ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեզության առաքինությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեզության առաքինությունը

Ճշմարիտ հեզությունը կայանում է մեր դեմ եղած անարգանքներին համբերելու մեջ։ Շատերը կարծում են, թե կարող են սրբանալ երկար աղոթելով կամ ճգնություններ անելով, իսկ երբ փոքրիկ անարգական խոսք ասվի իրենց, չեն ցանկանում համբերել։ Հեզությամբ նախատինք տանելն ավելի արժի, քան տասը օր հաց ու ջրով ծոմ պահելը։

Եթե կատարյալ ես ցանկանում լինել, երեք բան գործադրիր։ Նախ մի՛ փափագիր հրամայել, երկրորդ՝ սիրիր բոլորի նկատմամբ խոնարհություն դրսևորել, և երրորդ՝ քո դեմ եղած անիրավություններին համբերիր։

Թող ուրիշները հարստանան և ունենան, իսկ դու մի՛ ունեցիր, թող ուրիշների կամքը միշտ կատարվի, իսկ քոնը բանի տեղ չդրվի, թող մյուսները գովասանք ստանան, մեծ պաշտոնների հասնեն, իսկ դու մոռացվես, իրավունքից զրկվես ու ծաղրվես։ Միայն այդ ժամանակ կլինես «սուրբ և սրտով խոնարհ», երբ այս բոլորն ընդունես անխռով և առանց տրտնջալու, Հիսուսին սիրելուդ համար։

Երբ ներքին դժվարին պատերազմ ես կրում, պետք է որ կրքերդ սանձես, իսկ կրածներդ էլ համարես իբրև արդար հատուցում՝ կատարած մեղքերիդ փոխարեն։

Երբ մի թերության համար հանդիմանվես, մի՛ խռովվիր. հպարտն է, որ նույն պահին խռովվում է և բերանը բացում է՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Իրական խոնարհը նման առիթների դեպքում ավելի՛ է խոնարհվում, ընդունում է իր տկարությունը, շնորհակալ է լինում իրեն հանդիմանողին և չի խռովվում։

Եթե մի հանդիմանություն չես կարող ընդունել առանց խռովվելու, ակնհայտ է, որ հպարտությունը դեռ զորավոր է քո մեջ։ Հեզության ու խոնարհության առաքինությունները ստանալու համար հաճախ ասա՛ Հիսուսին. «Փրկի՜չ իմ Հիսուս, հեզ և սրտով խոնարհ. իմ սիրտն էլ Քո սրտի նման արա՛»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։