղմ 24, 7)։

Իմ Փրկի՜չ Հիսուս, երանի՜ թե մեղքերի մեջ մնալուս և Քեզ վշտացնելուս համար ցավից մահանայի։ Որքա՜ն անհոգ եմ եղել՝ մահացու մեղքը թունավոր օձի նման ծոցս պահելով։ Քանի՜ անգամներ խոստովանելուց և մեղքերիս թողություն ստանալուց հետո՝ ապերախտությամբս կրկին անգամ վշտացրել եմ Քեզ։ Զղջում եմ այդ ամենի համար. ցավում եմ, որ այս կերպ անարգել եմ Քեզ։ Ների՜ր ինձ, ո՜վ Հիսուս։ Իսկ Դու, Քո անչափ բարությամբդ, չես նայել իմ ապերախտությանը, ո՛չ էլ մեղքերիս, և երեսդ չես թեքել ինձնից։ Թույլ մի՛ տուր, որ կրկին անգամ մեղքով հեռանամ Քեզնից։

Սուրբ Աստվածածին, իմ համար Քո Որդուց հարատևության շնո՜րհը խնդրիր։ Քանի՜ հոգիների համար խնդրել և ստացել ես. պիտի մերժե՞ս ինձ։ Ո՛չ, իմ բարեգութ Մայր, ընդունի՜ր իմ համար էլ, որպեսզի սիրեմ Քո Միածին Որդուն և քեզ էլ Իր հետ՝ հավիտյան ձեզնից չբաժանվելու համար։ Այս անգին շնորհն եմ խնդրում և հույս ունեմ այն ընդունել քո մայրական գթությունից, որ միշտ ունեցել ես իմ հանդեպ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։