ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ներելու առաքինությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ներելու առաքինությունը

«Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփս 4, 26), ասում է Պողոս Առաքյալը, այն է՝ երբ երեկո է լինում, քեն չլինես որևէ մեկի հետ, այլ՝ ներես նրան, ինչպես որ ցանկանում ես, որ Աստված քեզ ների։ Ի՛նչ չարիք որ ստացած լինես, քեն մի՛ պահիր, այլ՝ Քրիստոսին նմանվելով, ների՛ր և աղոթի՛ր նրա համար։

Անշուշտ, դժվարին է ներել նրան, ով քեզ մատնել է, նախատել, ամեն տեսակ չարիք ու անիրավություն հասցրել քեզ։ Այդ պահերին գնա՛ Հիսուսի խաչի մոտ, դիտի՛ր Նրան, լսի՛ր Իր խոսքերը, որ ասում է. «Հա՜յր, ների՜ր նրանց», և ապա, եթե կարող ես, ավելացրու. «բայց ես չեմ ներում»։

Որքան մեծ լինի կրածդ նախատինքը, որքան անարգ մեկը եղած լինի քեզ արհամարհողը, կարո՞ղ ես ասել, թե կրածդ ավելի մեծ է, քան Հիսուսի կրածը. կարո՞ղ ես ասել, թե այն թողության արժանի չէ։ Մի՞թե դու արժանի ես, որ Աստված քեզ ների՝ այնչա՜փ անգամներ Իրեն նախատելուցդ հետո։

Կարող ես ասել. «Բայց ինչպե՞ս ներեմ նրան, ում արդեն ներել եմ անցյալում, իսկ նա շարունակում է վիրավորել ինձ»։

Որդյակ, ո՛չ միայն մեկ անգամ, այլ՝ յոթանասուն անգամ յոթը ներելուց հետո, դեռ պարտական ես ներելու, որովհետև սա՛ է Հիսուսի պատվիրանը։ Եթե կարիք զգաս Աստծո ողորմությանը, դո՛ւ էլ պարտական ես մերձավորիդ ողորմել։

«Ողորմում եմ, ներում եմ, բայց մտքումս պահում եմ արածը և չեմ կարողանում մոռանալ»։

Որդյակ, կամենո՞ւմ ես, որ Աստված էլ չմոռանա արածներդ. ի՛նչ որ անես մերձավորիդ, նույնը պիտի գտնես Աստծուց։

«Ներում եմ նրան, բայց թող այլևս դիմացս չներկայանա, երեսը չտեսնեմ»։

Ի՞նչ ես ասում, որդյակ, չես ուզում տեսնել թշնամուդ, չես ուզում, որ աչքիդ առաջ երևա, և ինչպե՞ս կարող ես ասել Աստծուն, որ Իր աչքերը քեզնից չհեռացնի և ողորմությամբ քեզ նայի։

«Բայց ես իրեն որևէ չարիք չեմ մաղթում»։

Որդյակ, դա էլ բավական չէ, այլ՝ հարկավոր է ցանկանալ նրա բարիքը, սիրել նրան, ինչպես որ ինքդ քեզ ես սիրում, կարեկից լինես նրան, եթե ձեռքիցդ գա, ազատես նրան ինչ որ վտանգից։ Մի խոսքով, ինչ որ ցանկանում ես, որ ուրիշները քեզ անեն, դու էլ նույնը ուրիշներին արա՛։

Երբեք սրտիդ մեջ քեն թող չլինի ուրիշի հանդեպ. քո դեմ եղողների համար՝ ավելի՛ աղոթք արա։ Ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց փափագները։

Եթե այս ամենն անես, կարող ես Աստծուն համարձակ ասել. «Ների՜ր ինձ իմ պարտքերը, ինչպես որ ես էլ ներում եմ ինձ պարտք եղողներին» (Մտթ 6, 9-15)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։