ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարատևության շնորհը խնդրել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարատևության շնորհը խնդրել

Աստծո կողմից մեզ պարգևված շնորհներից ամենամեծը հարատևության շնորհն է, որը մեզ փրկության է հասցնում։ Դու այդ շնորհին արժանի չես, բայց եթե աղոթքով խնդրելու լինես, Աստված կտա քեզ։ Այս օրվանից սկսիր հաճախ խնդրել այդ շնորհը՝ քո համար բարեխոս ունենալով Սուրբ Աստվածածնին։ Շնորհը պիտի ընդունես, եթե աղոթքով շարունակ խնդրես, որովհետև Հիսուսն ասաց. «Խնդրեցեք և կստանաք» (Հվհ 16, 24)։

Բայց խնդրելը բավական չէ, որովհետև դրան պիտի ընկերանան քո բարի վարքն ու բարեգործությունները, ապա թե ո՛չ, Աստծուն փորձած պիտի լինես։ Եթե կյանքդ ծուլությամբ ու գաղջությամբ անցկացնես, ներելի մեղքերը քո համար սովորական բան դառնան, արժանի չես լինի ընդունելու հարատևության շնորհը։

Ապրի՛ր բարի ու ջերմեռանդ, միաժամանակ վստահ եղիր Աստծո շնորհին. այդ ժամանակ միայն արժանի կլինես Հիսուսից ընդունելու հարատևության շնորհը։ Եվ հատկապես, հեռու մնա՛ մեղքի առիթներից՝ հաճախ խոստովանելով մեղքերդ և ընդունելով Հիսուսի Մարմինն ու արյունը, կատարելով վիճակիդ պարտականությունները, համակամ կրելով Աստծո թույլատրած խաչերը, և այնուհետև՝ հանձնվիր Աստծուն։

Մի՛ հանձնվիր տրտմության՝ մտածելով, թե արդյոք արժանի պիտի լինե՞ս հարատևության շնորհն ընդունելու, թե արդյոք պիտի հասնե՞ս փրկության։ Այս մտածություններն օգուտ չունեն, ընդհակառակը՝ կոտրում են հոգիդ։ Վստահությունդ թող որ Աստված լինի. քո վստահությունն ուրախացնում է Աստծուն։

Հիսուսը քեզ ավելի է սիրում, քան դու ինքդ քեզ. վստահի՛ր, ուրեմն, Նրան, և տարակույսները հեռացրո՛ւ քեզնից։

Մեծ վստահություն ունեցիր Սուրբ Աստվածածնի նկատմամբ, և նրանից խնդրիր հարատևության շնորհը. նա կարող է իր հզոր միջնորդությամբ իր Որդուց ընդունել քո համար այնքա՜ն կարևոր հարատևության շնորհը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։