45. ՔՐԻՍՏՈՍԻ ԲԵՌԱՆ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

45. ՔՐԻՍՏՈՍԻ ԲԵՌԱՆ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդը բնական կերպով երջանկություն է փնտրում, նաև հանգիստ և առողջություն, նույնիսկ կյանքը վտանգի է ենթարկում՝ երջանկություն գտնելու համար։ Ինչո՞ւ չի գտնում։ Որովհետև փնտրում է այնտեղ, որտեղ այն չկա, իսկ այնտեղ, որտեղ որ կա, այդտեղ չի ցանկանում փնտրել։

Մարդն իր երջանկությունը փնտրում է հարստության, պատվի, գիտության, զգայական հաճույքի մեջ, ի վերջո տեսնում է, որ դրանցից ոչ մեկն իր սիրտը չի լցնում ու չի գոհացնում։ Կան մարդիկ, որ մի ամբողջ կյանք անցկացնում են հարստություն դիզելու համար, բայց ի վերջո տեսնում են, որ հարստությունը ո՛չ միայն երջանկություն չի պարգևում, այլ նաև՝ մտահոգություն է պատճառում. դրանով հանդերձ, սակայն, ավելին ունենալու անհագ տենչով են տառապում, ագահությանը ստրկանում։ Խե՜ղճ մարդիկ, որ այդչա՜փ աշխատելուց հետո՝ վախով ու դողդողալով են ապրում, որպեսզի ձեռքբերածը չկորցնեն, և տխրությամբ են գերեզման իջնում։

Զգայարանները սիրողն էլ ամոթալի հաճույքների հետևից է վազում՝ անխտիր ամեն փափագ կատարելու համար, բայց փնտրած երջանկությունը չի գտնում, տհաճ հետևանքներից ու խղճի խայթից բացի, ուրիշ ոչինչ չի ստանում, վարդի տեղ փուշ է քաղում, սիրտը չի հագենում, և խիղճն իրեն անդադար տանջում է։

Փառասեր մարդն էլ ամեն նեղություն հանձն է առնում՝ բարձրանալու և պատիվների հասնելու համար. ամբողջ աշխարն իրեն երանի՜ է տալիս, բայց ինքն իրեն խեճերից խեղճն է զգում։ Վերջավորության զգում է, որ իր գտածը միայն ծուխ է։

Գիտությանը հետամուտ եղողը միշտ նոր բաներ է սովորում, բայց որքան էլ որ սովորում և միտքը հարստացնում է, սիրտն ունայն է մնում և երջանկության չի հասնում։

Արդ, ո՞ւր է մարդկանց երջանկությունը, ո՞ւր կարող են այն գտնել։ Թագավորների պալատո՞ւմ արդյոք։ Բայց այնտեղ գտնվողները, թեև իրենց ուրախ ու զվարթ են ցույց տալիս, սակայն մտահոգություններն ու կրքերը նրանց մաշեցնում են։ Որտե՞ղ պետք է փնտրել երջանկությունը, որը հոգին փափագում է գտնել, և առանց որի՝ մարդը հանգիստ չունի։

Որդյակ, միայն Հիսուսը կարող է տալ քեզ փնտրածդ հանգիստը։ Քեզ հրավիրում է՝ ասելով. «Ե՛կ իմ մոտ, և հանգիստդ պիտի գտնես» (Մտթ 11, 28)։

 

Այո՛, Տե՜ր Հիսուս, միայն Դու կարող ես ինձ այն հանգիստն ու երջանկությունը տալ, որը որ փնտրում եմ. այն ի զուր եմ փնտրում հարստության, պատվի, զգայական հաճույքի կամ արարածների մեջ։ Այդ ամենը գտնելով հանդերձ՝ հոգիս անհանգիստ և դժգոհ է մնում։ Այս սիրտը, որ ստեղծել ես Քո համար, հանգիստ չունի, մինչև Քեզ չգտնի։ Տե՜ր Հիսուս, Քեզնից դուրս ամեն բանի հետամուտ եղա և տեսա, որ դրանցից ոչ մեկն ինձ երջանիկ չի դարձնում, Քեզնից բացի։

 

Ահա՛ երջանկության հասնելու միակ ճանապարհը։ Հրաժարվի՛ր կրքերիցդ, ոտնակոխ արա՛ մարդկային ամեն նկատողություն, արհամարհի՛ր աշխարհի դատաստանը և ա՛ռ Քրիստոսի լուծը։ Երբ «լուծ» ես լսում, մի՛ վախեցիր։ Հիսուսի լուծը չի նմանվում աշխարհի ու սատանայի լծին. Հիսուսի բեռը քաղցր է ու թեթև (հմմտ. Մտթ 11, 30)։ Երանի՜ է քեզ, եթե այդ լուծը տանելու լինես։ Երանի՜ է քեզ, եթե սիրես Հիսուսին և Իրեն ծառայելու համն առնես։

Պողոս Առաքյալը Քրիստոսի լուծն առնելով և այն ճաշակելով է, որ գրում է. «Ո՞վ կարող է բաժանել ինձ Հիսուսի սիրուց. ո՛չ մահը, ո՛չ կյանքը և ո՛չ էլ հրեշտակները կարող են բաժանել ինձ Հիսուսից» (հմմտ. Հռմ 8, 38)։ Եվ հալածվելուց ու բազում նեղություններ անգամ կրելուց հետո էլ ասում է. «Մխիթարությամբ լի եմ, նեղություններիս մեջ ուրախությունս անչափ է» (2Կր 7, 4)։ Ո՞վ կարող է այս խոսքերն ասել, նույնիսկ աշխարհի հաճույքները վայելելով։ Սողոմոնն անգամ, աշխարհի բոլոր վայելքները փորձելուց հետո՝ ասում է. «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ընդունայն է» (Ժղվ 1, 2)։

Սուրբ Օգոստինոսը դարձի գալուց առաջ երկար տարիներ Աստծուց հեռու կյանք է անցկացրել, իր ցանկությունների գերին է եղել։ Բայց երբ իր վրա առավ Հիսուսի լուծը, ուրախությամբ փառք տվեց Աստծուն և գրեց. «Տե՜ր, Դու փշրեցիր շղթաներս. սիրտս ու լեզուս թող միշտ Քեզ օրհնեն, քանի որ իմ վրա Քո քաղցր լուծը դրեցիր։ Այս ի՞նչ քաղցրություն է, որ հանկարծ զգացի. երկրավոր հաճույքներիցս հրաժարված ժամանակ, երբ վախենում էի, վախս ուրախության փոխեցիր։ Դո՛ւ, Դո՛ւ մտար սիրտս՝ այդ ամենի փոխարեն, ո՜վ ճշմարիտ Ուրախություն, գերազանց՝ բոլոր զվարճություններից առավել, անծանոթ՝ ամբողջ մարդկությանը։ Այնուհետև ազատվեցի սիրտ տառապեցնող այն բոլոր հոգսերից, որ հետամուտ են փառքի և զգայական հաճույքի, և Քեզ գտա, որ իմ փառքն ու հարստությունն ես։ Ինչո՞ւ այսքա՜ն ուշ գտա Քեզ և ուշ սկսեցի սիրել։ Այն պահից, որ Քո քաղցրության համն առա, սկսեցի միայն Քեզ փափագել. Քեզ ճաշակելուցս հետո ծարավս ավելացավ, ծարավ, որ սիրտս է լցնում։ Հիսո՜ւս, Փրկի՜չս, սիրում եմ Քեզ և ամեն բան ցանկանում եմ Քո հետ և Քո համար սիրել»։

Եթե սրտիդ մեջ Հիսուսի սերն ունես, այս խոսքերիս զորությունը շուտով կըմբռնես։ Երանի՜ և հազար երանի՜ նրանց, ովքեր սիրում են Հիսուսին և ծառայում են Նրան։ Խորը խաղաղություն է տիրում նրանց հոգու մեջ. աշխարհում այն երջանկությունն են ապրում, որը միայն Հիսուսը կարող է հոգուն շնորհել։ Նրանց հոգին սուրբ մխիթարությամբ և անպատմելի ուրախությամբ է լցվում. սիրով են տանում աշխարհի պատճառած նեղությունները, և առանց շփոթվելու՝ նույնիսկ մահվանն են ընդառաջ գնում։

Թող որ ուրիշները փառքի ու հարստության հետևից վազեն. դո՛ւ, որդյակ, ընտրի՛ր Հիսուսին իբրև քեզ բաժին, թող որ Նա՛ քեզ բավական լինի, թող որ Նա՛ լինի քո գանձը, կյանքը և ամեն ինչը։ Իմացիր, որ առանց խղճի հանդարտության՝ կյանքդ կյանք չէ, և առանց Հիսուսի հնարավոր չէ ապրել։ Ամեն ջանք գործադրի՛ր, ամեն զոհողություն արա՛, որպեսզի Հիսուսին պատկանես։

Երջանիկ պիտի զգաս քեզ, երբ չունենաս ինչ որ մի բան, որ խիղճդ տառապեցնի։ Ինչպիսի՜ երջանկություն, երբ կարողանաս աչքերդ բարձրացնել և ասել. «Այն Հիսուսը, Որին ես սիրում եմ, իմ համար պատրաստել է այս աստղալից երկինքը։ Աշխարհասեր մարդիկ, դուք այս երջանկությունը չեք ըմբռնում, բայց կկարողանաք ըմբռնել, եթե ձեր հոգիները մաքրեք»։

 

Ընդունի՜ր ինձ, Տե՜ր Հիսուս, Քո ծառաների շարքում, Քո սիրելի որդիների խմբին խառնիր ինձ։ Գիտեմ, որ մեղքերիս պատճառով անարժան եմ այս շնորհին, քանի որ խորթ ու ապերախտ զավակի նման լքեցի Քեզ ու հեռացա. «Արժանի չեմ որդի կոչվելու» (Ղկս 15, 21)։ Բայց դարձյալ փարվում եմ ոտքերիդ և ողորմությանդ եմ ապավինում. հաշտվի՜ր հետս, սիրտս Քո սիրով վառի՜ր, որպեսզի այլևս չհեռանամ Քեզնից։ Ամբողջ սրտովս սիրում եմ Քեզ, ամեն բանից վեր սիրում եմ Քեզ, անձիցս առավել սիրում եմ Քեզ և փափագում եմ Արքայություն գալ՝ հավիտյան Քեզ սիրելու, առանց վախենալու, որ Քեզ պիտի կորցնեմ։

Սուրբ Աստվածածին, Հիսուսի հետ դու ես իմ հույսը. բարեխոսի՜ր իմ համար և միացրո՜ւ ինձ Հիսուսի հետ, և հարատևության շնո՜րհն ընդունիր իմ համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։