ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Իմանալ աղքատության արժեքը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Իմանալ աղքատության արժեքը

Աշխարհի մեջ երջանիկ է համարվում նա, ով հարուստ է. երանի՜ է տրվում նրան, ով հեռու է աղքատությունից։ Որքա՜ն տարբեր են Քրիստոսի ասած խոսքերը. «Վա՜յ ձեզ, հարուստներ. երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը» (Մտթ 5, 3)։

Արդյոք ո՞ւմ խոսքերն են ճշմարիտ, ովքե՞ր են իրական երջանիկները։ Ա՜հ, երբ Քրիստոսը խոսում է, տարակույս չի մնում։ Ո՜վ հավատացյալ հոգի, դու կա՛մ հարուստ ես և կա՛մ աղքատ. եթե հարուստ ես, զգույշ եղիր, սիրտդ չկապես դրան, ապա թե ո՛չ, Քրիստոսը քո համար էլ է ասել. «Վա՜յ ձեզ, հարուստներ»։ Հարստությունդ այնպես գործածիր, իբրև թե քոնը չէ, աղքատներին բաժին հանիր, մխիթարիր որբերին ու այրիներին։ Օրդ մի՛ անցկացրու առանց ողորմություն անելու որևէ աղքատի կամ թշվառի։ Եթե հարուստներն իմանային իրենց ունեցածն օգտագործել, ի՜նչ բարիքներ պիտի անեին։

Իսկ եթե աղքատ ես, զգույշ եղիր, որ չգանգատվես Աստծո դեմ։ Հիշիր, որ Քրիստոսը աղքատությանն է, որ փառք տվեց, քանի որ աղքատության մեջ ծնվեց, աղքատ ապրեց և աղքատ էլ մահացավ։ Մի՛ նախանձիր հարուստների ունեցածին, քանի որ երջանկությունը դրա մեջ չէ։ Գոհ եղիր ունեցածովդ, աչքերդ երկինք բարձրացրու, այնտե՛ղ տես քո հարստությունը, պալատն ու գանձը։ Ուստի համբերիր, երբ աղքատությունիցդ նեղվում ես, ո՛չ միայն այսօր, այլ՝ ամբողջ կյանքումդ և ասա՛. «Տե՜ր, աղքատության ու կարիքի մեջ էլ օրհնում եմ Քո Սուրբ Անունը, միայն թե ինձ Քո հանդեպ սեր տուր, որպեսզի դրանով հարուստ լինեմ»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։