31. ԲԱՐԻ ԱՎԱԶԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

31. ԲԱՐԻ ԱՎԱԶԱԿԸ

Հիսուսը խաչվում է երկու ավազակների միջև, որոնցից մեկը, դառնալով Հիսուսին, ասում է. «Տե՜ր, երբ Քո թագավորությամբ գաս, ինձ էլ հիշի՜ր» (Ղկս 23, 42)։ Այս մի քանի խոսքն այնպիսի հավատքով և վստահությամբ է ասում, որ Հիսուսն իսկույն պատասխանում է. «Այսօր իսկ հետս ես լինելու դրախտում» (Ղկս 23, 43)։ Ավազակը խնդրում է միայն հիշված լինել, իսկ Հիսուսը նրան Արքայություն է շնորհում։ Հիսուսն այնքա՜ն առատ է Իր շնորհների մեջ, որ մեր խնդրածից շա՜տ ավելին է տալիս մեզ։

Բայց Աստծո գաղտնիքներին ո՞վ կարող է հասնել։ Ավազակը երբ այս խոսքերն ասում էր, Հիսուսը ծայր աստիճան տրտմության մեջ էր գտնվում. աշակերտները թողել փախել էին, նրանցից մեկն Իրեն մատնել էր, մեկ ուրիշը երեք անգամ ուրացել էր, հրեաներն Իրեն հայհոյում էին, ուրիշները՝ ծաղրում, և գրեթե մեկը չկար, որ Իրեն հավատար։ Արդ, ճի՛շտ այն ժամանակ, երբ Հիսուսն այդքա՜ն խոնարհված էր և վշտերի ծովի մեջ էր գտնվում, մի ավազակ, Աստծո շնորհով լուսավորված, Նրան որպես Տեր և Աստված է դավանում։

Աշակերտները, որ երեք տարի Հիսուսի հետ էին ապրել, լսել էին աստվածային վարդապետությունը, տեսել էին Հիսուսի հրաշքները, իրենք էլ էին հրաշքներ գործել, սակայն տեսնելով իրենց Վարդապետին խաչի վրա՝ տկարացել էր իրենց հավատքը. իսկ ավազակը, որ Հիսուսի ձայնն ամենայն հավանականությամբ ամենևին չէր էլ լսել, բայց լսել էր միայն այն աղոթքը, որը Նա արել էր Իրեն խաչողների համար, Առաքյալներից ավելի հաստատուն մնաց և խաչի վրայից իր հավանությունը տվեց Հիսուսին։ Իմ համար սա որքա՜ն խորհրդածելու նյութ է. Աստծո շնորհով՝ ամենատկարը լինում է զորավոր, իսկ ամենից զորավորը, առանց Աստծո շնորհի, տկարանում է։

 

Հիսո՜ւս, երբ թագավորությամբդ գաս, հիշի՜ր ինձ էլ. հիշի՜ր ինձ էլ, որ խեղճ ոչխարներիցդ մեկն եմ, որոնց համար աղոթեցիր, քրտնեցիր, ամբողջ կյանքդ աշխատանքով անցկացրեցիր և խաչի վրա մահացար։ Հիշի՜ր, որ ես էլ Քո ձեռքերիդ գործն եմ, Քո պատկերն ունեմ հոգուս մեջ դրոշմված. մի՛ մերժիր աղաչանքս, ների՜ր մեղքերս։

 

Որդյակ, ընդունում եմ աղոթքդ, ինչպես որ ընդունեցի բարի ավազակինը, եթե դու էլ քո խաչը համբերությամբ տանես, ինչպես նա արեց և ասաց. «Մեր արած գործերի համաձայն՝ ահա՛ ստանում ենք հատուցումը»։ Խաչն է միայն, որ մարդուն դեպի երկինք է առաջնորդում, և առանց խաչի՝ հատուցում չկա։ Ա՛ռ, ուրեմն, խաչդ, և արիությամբ ու խոնարհությամբ հետևիցս ե՛կ, եթե ցանկանում ես, որ քեզ էլ ասեմ. «Այսօր իսկ հետս ես լինելու դրախտում»։

 

Ի՜նչ անուշ խոսք. երանի՜ քեզ, բարի ավազակ, որ լսեցիր այդ ձայնը, արդյոք ի՞նչ զգացիր սրտումդ այդ բառերը լսած ժամանակ, ի՞նչ մխիթարությամբ ընդունեցիր մահդ։ Երանի՜ թե ես էլ մահվանս վայրկյանին լսեի այդ խոսքերը. Հիսուսի այդ խոսքերով պիտի անուշանա մահս։

Երբ մտքիս է գալիս բարի ավազակի այդ երջանիկ մահը, քաջալերվում եմ և վստահում եմ Աստծո ողորմությանը, ո՛չ թե մեղքից չզգուշանալու կամ զղջումս ուշացնելու համար, այլ՝ մտքումս ասում եմ. «Հիսուսը եթե ողորմեց ավազակին և նրան Արքայություն տարավ, ինչո՞ւ պիտի ինձ մերժի, որ թեև մեղավոր եմ, բայց զղջում եմ գործածս մեղքերի համար»։

Տե՜ր Հիսուս, տեսնելով մեղքերիս թիվը, սրտանց ցավում եմ, և կհուսահատվեի, եթե վստահ չլինեի ունեցածդ մեծ ողորմության վրա, եթե աչքիս դիմաց չունենայի մեծ մեղավորների օրինակը, որոնց մեղքերը ներեցիր, որովհետև զղջացին։ Մարիամ Մագդաղենացին ընկավ ոտքերդ, արցունքներով թրջեց ոտքերդ, և Դու նրա մեղքերին ներում շնորհեցիր։ Պետրոս Առաքյալը երեք անգամ ուրացավ, բայց երբ զղջաց, ավելի՛ սիրելի դարձավ Քեզ։ Չդատապարտեցիր շնացող կնոջը, այլ՝ միայն ասացիր, որ կրկին չմեղանչի։

Ողորմա՜ծ և բարեգո՜ւթ Հիսուս, Դու իմ ապավենն ես, պաշտպանը, կյանքը, իմ ամեն ինչը. ինձ էլ ողորմիր, որովհետև ես էլ մի մեղավոր եմ։ Հիմա, որ Արքայության մեջ ես, հիշի՜ր ինձ և մահվանս պահին ինձ մի՛ թող, մանավանդ երբ սկսի ուժս պակասել, ձայնս նվաղել, աչքերս մթագնել։ Օգնի՜ր ինձ, բարեգո՜ւթ Հիսուս, հենց այն պահին, որից կախված է հավիտենական փրկությունս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։