24. ՔՐԻՍՏՈՍԻ ՓՇՈՎ ՊՍԱԿՎԵԼԸ – Գրադարան – Mashtoz.org

24. ՔՐԻՍՏՈՍԻ ՓՇՈՎ ՊՍԱԿՎԵԼԸ

Անգութ զինվորները հրեաներից գրգռված՝ Հիսուսին չարչարելուց հետո մերկացնում են Նրան, վրան մի կարմիր լաթ են նետում՝ թագավորական ծիրանիի տեղ, գավազանի տեղ աջ ձեռքին մի եղեգ են տալիս, իսկ իբրև թագ՝ մի փշե պսակ են դնում գլխին։ Խարազանի հարվածների տակ արդեն վիրավոր էր մեր պաշտելի Հիսուսի գլուխը, իսկ փշե պսակը տեղավորելու համար ամենասուրբ գլխի վրա՝ բռնությամբ ներքև են հրում, թքում են երեսին և ձեռքից եղեգն առնելով՝ հարվածում են գլխին։

Ո՜վ ապերախտներ, ինչո՞ւ եք չարչարում ձեզ Ստեղծողին այդ փշե պսակով։ Բայց միայն զինվորները չէ, որ չարչարում են Նրան. ես էլ նրանցից մեկն եմ, իսկ փշերը՝ իմ մեղքերը։

 

Տե՜ր Աստված իմ, Հիսուս Քրիստոս, ընդունում եմ, որ իմ չար մտածություններով ու ցանկություններով ես իմ ձեռքով հյուսեցի քո համար այդ փշե պսակը։ Ատում եմ մեղքը և իմ չարությունները, սոսկում եմ դրանցից։ Հիսո՜ւս, նույն այդ փշերը, որոնք օծվեցին Քո սուրբ արյամբ, մխրճի՜ր սրտիս մեջ, որպեսզի զղջման արցունքով սրբեմ մեղքերս, որոնք Քեզ վշտացնելուս պատճառ եղան։ Տե՜ր Հիսուս, այս ի՞նչ վիճակի մեջ է, որ տեսնում եմ Քեզ, ո՜վ թագավորների Թագավոր, Երկնքի և երկրի Տեր. ինչպե՞ս թույլ տվեցիր, որ Քեզ այդ վիճակին հասցնեն՝ ծաղրի առարկա դառնալով ամբողջ Երուսաղեմի աչքին։ Աղբյուրի նման արյունը հոսում է գլխիցդ ներքև, իսկ բարբարոս զինվորները փոխանակ գթալու՝ շարունակում են նախատել Քեզ, թքելով երեսիդ, հարվածելով գլխիդ, որ օծված է Սուրբ Հոգով։ Ո՜վ Տեր, այս որքա՜ն համբերություն, որքա՜ն հեզություն և մանավանդ որքա՜ն սեր իմ հանդեպ, որ այս ամենը սիրով հանձն ես առնում՝ ինձ մեղքից փրկելու համար։ Հիսո՜ւս, հանուն Քո անսահման համբերության՝ ինձ շնո՜րհ տուր, որ այլևս ապերախտ չլինեմ, այլ՝ ամբողջ սրտովս սիրեմ Քեզ։

 

Այսքան նախատելուց հետո զինվորները ծնկի են գալիս Երկնքի Թագավորի դիմաց և շարունակում են ծաղրել, Նրան կոչում են «Հրեաների թագավոր» և անխնա ապտակում են։ Հիսուսի գլուխը, որ պսակված էր փշով, յուրաքանչյուր ապտակին ի՞նչ ցավ էր զգում։

Ո՜վ իմ հոգի, մտածի՛ր այս ամենի մասին, հոգուդ աչքերով տե՛ս, թե Հիսուսը որքա՜ն է նախատվում, և դրա փոխարեն սրտանց երկրպագիր Նրան, ընդունի՛ր Նրան՝ իբրև քո Տերն ու Աստվածը, շնորհակալ եղիր, որ քո սիրո համար այս աստիճան ստորացավ։

Հնարավո՞ր է արդյոք չսիրել Հիսուսին, որ մեր համար այսքա՜ն նախատվեց և չարչարվեց. հնարավո՞ր է, որ սրանից հետո շարունակես վշտացնել Նրան։ Նրան վիրավորողն ու չարչարողը գլխի մեջ խրված փշերից ավելի՝ մեղքերդ էին, և ամեն անգամ, երբ որևէ մեկը մահացու կերպով մեղանչում է, փշե մի նոր պսակ է դնում Հիսուսի գլխին։ Փախիր ո՛չ միայն մահացու, այլ նաև՝ ներելի մեղքից, որովհետև յուրաքանչյուր մեղք վիշտ է Հիսուսի համար։ Փախի՛ր մեղքի հեռավոր ստվերից անգամ՝ մաքուր կերպով Հիսուսին նվիրվելու համար։

Աստված ամեն բան, որ ստեղծեց, Քրիստոսի համար ստեղծեց, իսկ ով որ Հիսուսի համար չի ցանկանում ապրել, այլ միայն՝ ինքն իր անձի համար, նա դադարում է արարած լինելուց և սկսում է լինել ոչինչ։ Սիրե՛նք, ուրեմն, Քրիստոսին, որքան էլ որ խեղճ լինի մեր սերը. սիրե՛նք մինչև մեր կյանքի վերջին շունչը, սիրե՛նք, որպեսզի շարունակենք սիրել հավիտենականության մեջ։

 

Ո՜վ վերքեր իմ չարչարված Հիսուսի, հրեաները ձեզ անգութ կերպով բացեցին, բայց դուք եղաք իմ ապավենն ու փրկությունը, որովհետև ձեզնով ճաշակում եմ և զգում, թե որքա՜ն քաղցր է իմ Տերը. ձեզնով իմանում եմ, թե Աստված որքա՜ն ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր Իրեն են դիմում և անկեղծ սրտով փափագում են սիրել Իրեն։ Ի՞նչ պիտի լինեի ես, եթե ձեր միջոցով փրկությունը չգտնեի, և այս տխուր աշխարհում ինձ չներշնչեիք քաղցրության աղբյուրը, Քրիստոսի շնորհների ապահովությունը և կատարելության հասնելու ճանապարհը։ Հազա՜ր փառք Քեզ, ո՜վ Հիսուս, որ բարեգութ սրտովդ թույլ տվեցիր, որ մարմնիդ վրա բացվեն այդ վերքերը, որպեսզի դրանց մեջ ապաստանեմ ամեն անգամ, երբ սատանան ցանկանա ինձ խլել։ Փա՜ռք և շնորհակալությո՜ւն Քեզ, Տե՜ր, հավիտյանս, ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։