ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պատրաստվել մահվան – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պատրաստվել մահվան

Գալու է ժամանակը, երբ դու էլ մահանալու ես։ Մահացավ Հիսուսը, մահացավ Սուրբ Աստվածածինը, մահացան բոլոր Սրբերը, մահանալու ենք նաև մենք։ Բայց դու մահվան մասին մի՛ մտածիր վախից մղված, այլ՝ դրան պատրաստվելու համար, ինչպես Հիսուսն ասեց. «Պատրաստ եղեք, որովհետև մահը չսպասված ժամանակ է վրա հասնում» (հմմտ. Մտթ 25, 13)։

Մահվանդ պատրաստության առաջին քայլը հոգուդ վրա մահացու մեղք չունենալն է։ Բայց քո նման հավատացյալի համար, ով այս գիրքը կարդում է և ամեն օր ջանում է ավելի սիրել Հիսուսին, բավական չէ մահացու մեղք չունենալը։ Դու պիտի նաև ներելի մեղքերից զգուշանաս՝ ջանալով սիրտդ ոչ մի արարածի չկապել։ Աստծո կամքին համակամ եղիր՝ Իր ձեռքից առողջություն կամ հիվանդություն, կյանք կամ մահ ընդունելու։ Այս ամենի մասին մտածիր և տե՛ս, թե խիղճդ ի՞նչ է ասում քեզ. եթե «այո՛» է ասում, շնորհակալ եղիր Հիսուսին, որ պատրաստ ես ներկայանալու Իր դիմաց, իսկ եթե խիղճդ «ոչ՛» է ասում, ապա իսկույն մտածիր, թե ի՛նչ միջոցների կարող ես դիմել, որպեսզի մահվանդ պատրաստ լինես։

Իսկ քննելիքներդ հետևյալներն են.

1) Քննի՛ր խիղճդ և տե՛ս, թե ունե՞ս արդյոք ինչ որ մի բան, որ քեզ անհանգստություն է պատճառում։ Մի լավ խոստովանանք արա՛ և այնուհետև մի՛ մտածիր դրա մասին՝ ինքդ քեզ Աստծո ողորմությանը հանձնելով։

2) Եթե որևէ պարտք ունես, – նյութական, կամ բարոյական, – վայրկյան առաջ վճարի՛ր, իսկ եթե գիտես, որ մեկին զրկել ես, ջանա՛ փութով հատուցել նրան։

3) Տե՛ս, թե սիրտդ ի՛նչ բանի է կապված և ջանա՛ դրանից անջատվել. հարստություն, կալվածք, ազգականներ, բարեկամներ, և նման որևէ բան, որ սիրտդ գրավում է։ Հիշի՛ր, որ շուտով գալու է ժամանակը, երբ այդ ամենը թողնելու ես. լավ է, որ սկզբից անջատվես դրանցից՝ Աստծուն զոհ ընծայելով, որպեսզի մեծ լինի ստանալիք վարձատրությունդ։

4) Մահվանդ պահին ի՞նչ պիտի ցանկանայիր, որ արած լինեիր կյանքիդ ընթացքում, ջանա՛ հենց այսօր դա անել. նմանապես, ի՞նչ բան պիտի ցանկանայիր արած չլինել, այսօրվանից սկսած՝ հեռո՛ւ մնա դրանից։

5) Հաճա՛խ մտածիր մահվանդ մասին. կարող է պատահել, որ վրադ վախ իջնի, բայց հաջորդաբար կմխիթարվես և կվարժվես, և սա կարող է օգնել քեզ, որ սիրտդ երկրավոր ոչ մի բանի չկապես։

6) Օրվա ընթացքում սովորություն արա՛ ինքդ քեզ Հիսուսին հանձնել։ Հիսուսը սպասում է և քո մտերմության կարիքն ունի։ Եթե երկրավոր կյանքիդ ընթացքում կարողանաս այս մտերմությունը ստեղծել, ապա մահդ պիտի քաղցրանա քո համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։