ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մաքրության առաքինությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մաքրության առաքինությունը

Այս առաքինությունը քեզ հրեշտակներին հավասար է դարձնում։ Հարստություն, գանձ, պատիվ՝ սրա համեմատությամբ ոչինչ են։ Մի այնպիսի առաքինություն է, որ չունեցողին ու հակառակ եղողներին էլ է զարմացնում։ Հիսուսը գովեց այս առաքինությունը և այն ունեցողներին Իր շնորհներով է լցնում։

Բայց որքան որ հարգի և ընտիր է այս առաքինությունը, այնքան դժվարին է այն պահելը։ Մարմինն ու սատանան միասին ջանում են խլել քեզնից մաքրությունդ, և ամեն անգամ դյուրին չէ այս հարձակումներին հաղթելը։

Բայց դու հույսդ Հիսուսի վրա դիր, Ով գիտի ու ճանաչում է քեզ, որ հողից ես շինված և տկար արարած ես։ Նա քեզնից երես չի թեքի։

Հաճախ Հիսուսից ու Աստվածամորից խնդրիր այս առաքինությունը։ Միայն իրենք են, որ քեզ կարող են տալ այն, բայց դու էլ քո կողմից հետևյալ զգուշությունները գործի դիր.

1) Հեռո՛ւ մնա առիթներից, որովհետև մարմնի փորձությունների մեջ պատերազմը հաղթում է նա, ով փախչում է, իսկ եթե դու քեզ վտանգի ենթարկես, պիտի պարտվես։ Քանինե՜ր, կարծելով, որ իրենք քաջ են և կարող են հաղթել, իրենք իրենց վտանգի են ենթարկել ու պարտվել են։ Որքան էլ դու քեզ վստահ ու հավատարիմ կարծես, զգո՛ւյշ եղիր և մի՛ վստահիր անձիդ։

2) Պահի՛ր զգայարաններդ, հատկապես աչքերդ, և այնպիսի բաներ մի՛ դիտիր, որոնք հոգիդ վտանգի են ենթարկում։ Հսկի՛ր նաև բերանիդ, որպեսզի բերանիցդ անպարկեշտ խոսքեր դուրս չգան, որոնք անվայել են սրբություն փափագող քրիստոնյայի համար։ Մի խոսքով, պահպանի՛ր բոլոր զգայարանքներդ և բոլոր հարկավոր զգուշությունները ձեռնարկիր։

3) Մի՛ սիրիր պարապ մնալ, որովհետև շատ մեղքեր ծնվում են պարապ մնալուց։ Այնպես արա՛, որ սատանան միշտ քեզ գործ անելուց գտնի։ Շատերը երբ զբաղված են, սուրբ կյանք են վարում, իսկ երբ գործը դադարեցնում են, սկսվում է նրանց հոգու թշվառությունը։ Եթե զբաղվածդ ժամանակ կողքիդ մի սատանա կա, պարապ եղած ժամանակ՝ հարյուրավորներ են լինում։

4) Սիրի՛ր ճգնությունը, մարմնի ցանկությունների սանձումը։ Ճգնությունը նմանվում է աղի, որ պահպանում է առաքինությունները, մանավանդ՝ մաքրությունդ, որն առանց ճգնության չի կարող տևել։ Զգուշացի՛ր շատ ուտել խմելուց, որովհետև դա ժուժկալության թշնամին է։ Մի՛ սիրիր խմիչքի այն տեսակները, որոնք մեջդ կրքեր են արթնացնում և այնուհետև դժվար է լինում անձիդ հաղթել։

5) Փախի՛ր ինքնահավանությունից։ Խոնարհության առաքինությունը մաքրությանդ պահապանն է, իսկ հպարտն ընկնելու է սահմանված։ Աստված պատժում է հպարտին՝ թույլ տալով, որ աղտոտ մոլորությունների մեջ ընկնի։ Դու ինքդ քեզ մի՛ հավանիր, ո՛չ հանճարիդ, ո՛չ ունեցածդ արդյունքներիդ, որպեսզի չշարժես Աստծո բարկությունը և չպատժի քեզ։ Մաքրության առաքինությունը խոնարհությամբ է ստացվում և պահպանվում։

6) Մի՛ դադարիր աղոթելուց։ Երբ մարմինդ հոգուդ դեմ պատերազմի է դուրս գալիս, Աստծուց բացի ո՛չ ոք չի կարող քեզ օգնել, որպեսզի հաղթող լինես։ Ուստի, երբ փորձություններդ սկսվեն, անմիջապես Հիսուսին դիմիր և ասա՛. «Տե՜ր, ինձ օգնությա՜ն հասիր և ընկերացի՜ր ինձ»։ Երեսդ խաչակնքիր՝ ասելով. «Նախըտրում եմ մահանալ, քան նման մեղքով Հիսուսին վշտացնել»։ Դիմի՛ր հատկապես Սուրբ Աստվածածնին և մի՛ դադարիր կրկնել «Հիսո՜ւս, Մարիա՜մ» անունները։ Պարանոցիդ մի խաչ ունեցիր, որպեսզի հիշես, որ կնքված ես Սուրբ Երրորդության անվամբ, և որ Մկրտությամբ հրաժարվել ես սատանայից և Աստծո զավակն ես։ Իսկ երբ փորձությանը հաղթես, Աստծուն շնորհակալ եղիր և կրկին անգամ ինքդ քեզ Հիսուսի ու Տիրամոր հովանուն հանձնիր։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։