ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել նախատինքին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել նախատինքին

Բարի առաջադրանք դի՛ր քո առջև՝ նմանվելու Հիսուսին, հատկապես՝ այն համբերության առումով, որ Նա դրսևորեց Հերովդեսի կողմից նախատինքներ ստացած ժամանակ։ Ծանր մի՛ նկատիր, երբ դու էլ անարգվես ինչ որ մեկի կողմից։ Եթե աղքատ ես, կամ ինչ որ մի ֆիզիկական թերություն ունես, և նախատվում ես, և կամ աչքի ընկնող հատկություններ չունենալուդ պատճառով քեզ ի նկատի չեն առնում, մի՛ խռովվիր, այլ՝ սրտանց ասա՛ Հիսուսին. «Տե՜ր, Հերովդեսից կրածդ նախատինքների փոխարեն՝ ընդունի՜ր իմ այս կրածները»։

Մի՛ նմանվիր նրանց, ովքեր անգամ փոքրիկ անարգանք ստանալուց մտածում են. «Եթե իմանային, թե ես ո՛վ եմ, այսպես չէին վարվի իմ հետ»։ Սովորի՛ր լռել, ձայն չհանել։ Այո՛, դժվար է պատասխան չտալը և լռելը, երբ նախատվում ես, բայց հաղթանակած կլինես, եթե տիրես կրքերիդ վրա և հաղթես սեփական անձիդ։ Երբ պակասություններիդ պատճառով վրադ խոսեն, դա լավագույն առիթն է՝ խոնարհության առաքինությունը ձեռքբերելու համար։ Այդ պահին սրտանց ասա՛ Հիսուսին. «Տե՜ր, ինձ շնո՜րհ տուր, որպեսզի սիրույդ համար սիրով կրեմ անարգանքը»։

Անարգանք, նախատինք կամ անիրավություն կրելը դժվար է մարդկային անկյալ բնության, մանավանդ՝ աշխարհասեր հոգիների համար։ Բայց նրանք, ովքեր իրենց սրտի մեջ ունեն Հիսուսի սերը, ունեն նաև ուժ՝ անարգանքի համբերելու Հիսուսին ի սեր։ Այսպիսիք ո՛չ թե չեն զգում նախատինքը, այլ՝ միաժամանակ այնպիսի մխիթարություն են զգում, որ ամեն տեսակ նախատինք քաղցրացնում է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։