25. ՀԻՍՈՒՍԸ ՉԱՐՉԱՐՎԵՑ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ – Գրադարան – Mashtoz.org

25. ՀԻՍՈՒՍԸ ՉԱՐՉԱՐՎԵՑ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե Հիսուսն ամենափոքր ցավն անգամ կրած լիներ, այդքանն արդեն բավական էր մեր մեղքերի փոխարեն Աստծո արդարությանը հատուցելու համար՝ քավելով աշխարհի բոլոր մեղքերը։ Բայց Հիսուսը մեզ սիրելու համար դա բավական չնկատեց, այլ՝ կամեցավ գլխից մինչև ոտքը ծածկվել վերքերով, մարմնի վրա ողջ տեղ չթողելով։

Եթե մի քիչ մտքի ամփոփմամբ խորհես Հիսուսի ստացած այդ վերքերի մասին, հեշտությամբ պիտի ըմբռնես, թե քեզ ինչքա՜ն է սիրել, և մեջդ պիտի արծարծվի երախտագիտության հոգին։ Տե՛ս նաև, թե որքա՜ն հարգի ես Հիսուսի համար, որ քո համար այդքա՜ն չարչարանք է հանձն առել, և դի՛ր առաջադրություն՝ մեղքով Նրան բնավ չվշտացնելու։ Եսայի Մարգարեն ասում է. «Նա պատժվեց մեր անօրենությունների համար» (Ես 53, 5)։ Հիսուսը բոլորովին անմեղ էր, բայց քանի որ մեր մեղքերն Իր վրա վերցրեց, Աստծո արդարությունն Իր վրա ծանրացավ, և որով վիրավորվեց ու պատժվեց, խաչի վրա մահացավ։

«Նա պատժվեց մեր անօրենությունների համար». Հիսուսը քեզ ասել է կամենում. «Որդյակս, տե՛ս, որ մեղքն առանց պատժի չի մնում. ով որ մեղանչում է, կա՛մ պիտի ինքն իրեն պատժի, կամ Աստված. եթե դու քո գործած մեղքերի համար լաս և ապաշխարությունը հանձն առնես, եթե դու ինքդ քո դեմ բարկանաս և մեղքերիդ արժանի պատիժը կրես, Աստված էլ պիտի ների քեզ. ապա թե ո՛չ, Ինքը կլինի քո դատավորը և պատիժը կտա»։

Ահավոր դատավորի առաջ մեղքերով չներկայանալու համար սկզբից ևեթ ապաշխարությամբ մաքրիր մեղքերդ՝ մասնակից լինելով Հիսուսի չարչարանքներին։ Որքա՜ն ամոթալի է, երբ մտածում ենք, որ Քրիստոսի ողջ կյանքը չարչարանք էր, մինչդեռ դու ամեն բանում հանգիստ ու դյուրություն ես փնտրում։ Չես մտածո՞ւմ, որ այս աշխարհում ապաշխարությունից փախչողն իր մահվանից հետո պիտի այն կրի. չես իմանո՞ւմ, որ առանց նեղություն և վիշտ կրելու հնարավոր չէ Արքայություն մտնել։

Հիսուսը մեղքերիդ փոխարեն լացեց ու ապաշխարեց, հնարավո՞ր բան է, որ դու չցանկանաս լալ ու ապաշխարել։ Հիսուսի չարչարանքների մասին մտածելով՝ ա՛յս եզրակացությանը պիտի հասնես, որ ցանկանաս դու ինքդ քեզ սանձել՝ մեղքերիդ հատուցումն անելու համար։ Դավիթ Մարգարեն գիտեր, որ Աստված իր մեղքերը ներել է, և սակայն ամբողջ գիշերներ լալիս էր՝ զղջմամբ ու ցավով թողություն խնդրելու համար, որովհետև իր կատարած մեղքերը միշտ իր աչքի առաջ ուներ. աղոթում էր ու ասում. «Տե՜ր, պատանեկությանս և անգիտությամբ կատարածս մեղքերը մի՛ հիշիր» (Սղմ 24, 7)։ Նույն աղոթքն արա՛ նաև դու։

Որքա՜ն տարբերություն կա իմ և Սրբերի կյանքի միջև։ Պետրոս Առաքյալը մի անգամ մեղանչեց և միշտ ապաշխարեց։ Սրբերը շարունակ դժոխքի մասին էին մտածում, իսկ ես, որ այսքա՜ն անգամներ արժանի եմ եղել դժոխքին և քիչ է մնացել, որ այնտեղ հայտնվեմ, և սակայն դրա մասին գրեթե չեմ մտորում։ Սրբերը զանազան տեսակ ճգնություններ կատարեցին, տանջանքներ քաշեցին, բանտ, ծեծ, սուր, կրակ, քարկոծություն, սղոցում հանձն առան, ամեն տեսակ նեղությունների մատնվեցին՝ բնակվելով քարայրներում, լեռներում, անապատներում, ... իսկ ես չեմ ցանկանում մի փոքրիկ հանգստից անգամ հրաժարվել։ Դեպի ո՞ւր է առաջնորդում իմ քայլած ճանապարհը, արդյո՞ք Երկինք։ Չէ՞ որ Հիսուսն ասաց. «Նեղ է այն ճանապարհը, որ փրկության է առաջնորդում» (Մտթ 7, 14)։

Ուրեմն, պետք է ես էլ սրբերի նման ապաշխարեմ՝ մեղքերս քավելու համար, ո՛չ թե միայն մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի, այլ՝ ամբողջ կյանքովս։ Չեմ կարող իմանալ, թե արդյոք Աստված ներե՞լ է մեղքերս. հույսս Իր ողորմությանն եմ դրել, բայց ապահով չեմ կարող լինել։ Ուրեմն ինձ մնում է հարատև կերպով ապաշխարել. եթե Երկնքից մի հրեշտակ էլ իջնի ու ասի, թե ներված են մեղքերս, դարձյալ ցանկանում եմ շարունակել ապաշխարել՝ դիտելով Հիսուսի վերքերը, որոնք իմ մեղքերի համար են բացվել։ Այդ վերքերը ո՛չ միայն ապաշխարելու են հորդորում ինձ, այլ նաև՝ սիրելու Իրեն և հույսս Իր վրա դնելու։ Հոգուս հանգիստը գտնելու համար ապավինում եմ Հիսուսի վերքերին. ամեն տեսակ վտանգի ժամանակ այնտեղ դիմեմ, որովհետև այնտեղից է փրկությունս։ Թող որ աշխարհը ցանկանա ինձ գրավել, թող որ մարմինս բողոքի, թող որ սատանան իր հնարքներով հարձակվի վրաս, ... երբ Հիսուսը հետս է, ո՛չ մի բանից չեմ վախենում։ Նույնիսկ եթե թշվառությամբ ընկնեմ ու մեղանչեմ, և խիղճս տակնուվրա լինելով տանջի ինձ, չեմ ցանկանում հուսահատվել՝ հիշելով Հիսուսիս վերքերը։ Ամեն տեսակ թշվառության դարմանը Հիսուսի վերքերն են. ի՛նչ տեսակ խեղճություն էլ վրաս գա, երբ աչքերս դարձնեմ Հիսուսի վերքերին, պիտի ստանամ հանգիստս և խաղաղությունս։

Ո՜վ իմ հոգի, դու, որ քեզ այսքա՜ն տկար ես զգում և աղքատ, կարոտ ամեն բանի, գնա՛ և փարվի՛ր Հիսուսի ոտքերին. Ինքը պատրաստ է, Նրանով կգտնես ամեն բան։ Եթե ցանկանում ես բժշկվել մեղքերիդ պատճառած խորը վերքերից, Ի՛նքն է բժիշկդ. եթե ցանկանում ես սատանայի հարձակումներից ազատվել, Ի՛նքն է ապավենդ. եթե մահվանից վախենում ես, Ի՛նքն է կյանքը. եթե ցանկանում ես Արքայություն մտնել, Ի՛նքն է դուռը. եթե քաղցած ես ու ծարավ, Ի՛նքն է կերակուրդ ու ըմպելիքդ։

Այո՛, Նրանով գտնում ես ամեն բան, որովհետև Նա կարող է ամեն տեսակետով քեզ գոհացնել, և եթե դժոխքի գայլը վրադ հարձակվելով ցանկանում է քեզ խլել, Նա է քաջ ու բարեգութ Հովիվը, որ քեզ պիտի փրկի նրա ճիրաններից։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։