43. ՀԻՍՈՒՍՆ Է ԼԱՎ ՀՈՎԻՎԸ – Գրադարան – Mashtoz.org

43. ՀԻՍՈՒՍՆ Է ԼԱՎ ՀՈՎԻՎԸ

«Ես եմ լավ հովիվը։ Լավ հովիվն իր կյանքը տալիս է ոչխարների համար» (Հվհ 10, 11)։

Այո՛, իսկապես Հիսուսն է լավ ու քաջարի Հովիվը, որովհետև Իր Անձից ավելի սիրում է Իր ոչխարներին. ուշադրություն չի դարձնում Իր հանգստին, Իր կյանքը զոհում է նրանց համար։ Նրանց համար Երկնքից իջավ, մարդ դարձավ, մեր խեղճությունները հանձն առավ, արհեստավորի աղքատ կյանք ապրեց, ունեցած գթությունը ցույց տվեց նրանց, և ապա խաչի վրա կյանքն էլ տվեց նրանց համար։

Հիսուսն է լավ Հովիվը, որ Իր ամեն մի վայրկյանը, ամեն մի հառաչանքն ու աշխատանքը, Իր անձն էլ անմնացորդ կերպով ընծայեց Իր ոչխարների փրկության ու հավիտենական երջանկության համար։ Աստված էր, որ Իր ամենակարողությամբ՝ ավել բան չէր կարող անել այլևս՝ Իր սերը ցույց տալու համար։

Լավ Հովիվն է, որ իր ցրված ոչխարների համար գիշեր ցերեկ գնաց գյուղերն ու քաղաքները՝ նրանց գտնելու, նրանց փրկություն պարգևելու համար։ Խաչի վրա էլ, Իր դառը չարչարանքների մեջ անգամ, գթաց նրանց և աղոթեց նրանց համար։ Թևերը բացած՝ դեռ այսօր էլ բոլորիս սրտի հետ խոսում է՝ ասելով. «Որդյակս, իմ մոտ ե՛կ, վայելի՛ր իմ շնորհն ու սերը»։

Հիսուսն է լավ Հովիվը, ճանաչում է Իր ոչխարներին, և նրանք էլ Իրեն են ճանաչում։ Երանի՜ նրան, ով բնավ չի բաժանվում Հիսուսից, Նրա կողքն է մնում և Նրա գգվանքն է ընդունում։ Ով որ չի ցանկանում Հիսուսից բաժանվել, պիտի մտքի ամփոփություն ունենա, խոնարհ լինի և ապաշխարող։ Ամփոփ միտքն աղոթքով և վիճակի պարտականությունները հավատարիմ կերպով կատարելով է ստացվում, իսկ խոնարհությունը՝ հիշելով անձի խեղճությունները և համոզվելով, որ առանց Աստծո շնորհի անկարելի է բարիք գործել. իսկ ապաշխարությունը պահանջում է, որ շարունակ մտածենք Աստծո սիրո և մեր ապերախտության մասին։

Հիսուսն է լավ Հովիվը, Իր աչքը միշտ Իր ոչխարների վրա է, և երբ նրանցից որևէ մեկը մոլորվում է, Նա դուրս է գալիս նրան փնտրելու, գնում է նրա հետևից, չի հանգստանում, մինչև չգտնի և փարախ չվերադարձնի։ Ուստի, շարականի խոսքերով կարողանանք ասել. «Մոլորվեցի ես որպես կորուսյալ ոչխար, փնտրի՜ր ինձ՝ մոլորվածիս, և պահպանի՜ր»։ Անմեղությունս կորցրեցի, ծուռ ճանապարհներով գնացի։

 

Բայց Դու, ո՜վ իմ Փրկիչ, ինձ չլքեցիր։ Քեզնից հեռացածս ժամանակ աչքերովդ ինձ հետևեցիր, մեղքերի մեջ գտնվածս ժամանակ դիտում էիր ինձ։ Անիծվա՜ծ լինի այն օրը, երբ հավատացի, թե Քեզնից հեռանալով երջանիկ պիտի լինեմ։ Քեզնից հեռանալով՝ միայն թշվառություն գտա։ Ա՜հ, որքա՜ն ժամանակ առանց Քեզ սիրելու անցկացրեցի՝ սատանային, աշխարհին և ախտերիս հետևելով, որքա՜ն ապերախտ գտնվեցի Քո սիրո հանդեպ՝ հոգևոր ազդեցություններդ մերժելով, և սակայն Դու համբերեցիր ինձ և որքան ավելանում էր խեղճությունս, այնքան աճում էր Քո գութն իմ հանդեպ, և առանց իմ իմանալու՝ ինձ Քեզ էիր մոտեցնում։ Ինչպե՞ս շնորհակալ լինեմ Քեզ, Տե՜ր Հիսուս։

 

Հիսուսն է լավ Հովիվը և Իր ոչխարներին այնքան է սիրում, որ նրանց կերակրում է Իր Մարմնով ու Արյամբ. ո՞ր հովիվն է նման բան անում։ Միայն Հիսուսը՝ մեր Փրկիչն ա՛յս աստիճան սեր ունի մեր հանդեպ. Իր արժանիքները մեզ տալը բավական չի համարում և Ինքն Իրեն ամբողջապես է տալիս։

Արդ, այսքա՜ն բարի Տիրոջը ինչպե՞ս կարող ես թողնել և հեռանալ Իրենից։ Որքա՜ն երջանիկ պիտի լինեիր, եթե Նրանից ընդհանրապես հեռացած չլինեիր։ Անցածն անցած է, ապերախտ ես գտնվել, միայն թե աղոթքով Հիսուսից խնդրի՛ր, որ քեզ բժշկի քո ամոթալի մեղքերից և ընդունի քեզ։

 

Տե՜ր Հիսուս, հիշի՜ր, որ ես էլ այն ոչխարներից մեկն եմ, որոնց համար Դու կյանքդ ընծայեցիր։ Ինձ էլ նայիր ողորմագին և քաղցր կերպով։ Այնպես՝ ինչպես խաչի վրայից նայեցիր մեղավորներին, վերջին շունչդ արձակելու պահին, նույն կերպ նայիր ինձ և փոխի՜ր սիրտս։ Դու այն Հովիվն ես, Ով մոլորված մեկ ոչխարի համար Երկնքում թողեց իննսուն իննը ոչխարներին՝ այդ մեկ մոլորվածին գտնելու գալու համար, և երբ գտար նրան, ուրախությամբ դրեցիր ուսերիդ, կանչեցիր հարևաններիդ ու բարեկամներիդ, այսինքն՝ Երկնքի Սրբերին ու Հրեշտակներին, ասելով. «Հետս ուրախացե՛ք, որովհետև սա կորած էր և գտնվեց» (Ղկս 15, 6)։

Հիսո՜ւս, այդ Հովիվը Դու ես, և ես էլ՝ մոլորված ոչխարը. վերցրո՜ւ ինձ և փարախդ տար, Երկնքին մի՛ զրկիր այն ուրախությունից, որ պիտի ունենա իմ նման մեղավորին սրբված տեսնելով։ Եթե Քեզնից փախչելուս պատճառով մինչև այսօր ինձ չես գտել, ահա՛ Քո մոտ եմ գալիս, ընդունի՜ր ինձ և մի՛ լքիր, որ կրկին չմոլորվեմ։ Սիրո կապով միացրու ինձ Քեզ, որպեսզի այլևս Քեզնից չբաժանվեմ։ Քեզնից հեռանալուս պատճառը Դու չէիր, այլ՝ իմ ապերախտությունը, որ Քո սերը չճանաչեց։ Քո անհուն ողորմությամբ Երկնքից երկիր իջար՝ ինձ փնտրելու համար. ինձ Քեզ կապի՜ր, որպեսզի հավիտյան չբաժանվեմ Քեզնից։ Հիսո՜ւս, Քեզ սիրելուս համար հրաժարվում եմ աշխարհի բոլոր հաճույքներից ու խաբեություններից, սիրով ընդունում եմ այն ամենը, ինչը որ Դու ինձ կհրամայես։ Ահա՛ Քեզ եմ նվիրում իմ ամբողջ կյանքը, բավական է, որ մահանամ սիրույդ մեջ։ Որևէ ա՛յլ փափագ չունեմ, եթե ո՛չ միայն՝ սիրել Քեզ։ Թույլ մի՛ տուր, ո՜վ Հիսուս, որ սրանից հետո մի վայրկյան անգամ առանց Քեզ սիրելու անցկացնեմ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։