11. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ – Գրադարան – Mashtoz.org

11. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ

Գնա՛նք նույն մտքով Նազարեթ, Սուրբ Աստվածածնի և սուրբ Հովսեփի աղքատիկ տունը։ Պիտի տեսնենք, որ Հիսուսը մեր սիրո համար մինչև երեսուն տարեկան հպատակվում է Իր արարածներին։ Ավետարանն ասում է, թե. «Նրանց հնազանդ էր» (Ղկս 2, 47)։ Հիանալի՜ խոսքեր։ Սա՞ է, ուրեմն, Աստծո Որդու՝ Քրիստոսի գործը երկրի վրա. մի խոնարհ արհեստ բանեցնել և հպատակվել Իր արարածներին։ Ի՞նչ ենք զգալու մենք՝ հպարտներս, երբ մեր կարիքների կամ հատկությունների համեմատ պաշտոն չստանանք։ Գնա՛նք, տեսնե՛նք Հիսուսի արածը, որ հյուսնի որդի դարձած՝ այս անունով էլ ճանաչվում էր շրջապատում. «Սա հյուսնի որդին չէ՞» (Մտթ 13, 55)։

 

Արդ, իմ խղճուկ հոգու սիրույն, հպարտությունս խոնարհեցնելու համար հանձն առար, Փրկի՜չ իմ Հիսուս, այդքա՜ն տարի թաքնվել՝ մարդկանց չհայտնելով Աստվածությանդ գանձը։ Ինձ շնո՜րհ տուր, որ օրինակիդ հետևեմ, ստանամ Քո առաքինությունը։

 

Որդյա՛կս, ես քեզ օրինակովս ուսուցանեցի, թե ո՛րն է ճշմարիտ մեծությունը, այն է՝ առաքինի լինել առանց երևալու և առանց փառասիրության, ուրիշի ենթարկվել՝ փարվելով մի կյանքի, որ աչքի չզարնի։ Եվ ծածուկ կյանքն ընտրածս ժամանակ Հռոմի և նույն Կայսրության մեջ կային անվանի ճարտասաններ, նշանավոր բանաստեղծներ, որոնց անունը հայտնի էր ողջ աշխարհում, ամենքը նրանց գովում էին՝ շարժելով բոլորի նախանձը։ Բայց մի՞թե կարծում ես, թե Աստված Երկնքում նրանց մատնացույց է արել հրեշտակներին՝ ասելով. Տեսե՛ք, թե այս մարդիկ ի՜նչ անուն և ի՜նչ փառք են ստացել։

Եվ սակայն, Աստված, Նազարեթի փոքրիկ տնակը ցույց տալով Իր հրեշտակներին՝ ասել է. Տեսե՛ք Իմ Որդին, թե ինչպե՛ս է հնազանդվում Իր ծնողներին, մինչև ո՛ւր է հասնում Իր խոնարհությունը, ինչպե՛ս է սիրում մարդկանց, ինչպե՛ս է սիրում Ինձ։

Արդ, Աստծո համար հարգին ո՛չ փառքն է, ո՛չ հարստությունը և ո՛չ էլ մեծությունը։ Մեկը կարող է աշխարհի դիմաց մեծ տեսնվել, և փոքր՝ Աստծո առջև, Ով գիտի արժեքների աստիճանը։ Մեկը կարող է մեծ ու հաճելի լինել Աստծուն ամենից անարգ պաշտոնով, քան պատվավոր և երևելի դիրքերով։

Սովորի՛ր, ուրեմն, գոհ լինել, երբ վանքում խոնարհ ու անտեսված պաշտոն ստանաս Աստծո ձեռքից, և հետամուտ մի՛ եղիր այն փոխելու։ Հիշի՛ր, որ Աստծո համար հազար անգամ ավելի լավ է քո խոնարհ ու անտեսված դիրքը, քան մարդկանց դիմաց փառավորվելդ ու աչքի ընկնելդ։

«Նրանց հնազանդ էր». կարելի՞ բան է, որ այսքա՜ն խոնարհությամբ Մարիամին ու Հովսեփին հնազանդվողը լիներ երկնքի և երկրի Տերը, բոլոր արարածների Ստեղծողը։ Որքան էլ որ անըմբռնելի է, սակայն մեր Հավատքն այն հաստատում է։ Բոլոր հրեշտակները հպատակվում են Իրեն, Ինքն է, որ հրամայում է բոլոր թագավորներին, և սակայն, ամեն կերպով հպատակվում է Մարիամին՝ կատարելով նրա տված հրամանները։ Սա էլ բավական չլինելով՝ հնազանդվում է Հովսեփի նման մի հյուսնի։

Ինչի՞ վրա ավելի զարմանանք. Աստծո Որդու խոնարհությա՞ն, թե՞ Մարիամի ստացած պատվի վրա։ Մեկը մյուսից ավելի զարմանալի է։ Մարդու մտքով չի կարող անցնել ո՛չ Աստծո Որդու հնազանդվելը Իր իսկ արարածին, և ո՛չ էլ արարածի հրամայելը Իր Արարչին։

Սովորի՛ր, ուրեմն, ո՜վ մարդ արարած, որ հող ես ու մոխիր, սովորի՛ր հպատակվել մեծիդ կամ կանոններիդ։ Ամո՛թ զգա, որ Աստված խոնարհվում է, մինչ դու կամենում ես բարձրանալ. քո Արարիչը մարդկանց է հպատակվում, մինչ դու ցանկանում ես հրամայել, Արարչիցդ վեր դասվել՝ հափշտակելով Իր իրավունքը։ Եթե ամոթ ես զգում քեզ հավասարին հետևել, գոնե Աստծուն հետևիր։ Եթե չես կարող հասնել այնտեղ, ուր Ինքը բարձրացավ, գոնե իջիր այնտեղ, ուր Ինքն իջավ։

«Նրանց հնազանդ էր»։ Ի՜նչ մեծ խրատ մեր համար, որ այնքա՜ն դժվարությամբ ենք հպատակվում մեր վերադասին։ Երանի՜ նրան, ով Քրիստոսին հետևելով՝ հպատակվում է ուրիշներին։ Հնազանդության ճանապարհն է, որ մարդուն հասցնում է երկինք, քանի որ ավելի ապահով է հպատակվելը, քան հրամայելը։ Եթե սովորես հնազանդվել, միշտ պիտի խաղաղության մեջ մնաս։ Հնազանդությունը մարդու հոգու այգում ամեն տեսակ առաքինություն է ծաղկեցնում։

Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է հնազանդությունը, քան ընտիր զոհը» (1Թգ 15, 22), որովհետև հնազանդությամբ Աստծուն ենք նվիրում մեր կամքը, որ բոլոր անասուններից ավելի հաճելի է Աստծուն։ Հնազանդ հոգին հաղթում է ինքն իրեն։ Մարդու մեծագույն հաղթանակը ինքն իր կամքին տիրելն ու այն հպատակեցնելն է։

Արդ, թո՛ւյլ տուր, որ վերադասդ ու կանոններդ քեզ առաջնորդեն, եթե ցանկանում ես խաղաղ նավահանգիստ հասնել։ Մի՛ տրտնջա քեզ հրամայողի դեմ, հպատակվի՛ր հոգևոր և մարմնավոր ծնողներիդ։ Հիսուսը մինչև երեսուն տարեկանը հնազանդվեց Մարիամին ու Հովսեփին, ամոթ չէ՞, որ դու չես ցանկանում հնազանդվել քեզնից մեծերին։

 

Իմ Փրկի՜չ Հիսուս, տեսնում եմ Քո անչափ խոնարհությունը, որ ինձ հորդորում է նմանվել Քեզ։ Երեսուն տարի թաքցրեցիր Աստվածությունդ, ապրեցիր սովորական մարդու նման, որպեսզի ես էլ սիրեմ առանձնությունը և ո՛չ թե երևալը, և թաքցնեմ ինձ տվածդ շնորհները։ Երեսուն տարի հնազանդվեցիր Քո արարածներին, որպեսզի հաղթեմ հպարտությանս և հնազանդվեմ վերադասներիս, որոնց կարգել ես իմ վրա։

Ների՜ր ինձ, որ մինչև այսօր չհետևեցի տվածդ օրինակին։ Խոստանում եմ ուղղել ինձ, միայն թե տո՜ւր ինձ Քո շնորհը։ Տո՜ւր ինձ շնորհ՝ հրաժարվելու կամքիցս, հետևելու համար Քո կամքին, քայլելու համար Քո հետևից. որքան որ աշխարհային մարդիկ սիրում են փառքը, ես էլ նույն չափով սիրում եմ խոնարհությունը։ Դու, լինելով Աստված, երկնքի և երկրի Տերը, արքաների Արքան, տերերի Տերը, խոնարհվեցիր, իսկ ես, անարգ մի որդ, ոչնչությո՛ւն, ինչպե՞ս կարող եմ հպարտանալ և բարձրանալ փափագել։ Խոստովանում եմ, որ խեղճ եմ, արժանի բարկությանդ։ Որպես մեղավոր մտա աշխարհ, արժանի եմ պատժի. մեղավոր եմ և քիչ ժամանակ անց պիտի գնամ աշխարհից. ողորմի՜ր ինձ։ Բազմաթիվ են մեղքերս, և աչքերս վեր բարձրացնելու անգամ արժանի չեմ. մի՛ մերժիր ինձնից գութդ և ողորմությունդ։ Աղքատ եմ և կարոտ ամեն բանի, անկարող փափագելու բարին, եթե ինձ չօգնես ... ։ Եվ սակայն, այսքա՜ն խեղճություններով հանդերձ՝ դեռ հպարտ եմ։

Ողորմի՜ր ինձ, Տե՜ր. թող որ հառաչանքս ու արցունքս շարժեն սիրտդ։ Չէ՞ որ ինձ սիրելուդ համար մահացար խաչի վրա, լսի՜ր աղաչանքս։ Քեզնից խնդրում եմ միայն Քեզ սիրելու շնորհը, մեղքերիս թողություն, խոնարհության և հնազանդության առաքինությունները։ Հաստատի՜ր հոգուս մեջ բնակությունդ՝ տիրելով և հրամայելով ինձ։ Ե՜կ և եղի՜ր մխիթարությունս, ուժս, օգնությունս, կյանքս և ամեն բանս։ Ե՜կ և Քեզ արժանի մի հրաշք արա, այն է՝ իմ նման հպարտ ու զգայասեր մեղավորին խոնարհ ու հոգեսեր ապաշխարող դարձրու։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։