ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ջերմեռանդություն Աստվածամոր հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ջերմեռանդություն Աստվածամոր հանդեպ

Չկա մի Սուրբ, որ Աստվածածնի հանդեպ ջերմեռանդ չլինի։ Դու էլ հավատարիմ եղիր աղոթքներիդ, և բարի սովորությունը պահիր՝ ասելու Վարդարանը։ Առավոտ, կեսօր, երեկո՝ ողջունի՛ր նրան որդիական սրտով,, և ամեն անգամ, որ մի գործ պիտի սկսես, իրեն հանձնիր ինքդ քեզ և արածդ գործը, որպեսզի իր օրհնությամբ աշխատես։ Երեկոյան անկողին մի՛ մտիր՝ առանց իրեն հանդիպելու և վերջին համբույրդ տալու։ Այս բոլորը եթե քո համար սովորություն դարձնես, հոգևոր կյանքդ հաստատուն հիմքերի վրա դրած կլինես։

Բայց ամենից ավելի մեծ ջերմեռանդությունը Տիրամոր կյանքին նմանվելն է։ Սրա մասին գրքեր գտիր, որպեսզի ճանաչես իր կյանքը, իմանաս իր զգացումները, և դու էլ սկսես իր առաքինություններին նմանվել։

Ամեն անգամ, որ Տիրամոր տոն է մոտենում, պատրաստվիր՝ նմանվելով իր որևէ մի առաքինությանը, որպեսզի հաջորդ տարի նույն տոնին ավելի խորացնես նույն աշխատանքդ։

Երբ Տիրամոր Անարատ Հղության տոնն է մոտենում (Դեկտեմբերի 8), առաջադրի՛ր հետևել իր մաքրության առաքինությանը։ Սեպտեմբերի 8-ին՝ իր Ծննդյան տոնին, երախտագետ եղիր Աստծուն, որ քեզ էլ կյանք է պարգևել։ Նոյեմբերի 21-ին՝ Ընծայման տոնին, դու ինքդ քեզ Աստծուն նվիրիր, որպեսզի սիրտդ այս աշխարհի իրողություններին չկապվի, այլ՝ այն միայն Աստծուն վերապահես։ Մարտի 25-ին՝ Ավետման տոնին, ջանա՛ նմանվել Տիրամոր խոնարհության առաքինությանը, ինչի շնորհիվ նա Աստծո Մայր եղավ. խոնարհ հոգուդ մեջ է, որ պիտի Հիսուսը ծնվի։ Օգոստոսի 15-ին՝ Վերափոխման տոնին, Տիրամորից խնդրի՛ր, որ քեզ էլ Արքայությանը արժանի դարձնի, որպեսզի երկնքում հավիտյան միասին լինես՝ Աստծուն օրհնելու։

Շաբաթվա մեջ հատուկ մի օր որոշիր, և այդ օրն ամբողջությամբ նվիրիր Երկնավոր Մորդ՝ այն միասին անցկացնելու համար։ Այդ օրը ինչ որ մի զոհողություն էլ արա՛ (օրինակ, ինչ որ մի հաճելի բանից քեզ զրկիր՝ այն ինչ որ մի աղքատի տալու համար), որպեսզի Հիսուսին նմանվելու ջանքդ Մայրդ տեսնի և նոր շնորհներով քեզ ճոխացնի։

Սովորություն դարձրու օրվա մեջ հարյուր և ավելի անգամներ սրտիդ մեջ ասել. «Հիսո՜ւս, Մարիա՜մ»։ Այս երկու անունները մի այնպիսի զորություն ունեն, որ կարող են սատանային անգամ քեզնից հեռացնել։

Այս ամենը և սրանց նման որդիական ջերմեռանդություններ պարտավոր չես անել, բայց մի որդի, որ իր մորը սիրում է, անկարելի է, որ սրանցից ավելին չցանկանա անել։ Սիրի՛ր նրան, որովհետև Մայրդ է, և վստահ եղիր, որ նա իր մայրությունը կանի՝ քեզ սիրելով, բարեխոսելով իր Որդուն, որ մեղքերիդ թողությունն ընդունես։

Առանց քո իմանալու՝ Երկնավոր Մայրդ քեզ պահպանում է, քո համար պատրաստում է հարկավոր շնորհը, և մահվանդ ժամանակ պիտի կողքդ լինի՝ սատանայի վերջին փորձություններից քեզ ազատելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։