ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանձնության և հնազանդության սեր – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանձնության և հնազանդության սեր

Ջանա՛ այսօր նմանվել Հիսուսի ունեցած հնազանդությանը և մեկուսի առանձնական կյանքին։ Որքանով որ վիճակդ թույլ է տալիս քեզ, փախի՛ր չափազանցյալ աղմուկից։ Ավելի ապահով է մեկուսի կյանքով Աստծուն ծառայելը։ Ունեցածդ հատկությունները սիրիր թաքցնել, մի՛ ցանկացիր հարուստ կամ գիտուն երևալ։ Ի՞նչ է աշխարհի մեծությունը կամ գիտությունը։

Սիրիր անծանոթ լինել, շրջապատիցդ չնկատվել։ Երանի՜ է քեզ, եթե տեսնում ես և չես սրտնեղում, երբ քեզ շրջապատողները հասնում են փառքի և իշխանության, իսկ դու մնում ես մթության մեջ կամ արհամարհված։

Փախի՛ր փառասիրությունից. դա՛ է, որ քեզ Հիսուսից հեռացնում է, հոգսերդ՝ շատացնում։ Եթե իմանայիր, թե որքա՜ն ծանր բեռ են պատիվն ու փառքը, ապա դրանց հետամուտ չէիր լինի։

Մի՛ փափագիր, որ բարի գործերդ ճանաչվեն կամ գովասանքի արժանանան. գոհ եղիր, որ Աստված Երկնքից տեսնում է արածներդ։ Մահվանդ վայրկյանին ուրախ և գոհ պիտի լինես, որ ապրեցիր մեկուսի ու թաքնված մի կյանք՝ նման Հիսուսի կյանքին։

Առանց տրտնջալու հնազանդվիր բոլոր նրանց, որոնք քո վրա իշխանություն ունեն, նրանց խոսքը որպես Հիսուսի հրամանը նկատիր։ Ճշմարիտ հնազանդությունը չի կայանում ցանկացածդ բաներն անելու մեջ, այլ՝ հակումներիդ դեմ կատարածներիդ մեջ։ Եթե իսկապես հնազանդ ես, չես հետաձգի քո վերադասի տված հրամանը, այլ՝ դեռ չհրամայած, կկատարես, պատրաստ՝ տեսնելու, լսելու և գործադրելու իր հրամանները։

Առաջադրություն դիր քո առաջ՝ քո ողջ պատրաստակամությամբ հնազանդվելու վերադասիդ տված բոլոր հրամաններին, բացի մեղքից։ Մի՛ քննիր քեզ տրված հրամանը, այլ՝ հնազանդվի՛ր, պարզապես Աստծուն հաճելի լինելու համար։

Դժվար է կամքից հրաժարվելը և ուրիշի կամքը կատարելը։ Չէ՞ որ քեզ էլ է պատահում, որ երբ դժվարություններ ես տեսնում, հուսալքվում ես՝ փափագելով անգամ վիճակդ լքելու մասին, լինելու համար ազատ և ինքնիշխան։ Բայց քաջությունդ մի՛ կորցրու, այլ՝ աչքերդ բարձրացրո՜ւ երկինք, ուր Երկնավոր Հայրդ կա, որ պատրաստում է քո աշխատանքի վարձքը։ Երբ աղոթքի դիմես, պիտի զգաս նաև Իր օգնությունը, և լսես խոսքերը, որ ասում է. «Հիշի՛ր, որդյակս, որ Ես էլ երեսուն տարի հնազանդվեցի արարածներին։ Լա՛վ է, որ դու էլ քո կարգովդ հնազանդվես վերադասներիդ և կանոնիդ։ Արդ, քաջալերվի՜ր. Երկնքի մեջ վարձքդ է պատրաստվում»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։