ԱՂՈԹՔ ԱՍՏՎԱԾԱՄՈՐԸ. բարի մահ խնդրելու համար – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ԱՍՏՎԱԾԱՄՈՐԸ. բարի մահ խնդրելու համար

Մարիա՜մ, բարեգո՜ւթ իմ Մայր, արդյոք ինչպե՞ս պիտի լինի խեղճ մեղավորիս մահը։ Երբ մտածում եմ Աստծո դիմաց ներկայանալու պահի մասին, հիշում եմ մեղքերս, որոնք դատապարտությանս պատճառ պիտի լինեն, սոսկում և հուսահատվում եմ՝ մտածելով հավիտենական կորստյանս մասին։ Ամբողջ հույսս դրել եմ Հիսուսի Սուրբ Արյան և քո մայրական պաշտպանության վրա։

Ո՜վ Երկնքի Թագուհի, ո՜վ Մայր Աստծո, դու շա՜տ մեծ ես, բայց քո մեծությունը, փոխանակ մեր նման խեղճերից հեռացնելու, ավելի է մոտեցնում, որովհետև բարեգութ մոր սիրտ ունես։ Աշխարհում, երբ մարդիկ պատիվների են հասնում, մոռանում են իրենց խեղճության ընկերներին, իսկ դու ընդհակառակը, քո բարի սիրտը որքան ավելի խեղճի է հանդիպում, դե՛ռ ավելի է գթում նրան։

Մա՜յր, դու ընդառաջ ես գնում օգնելու քեզ ապավինողներին, մխիթարում ես մեզ մեր նեղությունների ժամանակ, ազատում ես վտանգներից, խորտակում ես թշնամիներին և կամենում ես մեր հավիտենական երջանկությունն ապահովել։ Օրհնյա՜լ լինի Աստված, որ քեզ տվել է մեծության հետ նաև մեր հանդեպ մայրական գութը։ Ուրախ եմ, Մա՜յր, որ Աստված քեզ անչափ կերպով ճոխացրել է, որին մասնակից ենք լինում նաև մենք, որովհետև դո՛ւ ես, որ մեզ մխիթարում ես մեր վշտերի մեջ, հատկապես՝ երբ տարակուսում ենք մեր հավիտենական փրկության վերաբերյալ։

Իմ բոլոր գործերն անկատար են և հազար նպատակներով խառնված։ Թշնամի սատանան սպասում է, որ մահվանս վայրկյանին ինձ Աստծո դիմաց ամբաստանի և մեղքերիս հատուցումը պահանջի։ Սուրբ Աստվածածի՜ն, Մայրս ու Պաշտպանս, եթե այդ պահին դու ինձ օգնության չհասնես, ես ինչպե՞ս կարող եմ ազատվել այդ վիճակից։ Գթասի՜րտ Մայր, այսօրվանից սկսված՝ իմ համար շնո՜րհ ընդունիր, որպեսզի փոխեմ կյանքս, քավեմ մեղքերս, իսկ մահվանս պահին էլ ինձ մենակ մի՛ թող։ Իմ հույսը դու ես, օգնի՜ր ինձ հատկապես այն պահին, երբ սատանան սկսի մեղքերս աչքիս դիմաց դնել։

Այդ սոսկալի պահին ինձ մի՛ լքիր, Մայր, այլ՝ քաջալերիր ինձ։ Այս շնորհը շատերին ես պարգևել, պարգևի՜ր նաև ինձ։ Հավիտյան փառք պիտի լինի քեզ, եթե իմ նման խեղճ մեղավորին փրկության հասցնես և հասցնես Արքայություն, ուր հույսն ունեմ վայելել մայրական սերդ՝ շնորհակալ լինելով քեզ և քեզ սիրելով հավիտյան։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։