ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել ներքին վշտերին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համբերել ներքին վշտերին

Հիսուսի օրինակն աչքիդ առջև ունենալով՝ մի պահ ամփոփվի՛ր հոգուդ առանձնության մեջ և քննի՛ր ինքդ քեզ, տեսնելու համար, թե ինչպե՛ս ես պահում Հիսուսի խրատները, որոնք քեզ տալիս է Իր խոսքերով ու Իր գործնական օրինակով։

Երբ հոգևոր ցամաքություն ես ապրում և ներքին մխիթարությունդ դադարում է, արդյոք հուսալքվո՞ւմ ես, մի կո՞ղմ ես թողնում աղոթքն ու բարի գործերդ, իսկ եթե չես թողնում, դրանք արդյոք գաղջությամբ չե՞ս անում և կամ՝ սոսկ արտաքին երևույթներ փրկելու համար։

Զգո՞ւմ ես, որ այդ պահերին չուզելով կամ հեռվից ես հետևում Հիսուսին, որովհետև քեզ մխիթարություն չի տալիս, և կամ ավելի մխիթարում է նրանց, ովքեր նոր են սկսել հոգևոր կյանքը։

Այս ամենը քննելով՝ սրտիդ մեջ խոնարհվի՛ր և նորոգի՛ր առաջադրությունդ՝ ամբողջ սրտով Նրան ծառայելու։ Մտքիդ բեր խաչի վրա Հիսուսի կրածները, Իր Հոր կողմից էլ լքվելը, և այս մտածությունը թող որ քեզ քաջալերի՝ խառնելով քո կրածները Հիսուսի վշտերին։

Զորացի՛ր, քա՛ջ եղիր և մի՛ հուսալքվիր, երբ ներքին ցամաքություն զգաս, աչքերդ դեպի Երկինք բարձրացրո՛ւ և տե՛ս այն պսակը, որ Հիսուսը պատրաստել է քո համար։ Երկնքի մեջ չկա վիշտ, և ուրախությունը հավիտյան է։

Հիսուսը քո բոլոր զգացումները գիտի, լսում է բոլոր աղոթքներդ ու հառաչանքներդ և դրանցից ոչ մեկն առանց վարձատրության չի թողնում։ Հոգեկան դժվարին պահերիդ, երբ հավատարիմ ես լինում Հիսուսին և շարունակում ես ծառայել Իրեն, պիտի հոգեկան խաղաղություն ստանաս՝ մտածելով, որ ձեռքիցդ եկածն անում ես՝ հավատարիմ մնալու համար քրիստոնեական կոչմանդ։

Մահը, որ այնքա՜ն սարսափ է պատճառում մարդուն, քեզ ուրախություն պիտի պատճառի, առանց խռովվելու պիտի դուրս գաս դիմացը, երբ կյանքիդ ընթացքում սիրել ես Հիսուսին՝ հակառակ զգացածդ դժվարությունների։ Այդ պահին պիտի մտածես, որ քիչ անց ներկայանալու ես Հիսուսի առաջ, Ով քեզ ասելու է. «Ազնի՜վ ծառաս, բարի ու հավատարիմ, ե՜կ և ա՜ռ պսակը, մտի՜ր Տիրոջդ ուրախության մեջ»։ Ինչքա՜ն մեծ պիտի լինի ուրախությունդ։

Այս մտածություններո՛վ գերազանցիր հոգևոր կյանքիդ դժվարին պահերը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։