39. ՀԻՍՈՒՍԸ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐ ԿՅԱՆՔՆ ԸՆԾԱՅԵՑ – Գրադարան – Mashtoz.org

39. ՀԻՍՈՒՍԸ ՄԵԶ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐ ԿՅԱՆՔՆ ԸՆԾԱՅԵՑ

Հիսուսը երկիր մտնելու առաջին իսկ վայրկյանից Իր աչքի առաջ տեսավ Ադամի բոլոր որդիներին, որոնք աշխարհի սկզբից ապրել են և դեռ մինչև աշխարհի վերջը ապրելու են. տեսավ նաև սոսկալի չարչարանքը, որ նրանց փրկության համար պիտի կրեր։

Հիսուսը տեսավ նաև քեզ՝ մեղքերով ծածկված, խավարի մեջ ընկղմված, ամեն տեսակ բարիքներից զուրկ, և փոխանակ քեզ մերժելու՝ Իր գութը շարժվեց, և քեզ փրկելու համար ամեն չարչարանք հանձն առավ՝ կյանքի առաջին վայրկյանից մինչև խաչի վրա մահը։ Հիսուսն այս ամենն անելու համար ո՛չ մի շահ չուներ. միայն սերն է, որ Իրեն մղեց այսպես գործելու։ Հիսուսը քեզ սիրելու համար ծնվեց ախոռում, քեզ սիրելու համար այդքա՜ն չարչարանք հանձն առավ, քեզ սիրելու համար արյունլվա եղած գամվեց խաչին։ Դատապատված էիր դժոխք գնալու, Նա՛ է, որ քեզ ազատեց։ Ծնվել էիր իբրև Աստծո թշնամի, Աստծո թշնամիների սերունդ, Նա՛ է, որ վերացրեց ատելությունը և քեզ Աստծո զավակ դարձրեց՝ որդեգրության շնորհով։ Չէիր մտածել Աստծուն սիրելու մասին. կույր էիր և սիրում էիր Նրան վշտացնել։ Նախ Նա՛ սիրեց քեզ, Ինքն Իրեն քեզ տվեց՝ հորդորելով քեզ, որ սիրես Իրեն։

Կարո՞ղ ես անտարբեր մնալ այսքա՜ն սիրո հանդեպ, կարո՞ղ ես չսիրել Հիսուսին, որ քեզ այս կերպ սիրել է։ Ինչպե՞ս կարող ես փոխադարձել։

Հիսուսն Ինքն Իրեն տվեց քեզ, պետք է, որ դու էլ ինքդ քեզ տաս Իրեն։ Խեղճ ես և տկար, բայց սրանից բացի ուրիշ ոչինչ չունես, որ Իրեն նվիրես։ Հիսուսն Աստված լինելով՝ Ինքն Իրեն տվեց, կարո՞ղ ես դու էլ ինքդ քեզ չտալ Իրեն։

 

Տե՜ր Հիսուս, ընդունի՜ր իմ այս ընծան, որ համազոր է երկու լումայի՝ հոգիս ու մարմինս (հմմտ. Մրկ 12, 42)։ Ինձ շնո՜րհ տուր, որ նվիրածս ետ չառնեմ և ամբողջապես Քեզ պատկանեմ։ Ահա՛ Քեզ եմ նվիրում մարմինս՝ մոլություններս զսպելով, աշխատելով և իր անկարգ փափագները չկատարելով. նույնպես Քեզ եմ նվիրում հոգիս՝ հրաժարվելով կամքիցս, քմահաճույքներիցս, եսասիրությունիցս և այն ամենից, ինչը որ տհաճ է Քեզ։ Գիտեմ, Տե՜ր, որ դժվարին է գործս և անկյալ բնությանս հակառակ, բայց Քո օգնությամբ պիտի կարողանամ իրագործել՝ մինչև մահս։ Հիսո՜ւս, աղաչում եմ Քեզ, ընդունի՜ր ընծաս՝ ազատությունս, հիշողությունս, միտքս, կամքս և ամբողջ անձս։ Ի՛նչ որ ունեմ, Քեզնից է. տվածդ է, որ Քեզ եմ նվիրում, որպեսզի կամեցածիդ պես կառավարես այն։ Տե՜ր Հիսուս, Քո սուրբ շնորհն անպակաս արա՛ ինձնից, որպեսզի միշտ կատարեմ կամքդ և Քեզ սիրեմ անսահման կերպով։ Եթե Քեզ չսիրեմ, ապա էլ ո՞ւմ սիրեմ։ Սրտանց ցավում եմ մեծագույն մեղքիս համար, այն է՝ մինչև այսօր Քեզ չսիրելուս համար. գոնե սրանից հետո ցանկանում եմ սիրել Քեզ։ Իմ այս փափագի համար էլ Քո շնորհին եմ պարտական, ուրեմն այնպես արա՛, որ մինչև մահս հավատարիմ մնամ Քեզ ծառայելուս մեջ։ Գիտակցում եմ տկարությունս, բայց շնորհիդ ապավինելով՝ ցանկանում եմ բարի կամքով աշխատել, որ միշտ ավելի՛ Քեզ նվիրվեմ։

Բարեգութ Մայրս, Սուրբ Աստվածածին, բարեխո՜ս եղիր իմ համար, որ ամբողջ սրտով կարողանամ սիրել Հիսուսին։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։