ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գործել հանդարտությամբ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գործել հանդարտությամբ

Շատերը, նույնիսկ բարեպաշտ հոգիները, կորցնում են իրենց ներքին խաղաղությունը, որովհետև ընդունակ չեն հանդարտ մնալու։ Դու ջանա՛ ամեն գործ իր ժամանակին կատարել. մի՛ փափագիր միաժամանակ շատ բան անել, որպեսզի չշփոթվես։

Եթե բարեգործություններ անես, թող չափով լինեն, որպեսզի հաստատուն լինեն։ Բարի գործերդ Աստծուն հաճո են և մարդկանց օգտակար, բայց մի՛ կատարիր դրանք մտահոգությամբ ու խռովվելով, որպեսզի չկորցնես ներքին հանդարտությունդ։

Տե՛ս Քրիստոսի օրինակը, որ եկել էր աշխարհ՝ մարդկությունը փրկելու. երեսուն տարի Իր Ավետարանը չքարոզեց, ոչ մեկին չիմացրեց, թե ինչո՛ւ է աշխարհ եկել. սկսեց բացահայտ աշխատել և քարոզել, երբ ժամանակը հասավ։

Մի՛ խռովվիր, երբ տեսնում ես, թե մեկին բարի խորհուրդ ես տալիս և խրատում, բայց նա չի հետևում ասածներիդ։ Դու շարունակիր եղբայրասեր կերպով հորդորել նրան դեպի բարին և մնացածը Աստծուն թող։

Ցանկանում ես բարեպաշտ հոգի դառնալ, փափագում ես ուրիշների հոգու փրկության համար աշխատել. սրանք առաքինություններ են, որ հարկավոր է գործադրել խոհեմ կերպով։ Քիչ ժամանակի մեջ չես կարող առաքինություն ստանալ և ո՛չ էլ մի մեղավոր իսկույն սուրբ է դառնում։

Աղոթք, բարեգործություն, մոլի կրքերի սանձում և նման բարի սովորություններ չափազանց մի՛ բեռնիր վրադ. դրանք կատարիր հոգևոր հորդ խորհուրդներով։

Ո՛չ թե շատ գործելով ես առաքինի դառնում, այլ՝ երբ գործերդ կատարում ես հաստատուն ու մաքուր դիտավորությամբ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։