ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խոնարհությունը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խոնարհությունը

Աստծո Որդին մարդ դառնալով՝ Քեզ խոնարհության մեծագույն օրինակը տվեց, և սա Աստծո շնորհով կարող է փրկել քեզ քո հպարտությունից. տե՛ս, որ այն զուր չվատնես։ Առանց խոնարհության՝ հաստատուն առաքինություն չկա, որ քեզ Արքայության տանի, առանց խոնարհության անհնարին է, որ կարողանաս ուղիղ ճանապարհի վրա մնալ։

Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե քրիստոնյայի համար ո՛րն է առաջին առաքինությունը. դա խոնարհությունն է։ Երկրորդը՝ խոնարհությունն է։ Երրորդը՝ դարձյալ և միշտ խոնարհությունն է։ Սա մյուս բոլոր առաքինությունների հաստատուն հիմքն է։ Ինչպես հպարտությունն արմատն ու հիմքն է բոլոր մեղքերի, այսպես խոնարհությունը աղբյուրն է բոլոր առաքինությունների։ Մեկը, որ առանց խոնարհության ցանկանում է արդյունքի հասնել, քամու դեմ փոշի է ցանում։ Երբ խոնարհության առաքինությունը սկսում է տկարանալ, միասին տկարանում են բոլոր առաքինությունները։ Խոնարհությամբ՝ հրեշտակների նման ես լինում, հպարտությամբ՝ սատանայի։

Տե՛ս, ուրեմն, ո՜վ աստվածասեր հոգի, թե ի՛նչ ասել է խոնարհություն և որքա՛ն այն անհրաժեշտ է։ Տե՛ս, թե որքա՛ն լրջությամբ պիտի նվիրվես սրան՝ այն ստանալու համար։

Այն ստանալու համար երեք բան է պետք. առաջին՝ աղոթքով Աստծուց խնդրես, քանի որ միայն Նա կարող է տալ մեզ այս մեծ առաքինությունը։ Երկրորդ, հաճախ մտածիր արածդ մեղքերի և ներկայիս քո խեղճ վիճակի մասին, որպեսզի խոնարհվես Աստծո դիմաց։ Երրորդ, համբերությամբ կրիր արհամարհանքը և մի՛ սպասիր, որ շրջապատումդ քեզ մեծ բանի տեղ դնեն։ Առանց արհամարհանք կրելու՝ չես կարող խոնարհ լինել։

Արդ, եթե ցանկանում ես խոնարհ լինել, սիրիր անտեսվել, և եթե չես կարող ուրախությամբ դիմանալ արհամարհանքին, գոնե դրանք համբերությամբ կրիր։ Մի՛ սիրիր գովեստի արժանանալ և ուրիշների աչքին բարձր երևալ, որովհետև խոնարհ հոգին ճանաչվել չի սիրում։ Համարում մի՛ ունեցիր ինքդ քո անձի նկատմամբ, կարողություններիդ կամ ունեցածդ գիտության վրա։ Դու քեզ վերջինը դասիր։

Այս բոլորը դժվար հրահանգներ են, սակայն մի՛ երկնչիր, քանի որ Հիսուսը հետդ է լինելու։ Այսօր ի՛նչ գործ էլ որ անես, խոնարհության առաքինությունը ստանալու դիտավորությամբ արա։ Եթե քեզ նախատեն, աղոթիր նրանց համար, որովհետև քեզ մեծ բարիք են անում։ Մի՛ գանգատվիր նրանց դեմ, որպեսզի չկորցնես շահածդ արժանիքը։ Համբերի՛ր և մոռացի՛ր։

Խոնարհությունդ թող լինի անկեղծ, սուտ խոնարհությունը ծածուկ և սատանայական հպարտություն է։ Պարզապես խոնարհ երևալու համար չէ, որ պիտի գործես, այլ՝ միայն Աստծուն հաճելի լինելու։ Խոնարհ եղիր, բայց դու քեզ խոնարհ մի՛ համարիր։ Բնականաբար պիտի ցանկանաս ասել, թե դու խոնարհ ես, սակայն անձնասիրությունը կարող է մեջդ մտնել և գողանալ ունեցածդ խոնարհությունը։

Ամեն ջանք գործի դիր՝ լինելու համար խոնարհ, դու քեզ Հիսուսին հանձնիր՝ Նրան ապավինելով։ Եթե ցանկանում ես խոնարհության գանձդ պահել, այն ծածուկ պահիր ուրիշների աչքից։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։