29. Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ – Գրադարան – Mashtoz.org

29. Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՀԻՍՈՒՍՆ ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՎ

Երեմիա Մարգարեն ասում է. «Ձեզ եմ ասում, ձեզ եմ ասում, ո՜վ անցորդներ. կանգնեցե՛ք և նայեցե՛ք, տեսե՛ք, թե կա՞ արդյոք ցավ՝ իմ ցավի նման, որ իմ վրա եկավ» (Ողբ 1, 12)։

Հիսուսը նույն այս խոսքերն է, որ ասում է խաչի վրա, ավելացնելով. «Ո՜վ հավատացյալ հոգիներ, որ երկրից դեպի երկինք գնալու ճանապարհի վրա եք գտնվում, մի պահ կանգնեցեք և ինձ նայեցեք, թե արդյոք կա՞ մեկը, որ ունենա իմ կրած ցավերը։ Գլուխս փշե պսակով ճանկռտված, ձեռքերս ու ոտքերս գամերով գամված, ողջ մարմինս վերքերով ծածկված, արյունս աղբյուրի նման ամեն կողմից հոսում է, հոգեվարքի մեջ եմ։ Դուք, որ Ադամի մեղքի հետևանքներն եք կրում և հեծում եք ձեր մեղքերի ծանրության տակ, տեսե՛ք ցավերս և համեմատեցե՛ք ձեր ունեցածի հետ։ Գանգատվում եք, բայց հիշեք, որ հանցավոր եք և ձեր մեղքի պատիժն է, որ կրում եք, քանի որ դժոխքի արժանի եք, իսկ ես անմեղ լինելով՝ ձեր պարտքը հատուցելու և ձեզ սիրելու համար է, որ այս բոլոր ցավերը կրում եմ, որպեսզի ինձնից սովորեք համբերել։

Տրտնջում եք, երբ փոքրիկ քաղց կամ ծարավ եք զգում, ցուրտ կամ շոգ է լինում, երբ աղքատություն կամ որևէ աշխատանք եք ստիպված լինում կրել։ Բայց այս ամենը ես ձեզնից առաջ կրեցի։ Ծնվեցի ախոռի մեջ՝ ցուրտ ձմռանը, կյանքս անցկացրեցի կարիքի մեջ, հացս շահեցի ճակատիս քրտինքով։ Փորձվում եք՝ աղոթք և Աստծո ծառայություն մի կողմ թողնելու, երբ որևէ դժվարություն եք ունենում կամ դժվարանում եք հաղթել անկյալ բնությանը, երբ հարկ է լինում փոքրիկ զոհողություն անել։ Իսկ ես ի՞նչ կյանք անցկացրեցի, ինչքա՞ն նեղություն կրեցի՝ ձեզ սիրելու և ձեր փրկությունն ապահովելու համար։ Ծանր է գալիս ձեզ նեղություն կրելը, բայց ձեր կրածները կարելի՞ է համեմատել Ձիթենյաց պարտեզում կրածներիս հետ։ Ձեր նեղությունները ձեզ արյուն քրտնել տվեցի՞ն, ձեզ հոգեվարքի մատնեցի՞ն։

Գանգատվում եք, երբ որևէ բարեկամ ձեզ չի օգնում կամ ապերախտություն է անում։ Իմ աշակերտներն արդյոք Ինձ չթողեցի՞ն, երբ մի քանի ժամ առաջ նրանց սիրույս մեծագույն ապացույցն էի տվել՝ հաղորդելով նրանց Մարմնովս ու Արյամբս։ Նույնիսկ հրեաները, որոնց հիվանդությունները բժշկել էի և մահացածներին հարություն տվել ու անթիվ հրաշքներով օգնել, փոխարենն ապերախտություն ցույց չտվեցի՞ն ինձ։

Չեք դիմանում, երբ մի թեթև անարգանք եք կրում, կամ երբ չեն գնահատում ձեր արած մի բարի գործը և կամ երբ ուրիշը ձեզնից ավելի գովասանք է ընդունում, իսկ ես, որ աշխարհի ստեղծողն եմ, չանարգվեցի՞ Երուսաղեմի փողոցներում, երբ խաչն ուսիս քաշքշելով ինձ տանում էին ժողովրդի միջով։ Հերովդեսն ինձ խենթի տեղ չդրե՞ց, ավազակների կարգին չդասե՞ց, Բարաբբայից ավելի վատ չնկատվեցի՞։

Տրտնջում եք, երբ ձեր անվանը դիպչելիս են լինում, իսկ ինձ չասեցի՞ն, թե՝ դիվահար մեկն է, սրբապիղծ ու խռովարար, չթքեցի՞ն երեսիս՝ ապտակելով, ամբողջ գիշեր բարբարոս զինվորների նախատիքներին ենթարկվելով։

Մի թեթև հիվանդության դեպքում անգամ գանգատվում եք, իսկ երբ հիվանդությունը երկարում է, ձեր համբերությունն էլ ավարտվում է, իսկ ինձ չարաչար չձաղկեցի՞ն, գլուխս փշով չպսակեցի՞ն, ձեռքերս ու ոտքերս խաչին չգամեցի՞ն։ Հիվանդության կամ նեղության դիմաց բարեկամներով եք շրջապատվում, քաջալերություն եք գտնում, ձեր մասին հոգ են տանում, դեղ են հայթայթում, մինչդեռ ես ոչ մի մխիթարող չունեցա, չեղավ մեկը, որ մի բաժակ ջուր տա. փոխանակ մխիթարելու՝ նախատում էին ու ծաղրում, ջրի տեղ լեղի խմացնում։

Ես, որ այսքա՜ն կրեցի ձեր համար, ի՞նչ կլինի, եթե մի քիչ նեղություն կրեք իմ համար։

Եթե իմանայիք, թե ինչե՜ր եմ կրել ձեզ դժոխքից ազատելու համար, կիմանայիք նաև սիրույս աստիճանը, կըմբռնեիք, թե որքա՜ն եմ փափագում գրավել ձեր սրտերը, կհասկանայիք, թե ի՜նչ ասել է դժոխքի կրակում տանջվել, և անհապաղ կորոշեիք այսուհետև ապրել ձեր կյանքը միայն Աստծուն ծառայելու և Նրան սիրելու համար։ Ձեր երջանկության համար՝ տվե՛ք ձեր սիրտը ինձ, սիրեցե՛ք ինձ որպես ձեր Փրկիչն ու միակ Հույսը»։

 

Սիրո՜ւմ եմ Քեզ, ո՜վ իմ Փրկիչ Հիսուս, իսկապես սիրում եմ և կամենում եմ հավիտյան սիրել Քեզ։ Դու իմ նման խեղճի համար այսքա՜ն բան կրեցիր, ինձ փրկելու համար մահացար խաչի վրա. այնպես արա՛, որ ամբողջ սրտովս ու զորությամբս Քեզ սիրեմ և բնավ չդադարեմ Քեզ սիրելուց։

Ո՜վ կրակ, որ վառվում ես Հիսուսի Սրտում, այրի՜ր նաև իմ սիրտը, որպեսզի զգամ քո զորությունն ու քաղցրությունը, զղջամ մեղքերիս համար, որ գործել եմ սիրույդ հակառակ։ Տե՜ր Հիսուս, այնպես արա՛, որ սրանից հետո Քեզնից բացի ուրիշ ոչինչ չսիրեմ, իսկ սիրելիներիս էլ սիրեմ Քո սիրո համար, որպեսզի սրտիս զորությունը վերապահեմ միայն Քեզ, Քեզ հավիտյան սիրելուն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։