ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել վշտերին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել վշտերին

«Ով որ կամենում է ինձ հետևել», ասում է Հիսուսը, «թող որ հրաժարվի ինքն իրենից, միշտ իր խաչն առնի և հետևիցս քայլի» (Մտթ 16, 23)։

Ուշադրությո՛ւն դարձրու Հիսուսի խոսքերին. Նա ասում է «իր խաչն առնի»։ Ծանր խոսք է, և մեր բնությունը չի սիրում այդ գաղափարը։ Որքա՛ն էլ որ ծանր լինի, սակայն, պիտի կարողանաս համբերել և Հիսուսի օրինակին հետևելով՝ խաչդ կրես։ Մեր փրկությունը խաչից է, փորձության դեմ պայքարելու ուժը խաչից է, Հիսուսին սիրելու ապացույցը խաչի մեջ է։

Պետք է խաչդ կրես, բայց ո՛չ դժկամելով կամ գանգատելով, կորցնելով շահելիք վարձդ։ Ոմանք փափագում են մարտիրոս լինել, ծանր չարչարանքների ենթարկվել, և դրա կողքին՝ չեն կարողանում փոքրիկ նախատական մի խոսքի համբերել կամ գլխացավ կրել։ Աստված քեզնից մարտիրոսություն չի պահանջում, բայց ուզում է, որ համբերես Իր թույլատրած խաչերին, լինի՛ դա հիվանդություն կամ անարգանք և կամ ուրիշ որևէ բան։

Կան ոմանք, որ սիրով են կրում խաչը, բայց մի որոշ ժամանակ անց հոգնում են՝ ծանրությանը չդիմանալով. բայց նաև մոռանալով, որ եթե խաչը չցանկանան Հիսուսի հետ կրել, այն ավելի ծանր է դառնալու։

Դու մի՛ նմանվիր նրանց, այլ՝ սիրով կրիր խաչդ, և եթե զգում ես, որ տկարանում ես, դիմի՛ր Հիսուսին, ուժ խնդրիր Նրանից, և Նա կտա։ Հիշի՛ր Պողոս Առաքյալի խոսքը, որ ասում է. «Այս աշխարհի նեղությունները որքան էլ որ ծանր լինեն, Երկնքում ընդունելիք վարձի համեմատ ոչինչ են» (2Թղ 1, 5)։

Ոմանք էլ քանի դեռ հոգևոր մխիթարությունների մեջ են, քայլում են Հիսուսի հետևից, բայց երբ Հիսուսն Իր Դեմքը թաքցնում է նրանցից և կամ դադարեցնում է մխիթարությունը, մի կողմ են թողնում հոգևոր պարտականությունները, աղոթքն ու Հաղորդությունը, կամ մոլությունների սանձման կյանքը, և իրենք իրենց տրտմության ու գաղջության են տալիս։ Այս հոգիներն իրենք իրենց ավելի են սիրում, քան Հիսուսին։

Բայց դու Հիսուսի՛ն սիրիր, ո՛չ թե Իր տված մխիթարությունների համար, այլ՝ որովհետև Նա քո սիրույն իրոք արժանի է, և ուստի մի՛ թող բարի կյանքդ, որ սկսել էիր, որքան էլ որ չոր ու ցամաք զգաս ինքդ քեզ։ Հիշիր, որ եթե Նրան այդ վիճակով ծառայես, ավելի՛ փառաբանած կլինես Նրան, որովհետև ջանում ես հաճելի լինել Իրեն թե՛ մխիթարություն և թե՛ չորություն զգացածդ ժամանակ։

Հիսուսի սիրո համար սիրի՛ր նաև մխիթարությունից զրկվելը, որովհետև Ինքն էլ քեզ սիրելու համար խաչի վրա զրկվեց ամեն տեսակ մխիթարությունից, մինչև որ ասաց. «Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես լքել ինձ» (Մտթ 27, 46)։ Հիսուսին հաճելի է, երբ նեղության ու չորության մեջ ես սիրում Իրեն։ Աղոթքով խնդրիր, որ կարողանաս սերդ ապացուցել Հիսուսին՝ կրելով կյանքիդ ընթացքում ներկայացած խաչերդ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։