42. ԽՆԴՐԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ, ՈՐ ԳՐԱՎԻ ՄԵԶ ԻՐ ՔԱՑՐՈՒԹՅԱՄԲ – Գրադարան – Mashtoz.org

42. ԽՆԴՐԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ, ՈՐ ԳՐԱՎԻ ՄԵԶ ԻՐ ՔԱՑՐՈՒԹՅԱՄԲ

«Երբ խաչի վրա բարձրանամ, բոլորին դեպի ինձ պիտի ձգեմ», ասել էր Հիսուսը (հմմտ. Հվհ 12, 32), որովհետև մեր սիրտն ու հոգին գրավելու անհուն փափագ ուներ՝ ամբողջապես Իրենն անելով։

 

Քո խոսքը չի սխալվում, Տե՜ր Հիսուս, քանի որ Դու ես հավիտենական ճշմարտությունը. տարակույս չունեմ, որ կկատարվեն Քո խոսքերը և զարմանում եմ, թե ինչո՞ւ է իմ սիրտն այսքա՜ն հեռու մնացել Քեզնից։ Հանցավորը ես եմ, որովհետև զգում եմ, որ Դու շարունակ կամենում ես գրավել ինձ։ Քանի՜ անգամներ մեղքերս ներեցիր՝ հորդորելով ինձ, որ սիրեմ Քեզ, քանի՜ անգամներ խոսեցիր խղճիս հետ, որպեսզի Քո դեմ ոչինչ չգործեմ, մինչդեռ ես Քո շնորհին դիմադրեցի։

Դարձյալ ների՜ր ինձ, Հիսո՜ւս, քանի որ դատապարտության արժանի եղա. ների՜ր և մի՛ դատապարտիր ինձ։ Ա՜հ, քանի՜ անգամներ ես լուսավորել ինձ, հրավիրել ես ինձ Քեզ սիրելու, համբերել և ներել ես մեղքերս ու թերություններս, Սուրբ Արյունդ իմ համար հեղել ես, որպեսզի ես էլ Քեզ սիրեմ։

Դեռ ներկայումս էլ ինձ հրավիրում ես՝ սիրով ու գթությամբ, կարծես Քո դեմ ոչինչ էլ չեմ արել. դարձյալ ինձ հորդորում ես, որպեսզի Քեզ սիրեմ իմ ողջ սրտով, Տեր իմ և Աստված իմ։

Սիրում եմ Քեզ, ո՜վ Հիսուս, սիրում եմ Քեզ և փափագում եմ է՛լ ավելի սիրել. մեծագույն վախս Քեզ սիրելուց դադարելն է։ Առանց Քեզ սիրելու ապրելը՝ նշանակում է Քեզնից բաժանվել։ Թույլ մի՛ տուր, որ մի վայրկյան անգամ դադարեմ Քեզ սիրելուց՝ հիշելով իմ համար Խաչի վրա Քո մահը, որպեսզի ամեն օր միշտ ավելի վառվի սիրտս Քո սիրո բոցով, հալվեմ ու մաշվեմ Քո համար, որ զոհ եղար իմ համար։

Ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, Դու, որ ասացիր, որ երբ խաչի վրա բարձրանաս, բոլորին դեպի Քեզ պիտի քաշես, կատարի՜ր ասածդ և ինձ դեպի Քեզ քաշիր։ Խզի՜ր այն կապերը, որ ունեմ աշխարհի հետ, տո՜ւր ինձ թևեր, որպեսզի ճախրելով գամ, հանգչեմ Քո կողքին. հանի՜ր ինձ այս բանտից, որ գամ ու Քեզ տեսնեմ, ճաշակեմ Քեզ և Քո քաղցրությունը վայելեմ։

Ե՞րբ պիտի լինի, որ սիրտս ամբողջապես Քո սիրով վառվի և կյանքս անցկացնեմ միայն Քո համար։ Առայժմ երկրի վրա հառաչելուց և խեղճությանս համար ցավելուց բացի ուրիշ ոչինչ չեմ կարող անել, որովհետև այս տխուր աշխարհում շատ չարիքներ են պատահում, որ ինձ վշտացնում են և հոգիս խավարի մեջ են ձգում, թույլ չեն տալիս, որ Քեզ մոտենամ և փարվեմ Քեզ՝ զգալու այն ուրախությունը, որ ունենալու եմ Արքայության մեջ։ Գթա՜ ինձ, Տեր Հիսուս։

Ասելիք աղոթք չունեմ. թող որ լռությունս խոսի Քո հետ։ Մինչև ե՞րբ պիտի ուշանաս իմ մոտ գալու, Տե՜ր։ Ե՜կ և մխիթարի՜ր ինձ, Տե՜ր, քանի որ թշվառ մեկն եմ. երկարի՜ր ձեռքդ, հանի՜ր ինձ այս թշվառությունից, որի մեջ սուզվել եմ։ Ե՜կ, ե՜կ, որովհետև օրերս տրտմությամբ ու անմխիթար վիճակում եմ անցկացնում։ Միայն Դու կարող ես մխիթարել և սրտիս փափագը կատարել։ Թշվառ գերու եմ նմանվում, ծանր շղթաների տակ կքված՝ սպասում եմ, որ ինձ օգնության հասնես։

Ուրիշները թող փնտրեն ի՛նչ որ ցանկանում են, ես միայն Քեզ եմ ցանկանում, որովհետև Դու ես իմ միակ սիրելին։ Քեզ եմ փափագում, և աշխարհի զվարճություններն իմ համար դառնություն են, քանի որ երկրավոր փառքը հոգուս հանգիստ չի տալիս, իսկ հարստությունն ավելի նեղություն է ու տառապանք, քան մխիթարություն։ Ամբողջ աշխարհը չի կարող ինձ գոհացնել։ Ինձ միակ գոհացնողը Դու ես, Հիսո՜ւս. վերցրո՜ւ սիրտս և այն Քոնն արա՛։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։