26. ՀԻՍՈՒՍԸ ԽԱՉՆ ՈՒՍԻՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԳՈՂԳՈԹԱ – Գրադարան – Mashtoz.org

26. ՀԻՍՈՒՍԸ ԽԱՉՆ ՈՒՍԻՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԳՈՂԳՈԹԱ

Պիղատոսը ծեծել է տալիս Հիսուսին և տեսնում է Նրա հետին խեղճության վիճակը։ Կարծելով, թե հրեաները երբ տեսնեն Նրան այս վիճակի մեջ, ցասումները պիտի նվազի, մի բարձր տեղ է նստում և Հիսուսին ցույց տալով ժողովրդին՝ ասում է. «Ահա՛ ձեր մարդը ձեզ»։ Եվ իսկապես, սկսվում է ժողովրդի սիրտը շարժվել։ Բայց ահա՛ քահանայապետներն ու դպիրները գոռում են՝ ասելով. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը Հիսուսի վրա հանցանք չէր գտել, ուստի պատասխանում է. «Ես նրա վրա մահվան արժանի բան չեմ գտել, վերցրե՛ք Նրան և ձեր օրենքի համաձայն դատեցեք»։ Հրեաները պատասխանում են. «Մենք օրենք ունենք և դրա համաձայն պիտի մեռնի, որովհետև Ինքն Իրեն Աստծո Որդի է կոչում. եթե դու դրան չդատապարտես, կդադարես կայսերը բարեկամ լինելուց»։ Պիղատոսն այս վերջին խոսքերը լսելով՝ վախենում է, և Հիսուսին փոքրոգությամբ հանձնում է հրեաներին, որպեսզի ուզածներն անեն։

Ի՜նչ սոսկալի անարդարություն. բոլորովին անմեղն է, որ մահվան է դատապարտվում։ Բայց Իր մահվան պատճառը իմ և աշխարհի մեղքերն են, և դրա համար Երկնավոր Հայրը թույլատրեց, որ Պիղատոսը դատապարտի Հիսուսին։

 

Տե՜ր Հիսուս, ընդունում եմ, որ իմ մեղքերի համար է, որ Դու մահը հանձն առար։ Ես եմ Քո մահվան պատճառը։ Անըմբռնելի է, Տե՜ր Հիսուս, որ անմեղը մեռնի մեղավորի համար, կամ Աստված կամենա մահանալ՝ կյանք տալու համար Իր արարածին։ Սիրույդ փոխարեն ի՞նչ կարող եմ անել. միակ բանը՝ սիրտս Քեզ նվիրելն ու Քեզ սիրելն է։

Ընդունի՜ր, ո՜վ Հիսուս, սրտիս այս փափագը, և Քեզ սիրելու շնո՜րհ տուր ինձ։ Ինձ շնո՜րհ տուր, որ սիրտս Քեզնից բացի ուրիշ ոչնչի չկապեմ և առանց Քեզ ոչինչ ինձ սիրելի չլինի։ Ինչ որ Դու ես սիրում, սիրում եմ նաև ես. ինչ որ ատելի է Քեզ, ատում եմ նաև ես։ Քեզնից դուրս ամեն հաճույք ու զվարճություն թող որ հոգուս ատելի դառնա, իսկ երկրավոր սթափումներս էլ թող միշտ կամքիդ համաձայն լինեն։ Քո փառքը միայն թող լինի ինձ քաջալերանք, Քո հիշատակը՝ իմ մխիթարությունը, իսկ ամբողջ ուրախությունս լինի պատվիրաններիդ մասին մտածելը։ Հիսո՜ւս, այնպես արա՛, որ օրը օրին ավելի սիրեմ Քեզ։ Ես արժանի չեմ Քո սիրույն, բայց Դու արժանի ես իմ ամբողջ սիրույս. այնպես արա՛, որ սիրեմ Քեզ։

 

Բղավելով ու կանչելով՝ հրեաներին հաջողվում է անօրեն դատավորի բերանից պոկել Հիսուսին սպանելու հրամանը. ջանում են շուտով կատարել ստացած հրամանը՝ վախենալով, որ Պիղատոսը հանկարծ այն կփոխի։ Շուտով բերում են խաչը, դնում են Հիսուսի ուսին, որպեսզի նախատինքի գործիքն Ինքն անձամբ տանի դեպի Գողգոթա։

Կարմիր զգեստը, որ վրան էին գցել, հանում են, ու կրկին հագցնում են Իր նախկին զգեստը, որ առանց կարի էր։ Անցկացնում են գլուխը, որ փշով էր պսակված, կրկին բացելով գլխի ու մարմնի վերքերը։ Դիտի՛ր հոգուդ աչքերով Քո պաշտելի Հիսուսին. նախատված ու արհամարհված, խաչն ուսին առած, երկու ուրիշ ավազակների հետ ուղղվում է Գողգոթա՝ նրանց հետ միասին խաչվելու համար։

Նախորդ ամբողջ գիշերը չարչարել էին Նրան և ուժասպառ էին արել։ Խաչի ահավոր ծանրության տակ, շունչը սպառված, ահա՛ երեսնիվայր ընկնում է գետնին։ Զինվորները հարվածներով ու նախատինքով հրամայում են Հիսուսին, որ ոտքի կանգնի։

Բայց վախենալով, որ չլինի թե ճանապարհին հանկարծ մահանա ու ազատվի նախատական խաչից, բռնում են Սիմոն Կյուրենացուն, որպեսզի նա խաչը տանի։ Սիմոնը դժկամությամբ ու հարկադրված տանում է խաչը, բայց ավելի ուշ, երբ լուսավորվելով քրիստոնյա է դառնում, ըմբռնում է, թե ի՛նչ բախտի էր արժանացել՝ օգնելով Քրիստոսին, դառնալով աշխարհի փրկությանը գործակից, դառնալով օրինակ այն բոլոր անձանց համար, ովքեր խաչն ուսներին առած՝ պիտի գնային Հիսուսի հետևից։ Սիմոնն ըմբռնում է, որ դարեր ամբողջ քրիստոնյաները երանի՜ պիտի տան իրեն՝ փափագելով, որ իրե՛նք տարած լինեին նույն խաչը՝ օգնելու համար Հիսուսին։

Երանի՜ նրան, ով Աստծո թույլտվությամբ իր վրա դրված խաչը սիրով է տանում, որովհետև դրանով է, որ լինում է Հիսուսի ճշմարիտ աշակերտը։ Դու էլ պետք է քո խաչն առնես, որքան էլ որ այն ծանր լինի, և քայլես Հիսուսի հետևից։ Խնդրի՛ր Նրանից, որ քեզ շնորհ տա, որպեսզի համակամությամբ և սիրով կրես քո խաչը։ Սրանից դուրս՝ ուրիշ ճանապարհ չկա սրտի խաղաղությունը ստանալու համար, և ո՛ւր էլ գնալու լինես՝ խաչը քեզ կընկերանա։

 

Տե՜ր, կարծում եմ, թե պատրաստ եմ կրելու ամեն տեսակ խաչ, որ թույլատրում ես իմ համար, և շնորհակալությո՜ւն եմ հայտնում մինչև այսօր թույլատրածդ խաչերիս համար։

 

Որդյակ, շատ լավ է քո այդ պատրաստակամությունը, բայց տկար ես ու անկատար։ Կրածներդ թեթև խաչեր են, և կարծում ես, թե ծանրերին էլ պիտի դիմանաս։ Շատերը քո նման առաջադրում են հավատարիմ կերպով ինձ ծառայել, բայց հետո կա՛մ թողնում են ինձ, և կա՛մ էլ հեռվից են հետևում ինձ, և հազիվ թե որևէ հիվանդություն, նախատինք կամ ձախորդություն է իրենց պատահում, իսկույն տրտնջում են ու հուսալքվում։ Մի՛ նմանվիր նրանց, և դժվարություններիդ ժամանակ ապավինի՛ր ինձ։

 

Օրհնյա՜լ լինես, Տեր Հիսուս, որ հաշվի ես առնում տկարությունս, մինչ ես այն շուտով մոռանում եմ։ Սովորեցրո՜ւ ինձ, թե ինչպե՛ս կարող եմ իմ փոքրիկ խաչն առնելով՝ սիրով քայլել Քո հետևից։

 

Որդյակ, ամեն խաչ, ամեն վիշտ կարող է պատահել, եթե թույլատրված է Աստծուց. դրանք իմ սրտի պարգևներն են, որ անում եմ քեզ, և որքան շատ եմ սիրում մեկին, այնքան ավելի եմ նրան մասնակից անում իմ խաչերին։ Ամենից մեծ Սրբերին ամենից մեծ խաչերն եմ տվել։ Այս խոսքերս դրոշմի՛ր հոգուդ մեջ, որպեսզի սովորես համբերության գաղտնիքը։ Եթե իմանայիր խաչի հարգը, դո՛ւ էլ Սրբերի հետ կկրկնեիր. «Տեր, տո՜ւր ինձ ամեն տեսակ վիշտ, և կամ էլ՝ ա՛ռ իմ հոգին»։ Մեծ խաչ է՝ խաչ չունենալը։

 

Հիսո՜ւս, սովորեցրո՜ւ ինձ, թե ի՛նչ պետք է անեմ փորձության ժամանակ. շատ հաճախ չար սատանան հարձակվում է վրաս, և ես շատ եմ վախենում, որ կընկնեմ, կմեղանչեմ և Քեզ կվշտացնեմ։ Երբեմն այնպիսի սոսկալի խորհուրդներով եմ տառապում, որ դժոխքի հոգիների մտքով անգամ չի անցնում. ջանում եմ հեռացնել ինձնից, բայց չեմ կարողանում։ Հիսո՜ւս, սովորեցրո՜ւ ինձ, թե նման առիթներին ի՛նչ պետք է անեմ։

 

Հանդարտ ու անխռով մնա՛, որդյակ, ու այդ վիճակդ էլ կրի՛ր իբրև մի խաչ։ Որքան էլ սոսկալի լինի վրա հասած փոթորիկը, մի՛ հուսահատվիր և իմ վրա դիր հույսդ։ Այդ ամենը ես եմ, որ թույլ եմ տալիս, որպեսզի ցույց տամ քեզ իմ սերը, և դու սովորես քո նման փորձություն կրողներին օգնության հասնել՝ ցանկանալով քավել նրանց մեղքերը։ Այս փորձություններն առիթներ են, որպեսզի դու քեզ չվստահես, հպարտության մեջ չընկնես և սովորես, որ առանց ինձ չես կարող հոգևոր կյանքդ կառուցել։

Արդ, քեզ սիրելուդ համար է, որ թույլ եմ տալիս սատանային, որ քեզ փորձի, բայց ես մնում եմ քո մոտ։ Մի՛ վախեցիր, արիությամբ հետը պատերազմի՛ր և մի՛ շփոթվիր. սատանան կարող է աղմկել, թելադրել, չարը սովորեցնել, բայց եթե դու աղոթքով դիմելու լինես ինձ, բան չի կարող անել։ Որքան կատաղի քո դեմ, այնքան ավելի է քեզ առիթ տալիս ավելացնելու փառքդ։ Ինչպես ես իրեն հաղթեցի, դու էլ իմ շնորհով պիտի հաղթես նրան, և ես միշտ պատրաստ եմ քեզ իմ շնորհները տալու։

 

Հիսո՜ւս, ամենից ծանր խաչը, որ դժվարությամբ տանում եմ, հոգևոր մխիթարությունից զրկվելս է։ Շատ եմ վշտանում՝ տեսնելով հոգևոր ցամաքությունս, անզգայությունս. ինձ այնպես է թվում, որ առաջանալու փոխարեն ետ ետ եմ գնում և Քեզնից հեռանում։ Հիշում եմ անցյալ օրերս, երբ ամեն բան քաղցր էր ինձ թվում, և երբ դադարում է քաղցրությունը, զգում եմ, որ գաղջ եմ և կամ Քեզնից լքված, անտեսված եմ։

 

Այդ մտածությունները հեռացրո՛ւ քեզնից, որդյակ, որովհետև իմ սիրույն հակառակ են, և ես իմ սիրելիների հետ այդ կերպ եմ վարվում։ Իրենց հոգևոր կյանքի սկզբնավորությանը, երբ ինձ նվիրվում են զղջմամբ, այցելում եմ իրենց, քաջալերում, լուսավորում, սրտները գրավում եմ՝ քաղցրացնելով ինձ մատուցված ծառայությունը, որովհետև հոգևոր կյանքում դեռ կաթի կարիքն ունեն։ Բայց երբ մեծանում են և հաստատվում են իմ ծառայության մեջ, սկսում եմ հաստատուն կերակուր իրենց հրամցնել, թույլ եմ տալիս, որ արտաքին ու ներքին թշնամին հարձակվի, վերցնում եմ մխիթարությունը՝ թողնելով նրանց մթության մեջ. երբեմն նույնիսկ գաղջության մեջ եմ թողնում նրանց, որպեսզի խոնարհվեն ու մաքրվեն իրենց մանր թերություններից և վերջապես համակերպվեն աստվածային կամքին։

Հոգեկան ցամաքություններդ կամ մտքիդ ցրվածությունները չպիտի քեզ շփոթեցնեն։ Դու ջանա՛ հավատարիմ գտնվել հոգևոր պարտականություններիդ, միտքդ նորից ամփոփիր և մնացածն ինձ թող։ Խոնարհվի՛ր, երբ զգում ես, որ գաղջությամբ ես աղոթում և ցրվածություններ ես ունենում։ Երբ խոնարհվում ես, առաքինություն ես ստանում, և մեծ է քո վարձը Երկնքում։ Դու ջանա՛ կարողացածդ անել՝ աղոթքի պահին ամփոփ մնալու համար, և որքան էլ ցրվելու լինես, ես քո հետ եմ, բավական է, որ կամավոր կերպով չկամենաս ցրվել։

Տեսնելով քո բոլոր տկարությունները՝ ե՛կ և նետվի՛ր իմ ողորմության օվկիանոսի մեջ. այնտեղ ամեն ինչ անհետանում է, ինչպես կայծն է հանգում օվկիանոսի ջրերում։

 

Շնորհակա՜լ եմ Քեզ, Տեր Հիսուս, որ գթությամբ ու բարությամբ ինձ ամեն ինչ սովորեցնում ես։ Ցանկանում եմ գործադրել Քո կողմից տրված բոլոր հուշումները։ Ինձ շնո՜րհ տուր, որ առանց տրտնջալու ամեն խաչ տանեմ, ամեն ինչում տեսնելով Քո սուրբ կամքը։ Ուրիշ բան չեմ խնդրում Քեզնից։ Եթե Քեզ սիրելու լինեմ, նաև խոնարհ կլինեմ, համբերող, հեզ, եղբայրասեր և Քո կամքին հնազանդ։ Հիսո՜ւս, ինձ տո՜ւր Քեզ սիրելու պարգևը. սիրտս վիրավորի՜ր Քո սիրով, որպեսզի Քո հետ խաչը տանեմ։ Ինձ մի՛ լքիր, Հիսո՜ւս, որովհետև առանց Քեզ չեմ կարող մնալ։ Ցանկանում եմ ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կրել Քո սիրո համար. նախընտրում եմ մեռնել, քան ապերախտ գտնվել Քո հանդեպ։ Օգնի՜ր ինձ, որ միշտ ու մանավանդ մահվանս պահին ասեմ. Սիրո՜ւմ եմ Քեզ, Տե՜ր իմ Հիսուս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։