12. ՀԻՍՈՒՍԻ ԱՊՐԱԾ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԱՏՃԱՌ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆ ՍԻՐԵՆՔ – Գրադարան – Mashtoz.org

12. ՀԻՍՈՒՍԻ ԱՊՐԱԾ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԱՏՃԱՌ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆ ՍԻՐԵՆՔ

Հիսուսի ապրած վերջին երեք տարիների ընթացքում կատարված բարիքները հիշելու համար հարկավոր է կարդալ ամբողջ Ավետարանը։ Սակայն, մենք կվերցնենք միայն մի քանիսը՝ դրանց շուրջ մտածելու և մեր համար դասեր քաղելու համար։

 

ա) Բորոտի բժշկությունը

Հիսուսը լեռան գագաթից նոր էր իջել և քարոզում էր ժողովրդին, երբ մի բորոտ Նրա ոտքերի դեմն է ընկնում՝ ասելով. «Տե՜ր, եթե կամենաս, կարող ես ինձ բժշկել»։ Հիսուսը, գութը շարժվելով, հպվում է նրան՝ ասելով. «Կամենում եմ, բժշկվի՛ր»։ Եվ նա իսկույն բժշկվում է (Մտթ 8, 1-3)։

 

Ո՜վ Հիսուս, Ավետարանի բորոտից բացի, ուրիշ մեկն էլ է նույն շնորհը խնդրում Քեզնից։ Ես էլ հիվանդ եմ, և հիվանդությունս ավելի ծանր է, քան բորոտինը։ Իմ բորոտությունն ամենօրյա թերություններս են, Քեզ ծառայելու գաղջությունս է։ Բժշկի՜ր ինձ էլ, որպեսզի դիմացդ կանգնեմ սուրբ և մաքուր, և Քեզ ծառայեմ սրտի անարատությամբ։ Երբ Սուրբ Հաղորդությունն առնեմ, ինձ էլ ասա՛ այդ մխիթարական խոսքերը. «Կամենում եմ, բժշկվի՛ր»։

 

բ) Հարյուրապետի խնդրանքը

Հարյուրապետի ծառան հիվանդացել էր. այն ծառան, որին նա շատ էր սիրում։ Լսելով, որ Հիսուսը գթալով շատերին բժշկություն է պարգևում, գալիս է Հիսուսի մոտ և ասում. «Տե՜ր, ծառաներիցս մեկը ծանր կերպով հիվանդացել և տանջվում է»։ Այս խոսքերից բացի ուրիշ ոչինչ չի ասում, սակայն այդքանը բավական է լինում Հիսուսի սիրտը շարժելու համար, և Նա պատասխանում է. «Հիմա կգամ և կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը, սակայն, ասում է. «Մի՛ հոգնիր տունս գալով, արժանի չեմ այդ պատվին. բավական է, որ Դու մի խոսք ասես, և ծառաս կբժշկվի» (հմմտ. Մտթ 8, 5-13)։

Հիսուսը գովում է այս խոսքերը, որովհետև դրանք ցույց էին տալիս հարյուրապետի հավատքը. այս խոսքերից հայտնվում է նրա ունեցած խոնարհության աստիճանը։ Երբ Հիսուսն այդ խոսքերը լսում է, ասում է. «Գնա՛, թող հավատքիդ համաձայն լինի» (Մտթ 5, 13)։ Եվ այդ պահին ծառան բժշկվում է։

 

Գիտես, ո՜վ Հիսուս, որ իմ հոգին էլ հիվանդ է, ներսս մի կրակ է մտել, որ չի մարում։ Սիրտս կամենում է սիրել, բայց Քեզնից բացի ի՛նչ էլ սիրելու լինի, հանգիստ չի գտնում, այլ՝ միշտ ավելի անհանգիստ է դառնում։ Սիրտս միայն Քեզ է ցանկանում, Քեզ է փնտրում։ Թեև այդ այցելությանդ արժանի չեմ, բայց խնդրում եմ, որ ինձ էլ ասես. «Ես կգամ և կբժշկեմ»։

Ե՜կ, Տեր Հիսուս, ե՜կ, որպեսզի փարվեմ Քեզ և այլևս չլքեմ Քեզ, որովհետև առանց Քեզ կյանքս կյանք չէ։

 

գ) Քանանացի կնոջ խնդրանքը

Երբ Հիսուսը Տյուրոսի ու Սիդոնի կողմերն էր գնացել, քանանացի մի հեթանոս կին աղաղակելով ասում է Իրեն. «Հիսո՜ւս, Դավթի՛ որդի, ողորմի՜ր ինձ, աղջիկս ծանր կերպով դիվահարված է»։ Նույն այս խոսքերը պետք է մենք էլ կրկնենք. «Տե՜ր, հոգիս տանջվում է սատանայի փորձություններից»։ Հիսուսը չլսելու է տալիս։ Աշակերտները մոտենալով՝ ասում են. «Այս խեղճ կինը չի դադարում մեր ետևից աղաղակելուց»։ Հիսուսը ո՛չ իսկ այն կողմն է դառնում՝ անտարբեր ձևանալով։ Բայց խեղճ կինը հույսը չի կորցնում և շարունակում է կրկնել. «Հիսո՜ւս, Դավթի՛ որդի, ողորմի՜ր ինձ»։ Առաքյալները դարձյալ աղաչում են Հիսուսին, որ նրա խնդրանքը կատարի։ Հիսուսը պատասխանում է. «Ես եկել եմ միայն Իսրայելի որդիների համար»։ Կինը տեսնելով, որ Առաքյալներն իր դատն են պաշտպանում, քաջալերվում է, սակայն ի՞նչ աներ, երբ Հիսուսը բացահայտ կերպով մերժում էր իրեն։ Չի հուսահատվում, այլ՝ մոտենալով Հիսուսին, դե՛ռ ավելի ուժգին է կրկնում իր խնդրանքը և լսում է Հիսուսի պատասխանը. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան. պետք չէ նրանց հացն առնել և շնիկներին տալ»։ Ողորմած և բարի հայրը պետք չէ, որ այս կերպ պատասխաներ։ Հիսուսն այսպես ասաց, բայց նրան չմերժեց, ինչը որ նշան էր, թե ընդունում էր կնոջ խնդրանքը։

Կինն ունենալով ճշմարիտ խոնարհություն՝ չի վիրավորվում Հիսուսի խոսքերից։ Միայն հպարտությունն է, որ արգելք է լինում աստվածային խոսքերը լսելու։ Կինը պատասխանում է. «Ճի՛շտ է, պետք չէ մանուկների հացը շնիկներին տալ, սակայն շնիկներն էլ ապրում են սեղանից ընկած փշրանքներով»։ Կինն ասել էր ցանկանում. «Խնդրանքս այս է. որ Դու շնորհներդ առատ կերպով տաս Աբրահամի որդիներին, իսկ ինձ տաս դրանցից ավելացածը, միայն մի փոքրիկ բաժին»։

Այս խոսքերը Հիսուսին հաճելի են թվում՝ տեսնելով Իր նկատմամբ կնոջ ունեցած վստահությունը և խոնարհությունը, և կատարում է նրա խնդրանքը՝ ասելով.

«Ո՜վ կին, մեծ է հավատքդ»։ Իսկապես մեծ էր, որովհետև երբ Հիսուսն իր հանդեպ առերևույթ անտարբեր մնաց, ինքը չհուսալքվեց. իր հավատքով հաղթեց իր առջև ծառացած դժվարությանը  (հմմտ. Մտթ 15, 21-28)։

Իսկ ե՞ս. փոքրիկ դժվարության առաջ անգամ սիրտս կոտրվում է, հուսալքվում եմ, ձանձրանում։ Քանանացի կինը հաստատուն հավատքի հետ ունեցավ նաև հարատևություն, և ուզածը կատարվեց և լսեց Հիսուսի խոսքը. «Ինչպե՛ս որ ցանկանում ես, թող այդպես լինի»։

 

Հիսո՜ւս, փարվում եմ ոտքերիդ և ես էլ Քեզ աղաչում եմ, և եթե ինձ լսելու չլինես, դարձյալ ու դարձյալ պիտի աղաչեմ Քեզ։ Եթե մեղքերիս համար ինձ հանդիմանես, ահա՛ խոստովանում եմ դրանք. եթե ասես, որ Արքայությունն իմ նման մեղավորների համար չէ, կպատասխանեմ Քեզ. «Ճի՛շտ է, Տե՜ր Հիսուս, բայց Դու եկար մեղավորներին փրկելու, հիվանդներին բժշկելու, դիվահարներին առողջացնելու, Քեզ հավատացողներին ու Քեզ ապավինողներին փրկելու (հմմտ. Մտթ 9, 9-13)։ Ես էլ արժանի չեմ մեծ մեծ շնորհների, իմ համար էլ բավական է միայն դրանց փշրանքները»։

 

դ) Շնացող կինը

Դպիրներն ու փարիսեցիները Հիսուսի առջև են բերում շնացող մի կնոջ և ասում են. «Այս կինը շնացող է, և Մովսեսը հրամայում է այս տեսակներին քարկոծել։ Դու ի՞նչ կասես» (Հվհ 8, 3-11)։

Ցանկանում էին Հիսուսի վրա ամբաստանության մի բան գտնել։ Եթե Հիսուսն ասեր. «Այո՛, քարկոծեցե՛ք», այնուհետև կարող էին ասել, թե ողորմած և գթած չես, իսկ եթե ազատ արձակեր կնոջը, պիտի ասեին, թե ապստամբ ես և օրենքները չես պահում։ Հիսուսը ո՛չ ասում է քարկոծեցեք, ո՛չ էլ՝ մի՛ քարկոծեցեք. կարդում է նրանց սրտերը և ասում. «Ո՛վ որ ձեր մեջ անմեղ է, թող որ նա առաջին քարը նետի»։ Այս ասելով, շարունակում է նստած՝ մատով հողի վրա գրել։ Թշնամիները կարծես կայծակնահարված լինեին, վախենալով, որ իրենց մեղքը կբացահայտվի, մեկը մյուսին հետևում թողնելով հեռանում են։ Մնում է կինն առանձին, վախեցած ու սարսափած, չիմանալով, թե որքա՜ն ողորմած է Հիսուսն իր հանդեպ, որ գլուխը բարձրացնելով՝ կնոջը հարցնում է. «Ո՞ւր են քեզ դատապարտողները, քեզ չդատապարտեցի՞ն»։ «Ո՛չ, Տե՜ր», ասում է կինը։ Իսկ Հիսուսը. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛ և այլևս մի՛ մեղանչիր»։

 

Բարեգո՜ւթ Հիսուս, Դու, որ մարդու տկարություններին կարեկից ես լինում, ո՞ր սիրտը կարող է Քեզ չսիրել։ Կամենում եմ ծառայել Քեզ, կամենում եմ սիրել Քեզ, Քեզնից չբաժանվել հավիտյան։ Ընդունի՜ր ինձ ծառաներիդ մեջ, և ինձ շնո՜րհ տուր, որ մինչև մահս Քեզ հավատարիմ մնամ։

 

ե) Հիսուսն օրհնում է մանուկներին

Մի օր, երբ Հիսուսը ժողովրդին քարոզում էր, մի խումբ մայրեր իրենց մանուկներին Հիսուսի մոտ են բերում, որպեսզի նրանց օրհնի։ Հիսուսի դեմքն այնքա՜ն քաղցր և անուշ պետք է որ լիներ, որ մանուկները՝ Նրան տեսնելով, առանց վախի մոտեցան Իրեն։ Բայց Հիսուսի աշակերտները դեռ լավ չճանաչելով Հիսուսի հոգին՝ արգելք եղան, որ մանուկները Նրան մոտենան։ Իսկ Հիսուսն ասաց. «Թո՛ւյլ տվեք, որ Իմ մոտ գան, արգելք մի՛ եղեք, որովհետև նրանց նմաններն են, որ իրենց պարզության, անմեղության և հնազանդության համար Արքայություն են գնում. նրանք, ովքեր այս մանուկների նման չեն ընդունում Աստծո Արքայությունը, այնտեղ չեն կարող մտնել»։

Այս խոսքերը Հիսուսն Իր աշակերտներին և ամբողջ ժողովրդին ասելուց հետո կանչեց մանուկներին, փարվեց նրանց և, ձեռքը նրանց գլխին դնելով՝ օրհնեց։ Երանի՜ այդ մանուկներին, որ արժանի եղան Հիսուսի օրհնությանը, որն աղբյուրն է բոլոր շնորհների (հմմտ. Մրկ 10, 13-15)։

 

Եղբա՜յր իմ Հիսուս, սովորեցրո՜ւ ինձ հոգևոր մանկության ուղին։ Տարիք առնելով, միայն սեփական ուժին ու խելքին է մարդ ապավինում, կամ սոսկ երկրային շոշափելի իրողություններին։ Վերադարձրո՜ւ ինձ հոգու մանկությանը, որպեսզի լիասիրտ ապավինեմ Քո և իմ Հորը, և ամեն դեպքում, մանավանդ այն ամեն ինչի մեջ, որ չեմ հասկանում այս կյանքում, այս գոյության մեջ, անծայրածիր վստահությամբ հանձնվեմ Իր հայրական նախախնամությանը։

 

զ) Երիքովի կույրը

Երբ Հիսուսը մոտենում է Երիքով քաղաքին, ճանապարհի եզրին նստած մի կույր մուրացկան ոտքի ձայն լսելով՝ հարցնում է, թե՝ Ո՞վ է անցնում։ Իրեն ասում են, թե Հիսուսն է։ Նույն շրջանի բոլոր կարիքավորներն ու վիշտ ունեցողները գիտեին, որ Հիսուսն իրենց գթացողն է և որ հրաշքով բժշկում է իրենցից շատերին։ Արդ, կույրն ուրախանալով, որ Հիսուսն է անցնողը, վստահանալով Նրա բարությանն վրա՝ սկսում է աղաղակել. «Հիսո՜ւս, Դավթի՛ որդի, ողորմի՜ր ինձ»։ Եվ չիմանալով, թե ո՛ր պահին է, որ Հիսուսը պիտի իր մոտով անցնի, շարունակում է նույն ձայնով բղավել։ Մինչ կողքիններն իրեն հորդորում են, որ դադարի բղավելուց, կույրը դե՛ռ ավելի բարձր ձայնով կրկնում է. «Հիսո՜ւս, Դավթի՛ որդի, ողորմի՜ր ինձ»։

Կանգ է առնում Հիսուսը, հրամայում է, որ Իր մոտ բերեն կույրին և հարցնում է. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քո համար»։ Հիսուսը գիտեր կույրի փափագածը, բայց, ինչպես մի մայր, իմանալով հանդերձ իր որդու ցանկացածը, սիրում էր նույնը լսել իր որդու շուրթերից, տեսնելու համար, թե որքա՛ն է Իրեն վստահում. նույնպես էլ Աստված կամենում է, որ մեր կարիքներն Իրեն պարզենք, չնայած այն բանին, որ մեզնից ավելի լավ գիտի, թե մենք ինչի՛ կարիք ունենք։

Կույրն ասում է Հիսուսին. «Տե՜ր, այնպես արա՛, որ տեսնեմ»։ Հիսուսը, որ թշվառի ցավին չի դիմանում, պատասխանում է. «Քո հավատքը թող որ քեզ բժշկի»։ Այդ պահին բացվում են կույրի աչքերը (հմմտ. Ղկս 18, 35-43)։

 

Բարեգո՜ւթ Հիսուս, որքա՜ն անգամներ են շուրջիններս՝ աշխարհն ու դևերը, ինձ հորդորում, որ դադարեցնեմ դեպի Քեզ ուղղված աղերսանքս, ձայնով արտահայտված լինի դա, թե լուռ, սրտիս խորքում։ Չպիտի լսեմ նրանց հուսահատեցնող խոսքերը, պիտի շարունակեմ խնդրել Քեզնից լույս։ Օգնի՜ր տեսնել ճանապարհս, որով անխափան քայլելով՝ հասնեմ հավիտենական Հայրենիք և Տուն։

 

է) Հիսուսի լացը Երուսաղեմի վրա

Երբ Հիսուսը մոտենում է Երուսաղեմին, դիտելով քաղաքը՝ լալիս է։ Ինչպիսի՜ տեսարան ... , ո՞վ կարող է երևակայել Հիսուսի լացը։ Լացի պատճառն էլ դարձյալ սրտի չափազանց փափկությունն էր։ Քիչ ժամանակ անց Երուսաղեմ քաղաքը պիտի կործանվեր, այնտեղ բնակվող մարդկանց անօրեն կյանքի պատճառով, Մեսսիայի Արյունը նրանց ձեռքով թափելու պատճառով։ Ճի՛շտ այն քաղաքը, որ պիտի լիներ բոլոր քաղաքների թագուհին, պիտի մոխիր դառնար։ Այս ամենը Հիսուսի աչքերի դիմաց է պատկերանում, և հակառակ որ նրանց փրկելու համար էր եկել, սրտի խորը ցավով դիտելով քաղաքը՝ ասում է տրտում ու ողբագին. «Ա՜հ, եթե գոնե հիմա, դեռ չկործանված, գիտակցեիր, թե Ո՞վ է, որ կարող է քեզ փրկել այդ պատժից։ Բայց կուրացած, ոչինչ չես տեսնում։ Մի օր թշնամիներդ քեզ պիտի պաշարեն, և քաղաքը զավակներիդ վրա պիտի կործանեն, քարը քարի վրա չթողնելով, որովհետև քեզ տրված շնորհը չգիտակցեցիր» (հմմտ. Ղկս 19, 41-44)։

Հռոմեացիները հետո գալիս, պաշարում են քաղաքը, գրավում են այն, կործանում են Սողոմոնի կառուցած փառավոր Տաճարը, որովհետև Աստված իրենցից Իր երեսը թեքել էր։

 

Բայց, Հիսո՜ւս, Քո լացը միայն Երուսաղեմի վրա չէր, այլ՝ աչքի առջև ունեիր ապերախտ մեղավորների բազմությունը, ովքեր իրենք իրենց պատժի են արժանացնում՝ հրեաների նման չցանկանալով Քեզ որպես Փրկիչ ճանաչել։

Նույնը լինում է նաև մեր՝ մեղավորներիս հետ, երբ չենք հարգում Աստծո կողմից մեզ տրված Շնորհը։ Եթե շարունակ գիտակցեինք, թե ինչպիսի՜ մեծ պարգև է Աստծո կողմից մեզ արված Շնորհը։ Աստված մեզ է շնորհում այս օրը, խղճի ձայնով ցույց է տալիս մեր մեղքերը, հորդորելով, որ դառնանք դեպի Ինքը։ Եթե Աստծո թելադրությանն այսօր չհետևենք, այս պահը կանցնի և այլևս չի վերադառնա։ Այնուհետև մեր սրտերը կարող են կարծրանալ, և մեր հոգիների աչքերը չտեսնեն և կրքերը մեզ կուրացնեն ու բնավ չտեսնենք մեր դիմացը։

Սրա համար է, ո՜վ Քրիստոս, որ լաց եղար, տեսնելով, որ մենք չենք ողբում մեր մեղքերը։ Մենք էլ հոգևոր մի Երուսաղեմ ենք. պետք է ուղղվենք, ապա թե ո՛չ՝ մեր կործանումն էլ մոտ է։ Եթե մինչև այսօր անգիտակից եղանք դրան, օգնի՜ր գոնե այսօրվանից սկսած՝ գիտակցենք և ազատվենք։ Մեկ վայրկյան անգամ Աստծո շնորհը չարհամարհենք, այլ՝ պտղաբերենք Աստծո Արքայության համար։

 

ը) Ղազարոսի հարությունը

Հիսուսի մտերիմներից Ղազարոս անունով մեկը հիվանդացել էր Բեթանիայում, որտեղ բնակվում էին նաև իր քույրերը՝ Մարիամն ու Մարթան, ովքեր Հիսուսին լուր ուղարկեցին, թե. Ընկերդ՝ Ղազարոսը, հիվանդ է։ Մարթան և Մարիամը միայն լուր ուղարկեցին՝ ասելով. «Նա, ում դու սիրում ես, հիվանդացել է» (Հվհ 11, 1-45)։

Մենք էլ մեր աղոթքն այս կերպով պիտի կատարենք։ Մի՛ տարակուսիր, որ Հիսուսը քեզ էլ է սիրում։ Սա աղոթքի լավագույն կերպն է, ուր կա խոնարհություն, որ դյուրությամբ շարժում է Հիսուսի սիրտը։

Հիսուսը նաև քո Բժիշկն է և քո հոգին այնքան է սիրում, որ Իր կյանքն է տվել դրա համար։ Եթե քեզ հիվանդ ես զգում, դիմի՛ր Իրեն և պիտի լսես Իր ձայնը, որ ասում է. «Այդ հիվանդությունդ մահվան չի առաջնորդում, այլ՝ որպեսզի Աստված փառավորվի»։

Հիսուսը ճանապարհ է ընկնում՝ Ղազարոսին հարություն տալու համար, և նրա մահանալուց չորս օր հետո է հասնում։ Շատերն այնտեղ եկել էին՝ երկու սգավոր քույրերին մխիթարելու համար։ Մարթան իմանալով, որ Հիսուսը եկել է, վազելով Նրա առջև է դուրս գալիս և ասում. «Տե՜ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա», ցանկանալով ասել, թե՝ Դու նրան այնքան էիր սիրում, որ թույլ չէիր տա, որ աչքերիդ դիմաց մահանա, և Դու Քո ամենակարողությամբ կազատեիր նրան մահվանից։ Բայց Մարթան Հիսուսի հանդեպ վստահություն ուներ, որ Նա ի՛նչ որ խնդրի երկնավոր Հորից, կկատարվի, ո՛չ միայն մահվանից ազատելը, այլ նաև՝ մահացածին կենդանացնելը։

Հիսուսն ասում է նրան. «Եղբայրդ հարություն պիտի առնի»։ Մարթան պատասխանում է. «Գիտեմ, որ երբ աշխարհի վախճանը գա, հարություն պիտի առնի»։ Հիսուսը խոսքն ուղղում է ամբողջ աշխարհին՝ ասելով. «Ես Եմ հարությունը և կյանքը։ Ով որ Ինձ հավատա, նույնիսկ եթե մահանա, կենդանի կմնա, իսկ չհավատացողը մահացած է մնում»։

Մխիթարական խոսքեր. եթե Քրիստոսին հավատանք, Իրեն վստահենք և ամբողջ սրտով հավատանք, նշան է, թե պիտի չմահանանք, և երբ այս տկար ու ախտավոր մարմինը լքելու լինենք, անախտ ու փառավոր մարմին պիտի ստանանք։ Եթե սրտանց հավատաս Հիսուսին, մահանալով հանդերձ պիտի ողջ մնաս, միայն վայրդ է, որ պիտի փոխվի, փոխանակ խեղճությամբ ապրելու այս երկրի վրա, պիտի Քրիստոսի հետ ապրես Երկնքի փառքերի մեջ։

Եթե լավ մտածելու լինես այս գաղափարների շուրջ, այլևս չես վախենա մահվանից, ինչից որ շատերը սարսափում են։ Հաճախ մտածիր Հիսուսի խոսքերի շուրջ, որպեսզի հոգուդ մեջ փարատվի մահվան նկատմամբ վախը, և ապրես՝ Հիսուսին սիրելով և Նրան հավատալով։

Մարթան Հիսուսի այս խոսքերը լսելով՝ վազում է քրոջ՝ Մարիամի մոտ և ասում. «Վարդապետը եկել է և քեզ է ուզում»։ Ի՜նչ մխիթարական լուր Մարիամի համար. վազելով հասնում է Հիսուսի մոտ։ Երբ ցավի և հոգեկան վշտի մեջ ես գտնվում, և Հիսուսը քեզ կանչում է, մեծ է լինում մխիթարությունդ։ Դու էլ, Մարիամի նման, թո՛ղ ուրիշներին, նրանցից մխիթարություն մի՛ սպասիր, վազի՛ր Հիսուսի մոտ՝ Նրա առջև սիրտդ բացելու, Նրա առջև արցունքներդ հեղելու։

Մարիամն էլ է կրկնում Հիսուսին, ինչ որ Մարթան էր ասել. «Տե՜ր, եթե այստեղ գտնված լինեիր, եղբայրս չէր մահանա», և սկսում է լալ՝ չկարողանալով ուրիշ բան ասել։ Ուրիշ անգամ Մարիամը Քրիստոսի ոտքերի մոտ նստած՝ Նրա խոսքերն էր լսում, հիմա Հիսուսն է, որ իրեն լսում է։ Այն ժամանակ Հիսուսի խոսքերն էին, որ իր սիրտը շարժում էին, հիմա իր արցունքն է, որ շարժում է Հիսուսի սիրտը։ Երանի՜ է քեզ, եթե Մարիամի օրինակին հետևելով՝ թափեիր հոգուդ արցունքները Հիսուսի ոտքերի տակ՝ այնտեղ դնելով խեղճություններդ, լալով մեղքերիդ համար։ Կյանքումդ չես մխիթարվում, որովհետև չես սովորել հոգուդ վշտերը դնել Հիսուսի ոտքերի տակ, իսկ երբ մարդկանցից ես փնտրում մխիթարությունդ, սիրտդ վշտահար է մնում։

 

Հիսո՜ւս, միայն Դու կարող ես ինձ մխիթարել. ինձ էլ կանչիր, որպեսզի Մարիամի հետ նստեմ ոտքերիդ մոտ։ Թույլ տուր, որ լացեմ Խաչելությանդ դիմաց, որպեսզի վշտերս ու վերքերս իրենց դարմանը Քեզնից գտնեն։ Առաջադրում եմ, ո՜վ Հիսուս, յուրաքանչյուր անգամ, երբ հոգեկան մտահոգություն կամ տառապանք եմ ունենում, փութալ Ամենասուրբ Հաղորդության դիմաց։

 

Տեսնելով Մարիամի և նրա հետ եղողների արցունքը՝ Հիսուսի սիրտը ևս հուզվում է, և գորովով լցված՝ հարցնում է. «Ղազարոսին որտե՞ղ թաղեցիք»։ «Արի՛ և տե՛ս», լինում է պատասխանը։ Եվ Հիսուսն այնտեղ կանգնած լալիս է՝ մեզ ուսուցանելու համար, որ բարեկամի մահվան համար լացելն Աստծո կամքին հնազանդվելուն հակառակ չէ։

Հիսուսը սրտի խորքից հառաչում է, ուղղվում է դեպի գերեզմանը, տեսնում է հսկա քարը և ասում է. «Մի կողմ հրեք այդ քարը»։ Մարթան՝ Ղազարոսի քույրն, ասում է. «Տե՜ր, չորս օր եղավ, որ թաղեցինք, հիմա հոտած կլինի»։ Հիսուսը հառաչում է և սրտում լացում, որովհետև խորհրդածում է, որ Ինքը մարդուն անմահ ստեղծեց, իսկ մեղքը եկավ և նրանց ապականեց. եկել էր աշխարհ՝ մեղքին հաղթելու և մարդուն անմահ դարձնելու համար։

Երբ քարը հանում են, Հիսուսն աչքերը երկինք է բարձրացնում, աղոթում է Իր երկնավոր Հորն, ասելով. «Հա՜յր, գիտեմ, որ խնդրանքներս միշտ կատարում ես, բայց այս ժողովրդի համար է, որ այս անգամ խնդրում եմ, որպեսզի տեսնեն և հավատան, որ Դո՛ւ ինձ աշխարհ ուղարկեցիր»։ Ապա բարձր ձայնով Ղազարոսին գերեզմանից դուրս է կանչում, և Ղազարոսը ոտքի է կանգնում։

Ավետարանում այս ամենը երկար ու մանրամասն կերպով նկարագրված է, որպեսզի սովորես, որ Հիսուսն Իր սիրելիներին կարեկից է լինում, և գործածելով Իր ամենակարող զորությունը՝ նրանց վշտերը թեթևացնում է։ Որքա՜ն մխիթարված պիտի զգաս, երբ իմանաս, որ Հիսուսը գթառատ է քո նկատմամբ և կամենում է խեղճությունններիդ դարման անել։ Անկարելի է, որ մտածես Հիսուսի կողմից քո հանդեպ ունեցած սիրո մասին, և սիրտդ չբորբոքվի Իր սիրով։

Եթե ճանաչեիր Հիսուսին և Նրա կյանքի մանրամասնությունները, դու էլ Պողոս Առաքյալի նման պիտի կրկնեիր. «Նզովված լինի նա, ով չի սիրում Տեր Հիսուսին» (1Կր 16, 22)։

 

Ո՜վ Հիսուս, Քո անվան ու փառքի համար վառիր սիրտս Քո սիրո բոցով։ Ապրեմ միայն Քեզ սիրելու համար՝ լալով մեղքերս, որոնք պատճառ եղան Քեզ վշտացնելու։ Ուշ ճանաչեցի Քեզ, ողորմի՜ր ինձ և տո՜ւր ինձ Քո շնորհը։ Ո՛չ հարստություն եմ փնտրում և ո՛չ աշխարհի վայելքը. փնտրածս Քո սերն է, ինչը փափագում եմ սրտիս ողջ զորությամբ։ Քեզ սիրելուց հետո հոգ չէ, որ վիշտ կրեմ կամ անարգվեմ, կամ անպակաս լինեն խաչերս։ Այնուհետև ես գոհ կլինեմ, որ իմ վրա կատարվի Քո սուրբ կամքը։ Ողորմի՜ր ինձ, Տե՜ր, և հասի՜ր ինձ օգնության. Դու ինձնից լավ գիտես, թե ինչի՛ կարոտ է հոգիս։ Քեզ եմ ապավինում, Տե՜ր Հիսուս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։