ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վստահել Աստծո ողորմությանը – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վստահել Աստծո ողորմությանը

Երանի՜ է քեզ, եթե օրվա մեջ հաճախ մտածես Աստծո սիրո ու ողորմության մասին։ Սրբության ճանապարհի վրա քիչ ես առաջ գնում, որովհետև սրտումդ Հիսուսի հանդեպ ավելի վախ ունես, քան սեր. չունես վստահություն Հիսուսի սիրո ու գթասիրության հանդեպ։ Նրան մտքումդ մի՛ պատկերացրու իբրև մի տիրակալ, այլ ավելի՝ իբրև սիրող հայր։

Հիսուսի ողորմությունը չափ չունի. չի կամենում քեզ պատժել, չի կամենում բարկանալ ո՛չ քո և ո՛չ մի արարածի վրա։ Աճեցրո՛ւ հուգուդ մեջ վստահություն Հիսուսի ողորմության հանդեպ. անսահման թող լինի Իր նկատմամբ ունեցածդ վստահությունը։

Քո այս տրամադրությունն Իրեն մեծ ուրախություն է պատճառում, եթե Իր գթությանն ապավինես։ Եթե վախենում ես կատարածդ մեղքերի համար, սրտանց զղջա՛ դրանց համար, քահանային խոստովանիր, և այլևս մի՛ մտածիր դրանց մասին, մի՛ մտածիր, թե արդյոք Հիսուսը ներե՞ց դրանք։ Ինչպես Իր նկատմամբ վստահությունն է Իրեն ուրախություն պատճառում, նույնպես անվստահությունդ ու տարակույսդ ցավ է Իր սրտին։

Դիմի՛ր Հիսուսին, ինչպես զավակն է նետվում իր հոր գիրկը, և ասա՛. «Հիսո՜ւս, Քեզ եմ սիրում և Քեզ եմ ապավինում»։

Բազմաթիվ հոգիներ կան, որ խղճահարությամբ տարակուսում են իրենց խոստովանանքի և արած Հաղորդության համար՝ վիրավորելով Հիսուսի բարեգութ սիրտը։ Այդ հոգիները, եթե Հիսուսի բարությանը վստահելով ընթանային, քիչ ժամանակում կսրբանային։

«Քեզ եմ ապավինում, Տե՜ր Հիսուս, որքան էլ որ ներքուստ վախ եմ զգում, որովհետև հաստատ գիտեմ, որ սիրում ես ինձ և ինձնից ավելի ես կամենում իմ հավիտենական փրկությունը։ Ավելի Քեզ եմ վստահում, քան իմ խղճիս, ի՛նչ տեսակ հուսալքում էլ որ վրաս գալու լինի։ Հիսո՜ւս, դիմում եմ Սրտիդ բարությանը և չեմ ցանկանում Քեզնից բաժանվել մինչև կյանքիս վերջի շունչը»։

Այս աղոթքը տարբեր բառերով, քո սրտաբուխ ձևակերպմամբ հաճախ կրկնիր, հատկապես փորձությունների և հոգեկան ցամաքությունների ժամանակ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։