ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կերպարանակցություն Աստծո կամքին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կերպարանակցություն Աստծո կամքին

Սրբությունը կայանում է Աստծո կամքը կատարելու մեջ, դրանից դուրս ամեն ինչ խաբեական է։ Ջանա՛ միշտ ենթարկվել Աստծո կամքին։ Առողջ լինես կամ հիվանդ, փա՜ռք տուր Աստծուն։ Ծանր հիվանդության էլ եթե մատնվելու լինես, սրտիդ խորքից ասա. «Աստված այսպես է կամենում, նույնը ցանկանում եմ նաև ես»։

Եթե ներքուստ մխիթարությունների մեջ գտնվես կամ տրտմության և զգաս, որ սիրտդ խորտակված է, ասա՛. «Աստված իմ Հայրն է, Ինքն իմ բարիքն ինձնից ավելի լավ գիտի»։

Եթե հարուստ ես, իմացի՛ր, որ կարող ես անտանելի վշտերի մեջ գտնվել. հարստությունը կարող է քեզ շատ վտանգների առաջնորդել, ուստի Աստծո կամեցած ձևով գործածիր ունեցածդ հարստությունը։ Աստված քեզ չի ստեղծել, որպեսզի տեր դառնաս, այլ՝ քեզ հարստություն է տրամադրել, որպեսզի օգնես շրջապատիդ մարդկանց, հատկապես աղքատներին։

Իսկ եթե աղքատ ես, սիրով ընդունիր դրա հետևանքները, եթե արդար ուղիներով չես կարողանում դարման գտնել այդ վիճակին։ Եթե աղքատ ես, քո ընկերներն են ցուրտը, տաքը, աշխատանքը, քրտինքը, հարուստներից արհամարհվելը։ Այս բոլորն աշխարհի աչքին թշվառություն են նկատվում, բայց ո՛չ Աստծո համար։ Մեծ է նրա վարձը, ով իր աղքատության մեջ գիտի ասել. «Տե՜ր, թող որ Քո կամքը լինի»։

Ցանկացիր Աստծո կամքը կատարել, նաև երբ եղանակը քո ուզածի պես չի լինում։ Մի՛ տրտնջա, երբ շատ է անձրևում կամ քիչ, որովհետև գանգատելով որևէ դարման չես անում և Աստծո կամքի դեմ ես արտահայտվում։ Ամեն բանի մեջ հնազանդվիր Աստծո կամքին։ Գոհ եղիր Աստծուց քեզ տվածով, լինի՛ առողջություն, լինի՛ մտային կարողություն, լինի՛ հոգեկան կամ մարմնական հատկություններ, ի՛նչ աստիճանով, որ գտնվես, շնորհակալ եղիր և ասա՛. «Տե՜ր, Քո կամեցածից զատ ուրիշ բան չեմ փափագում»։

Տե՜ր Աստված իմ, Հիսուս Քրիստոս, Ձիթենյաց պարտեզում կրածդ տրտմության համար օգնի՜ր ինձ, որպեսզի մահվանս պահին չսարսափեմ՝ մտածելով դատաստանիդ մասին։ Այդ ահավոր պահին զորացրո՜ւ ինձ, ինձ հույսո՜վ լցրու Քո անչափ ողորմության հանդեպ։ Չարչարանքներդ թող որ ինձ ուժ տան, որպեսզի հիվանդությանս պահին ցավերին համբերեմ՝ առանց տրնտջալու։ Չեմ խնդրում, որ մահս պատահի թեթև կամ առանց ցավի. ի՛նչ որ Քո կամքն է, դա՛ թող լինի, արա՛ այն, ինչը որ օգտակար է իմ հոգու համար։ Բայց խնդրում եմ, որ մահանալուց առաջ ինձ արժանի անես ընդունելու Սուրբ Մարմինդ և Սուրբ Արյունդ, և հոգիս ավանդած պահին կարողանամ ասել. «Հիսո՜ւս, Մարիա՜մ, հոգիս ձեզ եմ հանձնում»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։