23. ՀԻՍՈՒՍԻ ՁԱՂԿՎԵԼԸ – Գրադարան – Mashtoz.org

23. ՀԻՍՈՒՍԻ ՁԱՂԿՎԵԼԸ

Հրեաները Պիղատոսից պահանջում են դատապարտել անմեղ Հիսուսին։ Պիղատոսն առաջարկում է, որ Հիսուսը համեմատության դրվի անօրեն ավազակ Բարաբբայի հետ, վստահ լինելով, որ ժողովուրդը պիտի նախընտրի Հիսուսին ազատել, ով միայն բարիք էր գործել։ Պիղատոսը տեսնելով, որ այդ փորձն էլ է ավելորդ լինում, մտածում է Հիսուսին պատիժ տալ և ապա ազատ արձակել։ Կանչում է հրեաներին և ասում է. «Այս մարդուն իմ մոտ բերեցիք՝ ասելով, թե ժողովրդին ապստամբության է առաջնորդում։ Ձեր առջև քննեցի և որևէ հանցանք չգտա վրան։ Հանցանք չի գտել նաև Հերովդեսը։ Բայց, որպեսզի ձեր ուզածը լինի, նրան կպատժեմ և ազատ կարձակեմ»։

Սոսկալի՜ անիրավություն։ Ճանաչում է Հիսուսի անմեղությունը և, հրեաների կամքը կատարելու համար, ցանկանում է պատժել։ Իսկ Հիսուսը, անմեղ Գառը, մեզ սիրելու համար գերիներին սահմանված պատիժն է հանձն առնում. հանձն է առնում՝ մեր նման ապերախտներին սիրելու համար։

Պիղատողը զինվորների ձեռքն է տալիս Հիսուսին, որպեսզի ծեծեն։ Մտածի՛ր, թե ինչպե՛ս են այդ դահիճները թափվում Հիսուսի վրա, Ով հեզ գառնուկի նման մնում է նրանց մեջ՝ առանց ձայն հանելու։ Աղաղակով ու քաշքշելով Նրան տանում են բակ և կապում են սյանը։

Իսկ ի՞նչ է անում Հիսուսը։ Հեզությամբ ու խոնարհությամբ կանգնում է՝ մեր մեղքերի փոխարեն այդ անարգ պատիժը կրելու համար։

Դահիճները խարազան առած, հազիվ նշանն ընդունելով՝ սկում են չարաչար ծեծել այդ Սուրբ Մարմինը, Որին երկրպագում են Երկնքի հրեշտակները։ Ո՜վ դահիճներ, մի պահ կա՛նգ առեք, սպասե՛ք, որովհետև Նա արժանի չէ հարվածների, Նա հանցավոր չէ, հանցավորը ե՛ս եմ։

Հիսուսի կուսական մարմինը հարվածների տակ արյունոտվում է, մարմինը բացվում է, արյունը առվակի նման հոսում է, բայց դահիճները հարվածելուց չեն դադարում՝ ավելացնելով ցավ ցավի վրա։

Ո՜վ հոգի իմ, կարո՞ղ ես դահիճների նման անզգա մնալ՝ տեսնելով Տիրոջդ և Աստծուդ այդ վիճակում։ Մտածի՛ր Իր ցավերի մասին, տե՛ս Նրա ունեցած սերը, որ այդ ցավերը կրել է տալիս Իրեն։ Հիսուսն այդ պահին մտածում է նախ քո մասին։ Եթե նույնիսկ մի հարվածը քո համար կրած լիներ, ամբողջ կյանքովդ պիտի Իր սիրով վառվեիր։ Բայց իմացի՛ր, որ ո՛չ թե մեկ, այլ՝ անթիվ հարվածներ է ընդունում քո մեղքերի համար, այնքան, որ այլևս մարդու կերպարանք չի մնում վրան։

Մարմինը ծածկվում է վերքերով, և վրան գեղեցկություն չի մնում։ Մարդկանց մեջ դառնում է ամենից տգեղը։ Ինչո՞ւ այսքան նախատինք, ինչո՞ւ այսքան ստորացում։ Միայն մարդկանց մեղքերի համար, նրանց պատիժը կրելու համար։ Եսայի Մարգարեն ասում է. «Նա մեր մեղքերն իր վրա առավ և մեր համար չարչարվեց։ Նա վիրավորվեց մեր մեղքերի համար, և իր վերքերով մենք բժշկվեցինք» (Ես 53, 4-5)։

 

Փա՜ռք Քեզ, Հիսուս, և հազա՜ր շնորհակալություն, որ այս բոլորը մեր համար կրեցիր՝ մեզ հավիտենական տանջանքից ազատելու համար։ Այս որքա՜ն գութ է, որ մեր հանդեպ ունես։ Նզովյալ թող լինի այն հոգին, որ Քեզ չի սիրում (1Կր 16, 22)։

 

Դահիճներն այս կերպ են վարվում Հիսուսի հետ, իսկ Նա ի՞նչ է անում. մի խոսք անգամ չի ասում, մի հառաչանք անգամ չի արձակում, այլ՝ կրածները նվիրում է Հորը, որպեսզի Նա մեր վրայից վերցնի մեր պատիժները և հաշտ աչքով նայի մեզ։ Եսայի Մարգարեն ասում է. «Նա իր վշտերի սաստկությունից ո՛չ իսկ բերանն է բացում. ոչխարի նման՝ իրեն սպանողի դիմաց մնում է անմռունչ կանգնած» (Ես 53, 7)։

 

Բայց ոչխարի միայն բուրդն են խուզում, և բերան չի բացում, իսկ անգութ դահիճները Քո ողջ Մարմինը հոշոտեցին, Տե՜ր Հիսուս, Քեզ արյունլվա թողնելով, և Դու լուռ մնացիր։ Ահա՛ այս պահն է, որին այդքա՜ն փափագում էիր՝ ասելով. «Մկրտություն ունեմ կատարելիք, և որքա՜ն եմ կամենում, որ շուտով կատարվի»։ Մեղքերս սրբելու համար է, որ թափեցիր Արյունդ, և ես կարո՞ղ եմ դեռ տարակուսել իմ հանդեպ ունեցած սիրույդ համար։ Վերքերիցդ յուրաքանչյուրը վկայում է իմ հանդեպ ունեցած սիրույդ մասին, և ինձ ստիպում են, որ սիրեմ Քեզ։ Մի կաթիլ արյունը բավական էր ինձ փրկելու համար, իսկ Դու կամեցար թափել ողջ արյունդ, որպեսզի ես էլ ինքս ինձ ամբողջապես տամ Քեզ։ Ահա՛, Քեզ եմ նվիրում իմ մեղավոր անձը, ո՜վ Հիսուս, օգնի՜ր ինձ, որ կրկին այն ետ չառնեմ և մնամ Քեզ հավատարիմ։ Իմ մեղքերը Քեզ այդ վիճակին հասցրեցին, Տե՜ր Հիսուս. ես մեղանչեցի, իսկ պատիժը Դու կրեցիր։ Ինչպես Դու ինձ սիրեցիր, այնպես էլ սիրելի դարձար ինձ։ Թող որ մարդկությունն ամբողջ, բոլոր մեղավորները Քեզ սիրեն, իսկ ես՝ նրանցից ավելի։

 

Երևակայի՛ր, ո՜վ իմ հոգի, Քրիստոսին՝ վերքերով այլանդակված, Որի վրա մարդկային կերպարանք չի մնացել։ Եսայի Մարգարեն էլ ասում է իր համար, թե այնքա՜ն էր տգեղացել, որ վրան նայել անգամ հնարավոր չէր։

 

Հիսո՜ւս, սիրտս բորբոքվել է Քո սիրով, ցանկանում եմ աղաղակել Քեզ՝ ասելով. «Որքան էլ տգեղ լինես վերքերովդ, այնքան ավելի սիրելի ես դառնում իմ համար։ Վերքերով ծածկված եմ տեսնում Քեզ, դեմքիդ վրա կերպարանք չի մնացել, մարմինդ կապտուկներով է ծածկված, արյունոտված ու թքոտված. այս բոլորով հանդերձ՝ սիրում եմ Քեզ, ո՜վ Հիսուս, որովհետև այդ բոլոր վերքերը, որ Քեզ տգեղացնում են, իմ հանդեպ գթությանդ և սիրույդ նշաններն են։ Սիրում եմ վերքերդ, սիրում եմ Քեզ՝ այդ վերքերով ծածկված. երանի՜ թե ես էլ մարտիրոսների նման սիրույդ համար ծածկվեի վերքերով։ Եթե չեմ կարող դա անել, Քեզ եմ նվիրում գոնե այն ամենը, որ կատարվում է կամքիս հակառակ, Քեզ եմ նվիրում սիրտս, և ցանկանում եմ Քեզ սիրել ամբողջ սրտովս։ Ի՞նչ ունեմ Քեզնից ավելի սիրելի. Դու մտրակի հարվածների տակ Արյունդ հեղեցիր իմ համար, թույլ տվեցիր, որ մարմինդ բզկտելով մտրակեն։ Սիրում եմ Քեզ մինչև մահս, սիրում եմ Քեզ հավիտյանս հավիտենից»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։