ԵՐԿՈՒ ԽՈՍՔ – Գրադարան – Mashtoz.org

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Երբ խորհրդածելով մտածում ենք, թե Քրիստոսն Իր ողջ կյանքի ընթացքում ինչպիսի՜ անհուն սեր ցույց տվեց մեր հանդեպ, հատկապես Իր մահվան ժամանակ՝ մեր փրկության համար այդքա՜ն չարչարանք կրելով, անկարելի է, որ մեր սիրտը չբորբոքվի Իր սիրով՝ տեսնելով, որ մեզ այդքա՜ն սիրում է:

Քրիստոսի վերքերն այնպիսի՜ զորություն ունեն, որ ամենից կարծր սիրտն անգամ դարձի են բերում, յուրաքանչյուր գաղջ հոգին անգամ սիրով է խանդավառվում։ Մեր ամենօրյա փորձն էլ է սա հաստատում. այն հոգին, որ հաճախ է մտածում Հիսուսի կյանքի ու չարչարանքների մասին, զարգանում է աստվածսիրության մեջ, իսկ նա, որ հեռու է Հիսուսից, հեշտությամբ է շեղվում ուղիղ ճանապարհից։

Անհնարին է չսիրել Քրիստոսին, երբ աղոթքով ու մտածությամբ համոզվում ենք, որ հե՛նց մեզ սիրելու և մեր սիրտը գրավելու համար է, որ մսուրի մեջ ծնվեց, երեսուն տարի անծանոթ ու աղքատ ապրեց, երեք տարի էլ նախատինք կրեց՝ վերջում մահանալով մեր համար։ Սրբերն այս ճշմարտությունը լավ են հասկացել և նրանց ուրախությունն է Քրիստոսի կյանքի մասին խորհրդածելը, քանի որ իրենց հոգու սնունդն այնտեղ են գտնում։

Փափագո՞ւմ ես սիրել Հիսուսին, ցանկանո՞ւմ ես հոգիդ մաքրել մեղքերից և զարդարել առաքինություններով, ցանկանո՞ւմ ես սատանայի դեմ միշտ հաղթող դուրս գալ և վշտերիդ մեջ մեծ մխիթարություններ ունենալ, փափագ ունե՞ս աղոթասիրության մեջ զարգանալու, Աստծո շնորհի մեջ մինչև մահդ հարատևելու և սրբությամբ հոգիդ ավանդելու՝ երկնքի մեջ հավիտյան թագավորելու համար, ... ։ Այս ամենը կստանաս, եթե Հիսուսի կյանքի և չարչարանքների մասին մտածելու սովորությունն ունենաս։

Հիսուսի չարչարանքները թաքնված գանձ են, Աստծո մեծագույն շնորհներն այնտեղ կգտնես։ Այնտեղ կա ամեն առաքինություն, կատարելություն և սրբություն. որքան ավելի մտածես դրանց մասին, այնքան ավելի հոգիդ մխթարություն ու քաղցրություն կգտնի։ Երանի՜ քեզ, եթե գտնես շնորհների այս աղբյուրը, սիրո կրակի այս վառարանը։

Հիսուսն ասում է. «Ո՛չ թե նրանք, ովքեր ինձ Տե՜ր, Տե՜ր են ասում, պիտի Աստծո Արքայություն մտնեն, այլ՝ նրանք, ովքեր կատարում են իմ Հոր կամքը» (Մտթ 7, 21), իսկ Հովհաննես Առաքյալն ավելացնում է. «Խոսքով և լեզվով չսիրենք Հիսուսին, այլ՝ գործով» (Հվհ 3, 18)։ Բավական չէ սիրալիր աղոթքներ արտասանել, «Հիսո՜ւս, սիրում եմ Քեզ» ասել. հարկավոր է նույնը գործով էլ ցույց տալ։ Աստծուն սիրած չես լինի, եթե սոսկ բարի առաջադրանքներ ես դնում քո առաջ՝ Իրեն սիրելու, Իրեն ծառայելու համար, և կամ էլ՝ Իր չարչարանքների մասին մտածելիս աչքերդ արցունքոտվում են։

Աստված կամենում է, որ սուրբ լինես։ Պողոս Առաքյալն ասում է. «Սա՛ է Աստծո կամքը. ձեր սրբությունը» (1Թղ 4, 3)։ Սուրբ լինել՝ նշանակում է պահել Աստծո և Եկեղեցու բոլոր պատվիրանները, առանց բաց թողնելու դրանցից և ո՛չ մեկը։

Օգնելու համար քեզ, որ Հիսուսին գործնական կերպով սիրես, ահա՛ քեզ այս փոքրիկ գիրքը, որի գլուխներից յուրաքանչյուրին հետևում է նաև գործնական առաջադրության մասը։ Այստեղ գրված է սուրբ լինելու գաղտնիքը, սեփական անձին հաղթելու ճանապարհը, Աստծուն հաճելի դառնալու կերպը։ Աստծուց շնորհ խնդրիր, որ Իրեն գործնական կերպով սիրես։ Հիշիր, որ սրբությունը կայանում է աշխատանքի միջոցով թերություններից ազատվելու և ո՛չ թե հոգևոր մխիթարություններ զգալու մեջ։

Համբերիր՝ Աստծո համար, գործերդ կատարիր՝ Աստծո համար, ամեն բանում Աստծո կամքն ընտրիր։ Սրանք են դեպի սրբություն առաջնորդող ճշմարտությունները։

ՓԻՆԱՐ ԵՐԵՑ

Առաջին թարգմանությունը՝ Էդուարդ Արքեպիսկոպոս Հյուրմյուզյան (Վենետիկ - Սուրբ Ղազար)

Արևելահայերենի վերածեց՝ Սառա Ղազարյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։